Անահիտ Բախշյան. Շատերի համար եմ ատելի, որովհետև լռել չեմ կարողանում

Անահիտ Բախշյան. Շատերի համար եմ ատելի, որովհետև լռել չեմ կարողանում

Քաղաքական, հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը անարդարությունների, հունից դուրս գալու, գոռալու ու աղաղակելու մասին:

ընկերներս

Ամենալավ ընկերներս երեխաներս են ու թոռնիկս: Նրա հետ շփվելով՝ ինձ համար բացահայտում եմ այս դարաշրջանի երիտասարդներին: Հետաքրքիր է նրա հետ խոսելը, մտածելակերպին ու աշխարհընկալմանը ծանոթանալը: Մենք իրար ավելի լավն ենք դարձնում: Իմ կյանքի ամենամեծ ընկերս ամուսինս էր: Կյանքի ընկեր, ուսանողական ընկեր, գաղափարների ընկեր, ընկեր՝ բոլոր իմաստներով: Ամուսինս՝ Յուրի Բախշյանը, իմ ընկերն էր, այդպիսի ընկեր կյանքում գտնել շատ դժվար է:

չեմ շփվում

Բոլոր նրանց հետ, որոնց արժեհամակարգն իմ արժեհամակարգի գոնե մեկ կետին հակասում է: Քաղաքական հայացք, դաստիարակություն, աշխարհընկալում. եթե մի կետ դուրս է մնում, վերջ, նա այլևս իմ կողքին չէ: Չեմ կոպտում, չեմ վիրավորում, պարզապես հեռանում եմ:

նվեր

Ես նվերներ չեմ անում ու չեմ սիրում նվեր ստանալ: Չգիտեմ, ինձ համար դա միանգամից կաշառքի հետ է ասոցիացվում: Հենց այնպես նվեր չեն անում, ում էլ ուզում է լինի: Չէ՛, երեխաներիցս նվեր կվերցնեմ, իրենց էլ կառնեմ, բայց ոչ անառիթ: Օրինակ՝ կան տատիկներ, որ թոռնիկի մոտ գնալիս անպայման մի բան տանում են: Ես չեմ ընդունում դա:


ՄՈՆՈԼԳՆԵՐ


վախենում եմ

Ազատության կորստից: Իմ, հարազատներիս ու երկրիս ազատության կորստից: Միայն այդ մտքից արդեն վախենում եմ: Վախենում եմ այն ամենից, ինչը կանխազգալ ու կանխորոշել չեմ կարող: Սիրում եմ ամենը հսկողության տակ պահել: Եթե լինում է մի անսպասելի բան, ես սկսում եմ վախենալ:

կնոջ երջանկություն

Ամեն կին ի սկզբանե կիսատ է: Չգիտեմ՝ տղամարդիկ կիսատ են, թե չէ, բայց կինը հաստատ կիսատ է: Երջանկությունը հենց կեսիդ գտնելն է: Իմ ամուսինը իմ կեսն է եղել: Արդեն 15 տարի է՝ Յուրին չկա, բայց իմ լիությունը դրանից չի խախտվել: Նա չկա ֆիզիկապես, բայց հոգեպես մենք միասին ենք: Ես երջանիկ կին եմ, ես հոգով ամբողջական եմ: Ես իսկապես կարողացել եմ գտնել իմ կեսին: Իսկ երջանկությունը լիանում է այն ժամանակ, երբ զավակդ էլ է ամբողջովին դառնում:

Anahit Bakhshyanդավաճանություն

Երբեք-երբեք չեմ ների դավաճանությունը, չեմ մոռանա, չեմ կարողանա մոռանալ: Երբ մարդ մի բան է ասում ու չի անում: Երբ, խաչի մոտ կանգնած, խոսք ես տալիս լինել կնոջդ կողքին՝ անկախ աղքատությունից, հիվանդությունից, տեր լինել, հետո մի օր էլ դա ժխտում ես, դրանից զզվելի բան գոնե ինձ համար լինել չի կարող: Ուրեմն մի՛ խոստացիր: Եթե խոստումը հնչել է, պետք է անել: Դավաճանությունը սարսափելի բան է:


ինձ ատում են

Շատերի, շատ շատերի համար եմ ատելի: Ու թող ատեն: Ատում են, որովհետև լռել չեմ կարողանում: Անարդարությունն ինձ հունից հանում է: Անարդար մի բան տեսնում եմ, սկսում եմ գոռալ, աղաղակել: Բոլոր հնարավոր հարթակները գործի եմ դնում, որ մարդու երեսին, այսպես ասած, շպրտեմ իր արած քայլը: Կանգնում ու ասում եմ. «Չե՞ս ամաչում»: Իսկ այդպիսի մարդկանց չեն սիրում շատերը: Մարդկանց պարզապես դուր գալու համար չեմ լռելու:

նոր սերունդ

Նոր սերունդը շատ լավն է: Այն երիտասարդը, որ պատի տակ, անգործ կանգնած, ծխում է, այն, որ սովորում է ամենաթանկ բուհում, այն, որ գյուղում կով է արածեցնում… Բոլորն էլ լավն են: Նոր սերունդը շատ ազատ է: Սահմաններ ու սահմանափակումներ չունի: Մեզ այդպիսի երիտասարդներ պետք են: Խոստովանում եմ՝ լինելով մանկավարժ՝ դժվար եմ սովորել նոր սերնդի հետ աշխատելը: Նրանք ինձ ամեն օր ու ժամ ուղղակի գժվեցնում էին: Հետո ժամանակի հետ հենց իրենք ինձ ցույց տվեցին իրենց հետ շփվելու ձևը: Եթե բանալին ունես, եթե կարողանում ես նրանց հասկանալ, կպարզվի, որ անխտիր բոլորը շատ լավն են: 

Գրել կարծիք