Ջունգլիների արքան կամ մեր օրերի Ռեմբոն. Ով է Արսեն Ոսկանյանը, որին փնտրում են ռուս իրավապահները և կոլումբացի ապստամբները

April 28, 2017

42-ամյա Արսեն Ոսկանյանի արկածները սկսվեցին 2016-ի նոյեմբերին: Նա Մոսկվայում տաքսու վարորդ էր աշխատում, երբ որոշեց թունավոր գորտեր արտահանել ու մեկնեց Կոլումբիա:
Դեղնագույն գորտերը էնդեմիկ են, նրանց հնարավոր է գտնել միայն Կոլումբիայի Չոկո նահանգում: Նրանցից յուրաքանչյուրի գինը սև շուկայում 1500 եվրո է:
Արսեն Ոսկանյանը, հասնելով Կոլումբիա, անմիջապես մեկնում է ջունգլիներ: Բայց երկրի այս հատվածը գտնվում է Կոլումբիայի «Ազգային ազատագրական բանակ» ապստամբական խմբավորման հսկողության տակ: Այստեղ գոյություն չունեն ենթակառուցվածքներ, չկան ճանապարհներ ու ապրելու համար տարրական պայմաններ; Ամբողջ անտառը լցված է սարսափելի կենդանիներով, այդ թվում՝ թունավոր օձերով: Նույնիսկ տեղացիներն են խուսափում մտնել անտառ, բայց Արսենին դա չի կանգնեցնում:

Ռուսաստանի, ըստ որոշ տվյալների՝ նաև Հայաստանի քաղաքացուն ապստամբները գերեվարում են: Սկսվում են բանակցություններ Կոլումբիայի իշխանության հետ: 6 ամիս բանակցելուց հետո ի վերջո ձեռք է բերվում Արսենին ազատ արձակելու համաձայնություն: Եվ այստեղ սկսվում է մարտաֆիլմը:
Ազատ արձակումից առաջ Արսեն Ոսկանյանը խլում է իրեն հսկող ապստամբներից մեկի զենքը, կրակ բացում, վիրավորում 5 զինյալի: Փոխհրաձգությունից ինքն էլ է վիրավորվում ու փախչում ջունգլիներ:
Ապստամբներն ու Կոլումբիայի իշխանությունը, Կարմի Խաչը, Ռուսաստանի դիվանագետներն ու տեղի բնակիչներն այժմ միասին փնտրում են Արսեն Ոսկանյանին: Նրան չեն գտնում արդեն 9 օր:
Կոլումբիայի ու Ռուսաստանի հեռուստաալիքները Արսենին անվանում են Ջունգլիների արքա, մերօրյա Ռեմբո: Կոլումբիայում լրատվամիջոցներն ամեն օր ներկայացնում են որոնողական աշխատանքների ընթացքը: Արսենին գտնել դեռ չի հաջողվում: