Որտե՞ղ, ո՞ր պահին սխալվեցինք և ինչո՞ւ ենք անում նույն սխալները. Հատվածներ «Խաղաղության հայկական գինը» գրքից

September 22, 2023

«Խաղաղության հայկական գինը» աշխատության հեղինակ Նաիրա Սահակյանը հետազոտական մեծ նյութի ընթացքում ներկայացրել է՝ ինքնորոշման իրավունքի մասին հայերի պատկերացումները 100 տարի առաջ և հիմա. ի՞նչ է փոխվել։ Հայ միտքը 100 տարի առաջ ներշնչված էր եվրոպական արժեքներով։ Առաջ սոցիալիզմն էր, այժմ՝ ժողովրդավարությունը։ 100 տարի առաջ էլ, այսօր էլ գլխավոր հարցը մնում է նույնը՝ ի՞նչ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ։ Գրքից առանձնացրել ենք մտքեր ու հատվածներ, որոնք արդիական են մերօրերում։

Խաղաղության հայկական գինը ...Ամերիկահայ պատմաբան Ռոնալդ Սյունին, խոսելով հայերի և ազգայնականության մասին, նշում է, որ հայկական ազգային ինքնությունը , որը նախ հենվում էր հայկական քրիստոնեության վրա, զարգանում է որպես ժամանակակից ազգային ինքնություն: Հայերն իրենց պատմության ընթացքում նույնը չեն եղել. հայերն այն հանրույթն են, ովքեր ունեն հայ լինելու գիտակցություն:  

Հայ լինելը, մի կողմից, տվյալ սերնդի անցյալի մի մասը հիշելն ու դրա վրա հենվելու մղումն է, մյուս կողմից՝ այդ նույն անցյալի որոշակի մաս մոռանալու ու անտեսելու ձգտումը: Այսինքն, ըստ նետված մարտահրավերի, հայերը վերաիմաստավորում են իրենց անցյալն ու հետևաբար ազգային ինքնության բաղադրիչները: Այդ փոխակերպման մի ակտիվ շրջան էր 20-րդ դարի սկիզբը: 

...Հայության շրջանում հայրենիքի ընկալման ու ազգակերտման հարցերի վերաբերյալ հետազոտությունները նոր մոտեցումներ են առաջարկել: Իր ««Տուն» «տնից» հեռու, Օսմանյան հայ փախստականներն ու Սովետական Հայաստանին պատկանելու սահմանները» հոդվածում Ամստերդամի համալսարանի պատմաբան Այշենուր Քորքմազը ցույց է տալիս, թե ինչպես է ցեղասպանությունից փրկված և Խորհրդային Հայաստանում տուն գտած հայերի շրջանում ձևավորվել «էրգիր» տարածական մտապատկերը, որն ուրվագծում էր խորհրդանշական «հայկական հայրենիքը»: Թեպետ նրանք տուն են ստեղծում Խորհրդային Հայաստանում, սակայն շարունակվում է նրանց զգայական կապվածությունն իրենց անէացած «տան» հետ, որն այժմ ամփոփվում էր «էրգիր» եզրում:  

Պատմությունը նույն սխալները չկրկնելու համար է: Հայ մտավորականները 100 տարի առաջ ուսյալ էին, քաղաքական խնդիրներին՝ քաջատեղյակ: Նրանք հասկանում էին բոլոր ռիսկերը, սեփական կարողությունները և կայսրությունների միջև խուսանավելու անհրաժեշտությունը: Եվ նրանք, 100 տարի առաջ էլ , ինչպես այսօր, պետք է որոշեին, թե ինչ է պետք անել «ինքնորոշման իրավունքի» հետ: Ինչպես այսօր, նրանք էլ 100 տարի առաջ հստակ գիտակցում էին հնարավոր վտանգավոր զարգացումները:  

Բայց առաջին հանրապետությունը գոյատևեց ընդամենը 2 տարի, Հայաստանը զրկվեց Արցախից ու Նախիջևանից: Հայաշատ այդ շրջանների ճակատագրերը վճռեցին՝ առաց հայերին հարցնելու: 1920-ին Հայստանը կորցրեց ինքնիշխանությունը: 100 տարի անց՝ 2020-ին, Հայաստանը պարտվեց գոյաբանական՝ կենսական նշանակության ունեցած պատերազնում: 1923-ին Լեռնային Ղարաբաղն անցավ Ադրբեջանի տիրապետության տակ: Ի՞նչ կլինի 2023-ին: Այս գրքի և վերջին 100 տարվա գլխավոր հարցը նույնն է. որտե՞ղ, ո՞ր պահին սխալվեցինք և ինչո՞ւ ենք անում նույն սխալները:

Կարդացեք նաև