[Մոնոլոգ] Արամ Մխիթարյան. մեր մեջ նստած է «Հարևանի հարսը ավելի սիրուն է» գաղափարը

October 8, 2018


ճակատագիր




Ամեն մարդ ինքն է կերտում իր ճակատագիրը, թեև համոզված եմ, որ ճակատագիր չկա:  Ավելի հեշտ է ապրելը, երբ գիտես, որ ճակատագիր կա, կան տարբերակներ, որոնք ինչ-որ մեկը նախագծել է քո փոխարեն: Պատճառն այն է, որ այն պատասխանատվությունը, որ պետք է կրենք մեր կյանքի համար` մեր ուսերից դնում ենք մեկ ուրիշի ուսերին, և ասում ենք` ճակատագիր է, մենք ոչնչի հետ կապ չունենք: Բոլոր հավատալիքները ստեղծվել են կյանքը հեշտացնելու համար: Մենք որոշակի պատահականությունների շարունակությունն ենք: Մենք միշտ փորձում ենք կյանքում իմաստ գտնել, որովհետև առանց իմաստի ապրելը շատ բարդ է: Այդ իմաստը հիմնականում ոչ ոք չի կարողանում գտնել: Մենք իմաստը փոխում ենք մեր երկարաժամկետ կամ կարճաժամկետ պլաններով: Ամենավատ բաներից մեկն այն է, որ հենց հասնում ենք մեր նպատակին, մեր հոգում դատարկություն է տիրում:




Ամենավատ բաներից մեկն այն է, որ հենց հասնում ենք մեր նպատակին, մեր հոգում դատարկություն է տիրում: 




Երկարաժամկետ պլաններ էլ գծել պետք չէ: Մարդ պետք է ապրի այսօրվա օրով և փորձի հնարավորին չափ շատ բան քաղի իր կյանքից: Ցավոք հայ հասարակությունը այդպիսին չէ և չի կարողանում ապրել այսօրվա կյանքով: Մեր սեփական կյանքի բեռը կրելուց բացի կրում ենք նաև մեր ընտանիքի, բարեկամների, հասարակական կարծիքի բեռը, որը թույլ չի տալիս ապրել ազատ, այսօրվա օրով:




կարևոր քայլեր




Մենք ենք որոշում՝ երբ, ինչ անել: Լիովին ճիշտ քայլեր էլ գոյություն չունեն: Հասարակական կարծիքը հաճախ մեզ ստիպում է անել բաներ, որոնք գուցե նույնիսկ դժբախտացնեն մեզ: Մարդ պետք է կյանքը այնպես ապրի, որ մահանալիս չմտածի, որ կային քայլեր, որ չի արել այն, ինչ պետք է արած լիներ: Իհարկե, չպետք է լինի ամենաթողություն: Պետք է մեր քայլերով չվնասենք մեր դիմացինին:




ներողություն




Մեր ուղեղը, որը և′ մեր ընկերն է, և′ մեր թշնամին, միշտ փորձում է անել այնպես, որ ցանկացած հարցում մեղավորը դիմացինը լինի, եթե նունիսկ մենք ենք մեղավոր: Պաշտպանական ռեակցիա է: Բայց պետք է սովորել ներողություն խնդրել: Պետք է կարողանալ հետքայլ անել, իրավիճակին նայել կողքից և հասկանալ` դիմացինը թա՞նկ է իր համար, ուզո՞ւմ է, որ այդ մարդը լինի իր կյանքում:




Պետք է կարողանալ հետքայլ անել, իրավիճակին նայել կողքից և հասկանալ` դիմացինը թա՞նկ է իր համար, ուզո՞ւմ է, որ այդ մարդը լինի իր կյանքում:




Պետք է կարողանալ ընդունել սեփական սխալները, պետք է փորձել հասկանալ՝ ինչո՜ւ է դիմացինը արել այդ քայլը. չէ՞ որ առանց դրդապատճառի ոչինչ չի լինում: Պետք է կարողանաս ներողություն խնդրել, նույնիսկ, եթե մեղավոր չես: Ճիշտ է, կան քայլեր, որ չի կարելի ներել, բայց քիչ են լինում աններելի դեպքեր: Ներողություն խնդրել պետք է սովորեցնել փոքր տարիքից:








Կարդացեք նաև. 











բիզնես-լեդի




Կարծրատիպ կա, որ բիզնես-լեդին պետք է լինի ակնոցով, ձիգ կիսաշրջազգեստով: Սակայն իրականում նա պետք է ունենա ինքնուրույնության մեծ աստիճան, հմտություններ, ուժ և հմայք: Բիզնես-լեդիի համար շատ բարդ է Հայաստանում, քանի որ հասարակությունը դեռ պատրիարխալ է, և տղամարդիկ այնքան էլ լուրջ չեն ընդունում կանանց: Բայց եթե ավելի լուրջ մտածեն, կտեսնեն՝ ինչ է կատարվում իրականում: Եվ կվախենան, որովհետև կանայք վերջին դարի ընթացքում ստացել են հավասար իրավունքներ, որը առաջացրել է շատ մեծ խնդիրներ, որոնք տղամարդիկ դեռ պատրաստ չեն ընդունել և հասկանալ:




Վերջին դարի ընթացքում ստացել են հավասար իրավունքներ, որը առաջացրել է շատ մեծ խնդիրներ, որոնք տղամարդիկ դեռ պատրաստ չեն ընդունել և հասկանալ:




Բիզնես-լեդին Հայաստանում շատ խնդիրներ ունի: Համարենք, որ կինը ընտանիք է կազմել: Առավոտյան երկուսով գնում են աշխատանքի, երեկոյան գալիս են տուն: Հայ ամուսինը պահանջելու է, որ տունը լինի մաքուր, հագուստները` մաքուր, արդուկած, երեխաները ձայն չհանեն, իսկ ինքը նստի հեռուստացույցի առջև և նայի իր ֆուտբոլը: Մինչդեռ կինը պետք է եփի-թափի, գիշերներն էլ` անկողնում հրաշքներ գործի: Սա որոշակի ժամանակ հետո խնդիրներ է առաջացնում: Նախկինում, երբ կինն ասում էր`«Ինչո՜ւ պետք է այդ ամենն անեմ, իսկ դու ոչինչ չանես», տղամարդը պատասխանում էր. «Դե` ես գնում եմ մամոնտ խփելու, ծանր գործ ա»: Հիմա այդպես չէ: Մաքրուհին լուծում է խնդիրների 20%-ը, իսկ տղամարդը չի սիրում, որ իր երեխաներին ուրիշ կին է մեծացնում, ճաշը իր սիրած կինը չի մատուցում: Կարևոր է, որ տղամարդը կարողանա իր վրա վերցնել խնդիրների մի մասը: Նոր սերնդի մեջ պետք է այդ հատկանիշը դաստիարակել: Բիզնես-լեդինեը շատանում են և կարևոր է, որ նրանք իրենց աշխատանքով, գիտելիքով են հասնում այդ աստիճանին:




Հայաստանից դուրս




Մեր մեջ նստած է «Հարևանի հարսը ավելի սիրուն է» գաղափարը: Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր թողնում են մեր երկիրը և ապրելու են գնում ուրիշ երկիր՝ երբեք այնտեղ ապրած չլինելով: Հայաստանը շատ դրական կողմեր ունի` ջուրը, սնունդը, արևային 300 օրը, մեղմ եղանակը. մենք երկրաշարժից բացի ուրիշ խնդիրներ չունենք, համամատաբար անվտանգ ենք: Խնդիրների առաջացման դեպքում դրսում դուք միշտ մենակ եք, իսկ Հայաստանում  «շրջապատ»-ը օգնում է լուծել ցանկացած խնդիր: Եթե հասարակությունը զարգացած լինի, իշխանությունում էլ կլինեն զարգացած մարդիկ: Մեր երկրում ամենամեծ խնդիրը մարդկանց ոչ ինքնուրույնությունն է: Մենք պետք է թողնենք, որ մեր երեխաները լինեն ինքնուրույն, այսինքն 18 տարեկանից հետո աշխատեն, որոշումներ կայացնեն:




Ինտերնետ




Ինտերնետը ստեղծվել է կրթական և տեղեկատվական խնդիրներ լուծելու համար, բայց, ցավոք, մարդիկ, ինչպես միշտ, օգտագործում են հիմար բաների վրա: Հաճախ չեմ ուզում սմարթֆոն ունենալ: Ես կողմնակից եմ մարդկանաց շփմանը, բայց նաև հասկանում եմ, թե այսօր ինչքան լավ բաներ է տալիս ինտերներտը (շփումը, տեղեկացումը, սահմանների վերացումը), բայց բերում է այլ մեծ խնդրի՝  տեղեկությունների գերհագեցման, տվյալների ճշտման անհրաժեշտության: Սոցցանցերն էլ հոգեբանական խնդիրներ են առաջացնում: Օրինակ` ինստագրամում որևէ գեղեցիկ նկար տեսնելով մարդիկ մտածում են, որ իրենց կյանքը վատն է, չնայած իրենք էլ են այդպես անում՝ նկարում են միայն համով և գեղեցիկ ուտելիքները, նկարվում են 100 անգամ և ընտրում ամենագեղեցիկը: Բայց երբ տեսնում են ուրիշինը` իրենց թվում է, թե միայն այդ ուրի′շն է լավ բաներ ուտում, միայն ուրի′շն է լավ տեղեր գնում: Սա հանգեցնում է նրան, որ իրենք իրենց կյանքից հաճույք չեն ստանում: Մենք չենք կարող գոյություն ունենալ առանց ինետրնետի: Թեև լավ բաներն, անշուշտ, ավելի շատ են:




Հեղինակ՝ Ալլա Դավթյան