Գաղտնալսում. Ինչպե՞ս «Apple»-ի քարտեզներում հայտնվեց Ստեփանակերտը

December 15, 2015

«Apple»-ը տհաճ անակնկալ է արել ադրբեջանցի խնձորասերներին: Խնձորային ընկերության «OS X Մավերիսկս» օպերացիոն համակարգի թարմացումից հետո քարտեզներում հայտնվել է Ստեփանակերտ անվանումը: Երկար ժամանակ «Apple»-ի քարտեզներում Արցախը համարվում էր Ադրբեջանի շրջան: «Apple»-ը նաև Արցախի բոլոր տեղամասերի անվանումները գրել է հայերեն: Ադրբեջանցիները խնձորային բրենդին արդեն հասցրել են նամակ գրել ու հայտնել իրենց դժգոհությունը: Նրանք պահանջում են Ստեփանակերտը վերանվանել Խանքենդի:
«Google» ընկերությունն էլ ներկայացրել է «Nexus 5» սմարթֆոնը և քաղցր «Android 4.4 KitKat» օպերացիոն համակարգը: «Google Nexus 5»-ն ունի 4,95-դյույմանոց էկրան, քառամիջուկ պրոցեսոր, 2 գբ օպերատիվ հիշողություն: Սմարթֆոնն ունի 8-մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ՝ օպտիկական կայունացման համակարգով: Սարքն իր նախորդ սերնդակցից 9 գրամ թեթև է: «Google»-ի այս սմարթֆոնը բացառիկ է, սակայն ոչ թե քաշով կամ այլ պարամետրով, այլ օպերացիոն համակարգով: Սմարթֆոնն աշխատում է «Android 4.4 KitKat» վերջին սերնդի համակարգով: «KitKat»-ի առավելություններից մեկն այն է, որ համակարգն օպտիմիզացվել է ավելի թույլ սարքերով աշխատելու համար։ «Android 4.4»-ը կլինի ավելի թեթև, քան «Jelly Bean» ընտանիքը, կպահանջի ավելի թույլ պրոցեսորներ և ավելի փոքր օպերատիվ հիշողություն:
Այս ամիս վիրտուալ աշխարհը նորից վրդովվեց լուրից, որը հայտնեց «The Washington Post»-ը: Ցանցային գաղտնալսումները շարունակվում են: Չնայած հստակ երաշխիք չէր էլ եղել, որ օգտատերերը ենթադրեին, թե չեն գաղտնալսվում: Պարբերականը հայտնել է, որ ամերիկյան անվտանգության գործակալությունը ներխուժել է համաշխարհային սարդոստայն, տեղեկություններ է հավաքել «Yahoo»-ի և «Google»-ի տվյալների բազաներից: Ազգային անվտանգության գործակալությունը, իհարկե, հերքել է:






Գաղտնալսումների մասին համաշխարհային աղմուկն այս ամիս հասավ նաև Հայաստան: Համացանցում լուր տարածվեց, որ ոստիկանությունը գաղտնալսման համար սարքավորումներ է ներկրել: Ոստիկանությունը հերքեց լուրը: Կիբերփորձագետ Գրիգոր Սաղյանը վստահեցնում է, որ սնոուդենյան բացահայտումներ չկան: Իսկ այն, ինչ անում է ոստիկանությունը, անհրաժեշտություն է հենց օգտատերերի անվտանգության համար: Գաղտնալսումներ լինում են միայն բացառիկ դեպքերում, երբ վտանգը հիմնավորված է:
Հարավային Կորեայում էլ այս ամիս բացվեց աշխարհում առաջին՝ ֆիզիկական տարածության մեջ գործող վիրտուալ խանութը: Խանութում ապրանք չկա, կան միայն հսկայական սյուներ և վահանակներ, որոնց ամրացված են ապրանքների պատկերները, դրանց անվանումները, գները, յուրաքանչյուրի QR կոդը: Գնումներ անելու համար գնորդը պետք է հատուկ հավելված ներբեռնի իր սմարթֆոն, գրանցի տան հասցեն, լոգինն ու գաղտնաբառը, որից հետո արդեն կարող է գնել: Պետք է ակտիվացնել հավելվածը և սքանավորել դուր եկած ապրանքների QR կոդերը: Գնումներից հետո պետք է սեղմել առաքման կոճակը: