[Շարունակությունը՝ գրքում] Արթուր Միլլեր. «Սալեմի դատավարությունը»

October 21, 2018

Խոսք՝ դրամայի պատմական հավաստիության վերաբերյալ
Այս պիեսը պատմաբանական առումով հավաստի չէ։ Դրամատուրգիական նպատակները հաճախ պարտադրել են մի քանի կերպարներ խտացնել մեկ անձի մեջ, «դատարանում ճչացող» աղջիկների խումբը ավելի փոքրաթիվ է, Աբիգեյլի տարիքը իրականից ավելի բարձր է։ Մինչդեռ եղել են մի շարք դատավորներ՝ բոլորը հավասար լիազորությամբ, ես նրանց մարմնավորել եմ ընդամենը Հեթհորնի և Դենֆորթի կերպարներում։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ընթերցողը կկարողանա կարծիք կազմել մարդկային պատմության ամենատարօրինակ և սարսափելի դրվագներից մեկի մասին։ Յուրաքանչյուր կերպար ունի իր համապատասխան պատմական բնօրինակը, և պիեսի մեջ չկա ոչ մի կերպար, որը չունի նույնանման, իսկ որոշ դեպքերում՝ ճիշտ համապատասխան պատմական կերպարը։
Ինչ վերաբերում է կերպարների խառնվածքներին, շատ քիչ տեղեկություն է պահպանվել նրանց մասին՝ բացառությամբ այն ամենի, ինչ հնարավոր էր ենթադրել որոշ նամակներից, դատավարության արձանագրությունից, լուսանցքներում ժամանակին արված որոշ նշումներից, նրանց վարքագծի մասին հղումներից, զանազան, ոչ միշտ հավաստի աղբյուրներից։ Այդ պատճառով նրանց պետք է համարել իմ իսկ կերտած կերպարները, որոնց մեծագույն ջանքերով փորձել եմ նմանեցնել իրական դեմքերին՝ ըստ իրենց մասին պահպանված տեղեկությունների՝ բացառությամբ տեքստում տրված իմ անձնական մեկնաբանությունների։



ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ (ՆԱԽԵՐԳԱՆՔ)
Վերնահարկի մի փոքրիկ ննջարան ՀԱՅՐ ՍԱՄՈՒԵԼ ՓԱՐԻՍԻ տանը` Մասաչուսեթս նահանգի Սալեմ քաղաքում 1692 թվականի գարնանը։
Ձախ կողմում մի նեղլիկ պատուհան կա։ Պատուհանի կապարե շրջանակներից առավոտվա արևի լույսը ներս է թափանցում։ Անկողնու աջ կողմում դեռ մոմ է վառվում։ Կահույքը բաղկացած է մեկ սնդուկից, մեկ աթոռից և մի փոքրիկ սեղանից։ Խորքի դուռը բացվում է առաջին հարկի աստիճանների վրա։ Սենյակը կոկիկ և մաքուր տպավորություն է թողնում։ Տանիքի գերանները բաց են, և փայտի գույնը բնական է և անմշակ։
Երբ վարագույրը բարձրանում է, ՀԱՅՐ ՓԱՐԻՍԸ, անկողնու մոտ ծնկի իջած, հավանաբար աղոթում է։ Նրա դուստրը՝ տասը տարեկան ԲԵԹԻ ՓԱՐԻՍԸ, անշարժ պառկած է անկողնում։
Այս դեպքերի ժամանակ ՓԱՐԻՍԸ քառասունն անց էր։ Պատմության մեջ նա հիշված է որպես չարագործ, և իր հասցեին շատ քիչ դրական խոսք է ասվել։ Նրան թվում էր, որ բոլորն իրեն ամենուրեք հետապնդում էին, հակառակ իր՝ Աստծուն և մարդկանց իր կողմը գրավելու մեծագույն ջանքերի ։ Նրան թվում էր, որ արհամարհված էր, եթե մեկը վեր էր կենում և առանց իր թույլտվության դուռը փակում։ Նա այրի էր, և սեր չուներ երեխաների հանդեպ, ոչ էլ նրանց հետ վարվելաձև ուներ։ Նա երեխաներին համարում էր փոքր չափահասներ, և մինչ այս տարօրինակ ճգնաժամը նա, ինչպես և ողջ Սալեմը, երբեք չգիտակցեց, որ երեխաները կաղապարների մեջ էին դրված, և նրա համոզմամբ պետք է երախտապարտ լինեին, որ իրենց իրավունք էր տրված աչքերը փոքր–ինչ գետնին հառած առաջ քայլել, ձեռքերը կողքերից կախված և բերանները փակ, մինչև նրանց կթույլատրվեր խոսել։
Նրա տունը «քաղաքի» կենտրոնում էր, բայց այսօր մենք այն հազիվ գյուղ անվանեինք։ Հանդիպումների սրահը մոտիկ էր, այնտեղից մինչև ծովածոց կամ դեպի ցամաք՝ մի քանի անշուք, փոքր պատուհաններով տներ կային՝ սեղմված Մասաչուսեթսի դաժան ձմռան մեջ։ Սալեմը հազիվ թե քառասուն տարի առաջ էր հաստատվել։ Եվրոպացիների համար ողջ շրջանը մի վայրենանոց էր՝ բնակեցված մի մոլեռանդ աղանդով, ովքեր, այնուհանդերձ, արտահանում էին ապրանքներ, որոնց քանակն ու արժեքը շարունակում էին աճել և բարելավվել։
Ոչ ոք չգիտեր, թե ինչպիսին էր նրանց կյանքը։ Նրանք չունեին գրողներ, և չէին էլ թույլատրի, որ որևէ մեկը գիրք կարդար, եթե գիրք գտնվեր։ Նրանց հավատքը արգելում էր ամեն ինչ, որ կարող էր նմանվել թատրոնի կամ «թեթևամիտ հաճույքի»։ Նրանք Սուրբ Ծնունդը չէին տոնում, և ազատ օրը աշխատանքային օրից տարբերվում էր լոկ նրանով, որ հարկավոր էր ավելի երկար աղոթել։
Թեև սա չի նշանակում, որ ոչինչ չէր կատարվում իրենց խիստ և մռայլ կյանքում։ Երբ նոր ֆերմա էր կառուցվում, բարեկամները հավաքվում էին «տանիքը շնորհավորելու», և հատուկ ճաշատեսակներ էին պատրաստվում, և հավանաբար բավական թունդ խմիչք էր մատուցվում։ Սալեմում միշտ կար թափթփուկների մեծ հավաքածու, ովքեր զվարճանում էին Բրիդջիտ Բիշոփի գինետանը։ Հավանաբար կրոնից առավել չարքաշ աշխատանքն էր նրանց սթափեցնում, քանի որ մարդիկ ստիպված էին հերոսաբար պաշտպանել իրենց հողը, ցորենի յուրաքանչյուր հատիկը, ուստի ոչ ոք շատ ժամանակ չուներ պարապ մնալու։
Բայց անկասկած կային մի քանի տխմարներ, քանի որ ստեղծվել էր երկու մարդուց բաղկացած մի պահակախումբ, որի պարտականությունն էր «աղոթքի ժամերին քայլել և հայտնել, թե ով չէր ենթարկվում հրամաններին և օրենքին, կամ թե ով էր տանը պառկած՝ փոխանակ դաշտում աշխատելու. այդ անձանց անունները գրանցում էին և տրվում դատավորներին, և նրանց համապատասխան պատիժ էր նշանակվում»։ Սալեմի բնակիչների մեջ ուրիշների գործերին միջամտելը համարվում էր պատվաբեր զբաղմունք, և դա վստահաբար տեղիք տվեց այն բազմաթիվ կասկածանքներին, որոնք նպաստեցին հետագա մոլագարությանը։ Եվ այդ էր պատճառներից մեկը, ըստ իս, որ ՋՈՆ ՓՐՈՔԹՈՐԸ ըմբոստացավ, քանզի զինված ջոկատների ժամանակներն անցել էին, և քանի որ երկիրը մեծ մասամբ, բայց ոչ ամբողջովին անվտանգ էր, հնաոճ կարգ ու կանոնը կարծես այլևս անհրաժեշտ չէր։ Բայց, ինչպես բոլոր նման դեպքերում, իրավիճակը անորոշ էր, և վտանգը դեռ առկա էր, իսկ ամենահզոր պաշտպանությունը առ այսօր միասնության մեջ է։


Կարդացեք նաև.



Ամայության սահմանները մոտ էին գյուղին։ Ամերիկյան ցամաքը անվերջանալիորեն տարածվում էր դեպի արևմուտք և լի էր գաղտնիքներով։ Այդ տարածությունը փռված էր իրենց թիկունքից այն կողմ՝ մութ և ահաբեկիչ, գիշեր–ցերեկ, իսկ հնդիկ ցեղերը ժամանակ առ ժամանակ հարձակվում էին։ ՀԱՅՐ ՓԱՐԻՍԸ ուներ ծխի անդամներ, որոնց հարազատները զոհվել էին այդ հեթանոսների ձեռքից։
Այս մարդկանց կղերական գոռոզությունն էր մասամբ պատճառը, որ նրանք չձուլվեցին կարմրամորթ հնդիկների հետ։ Հավանաբար նրանք նախընտրում էին հողեր զավթել այդ հեթանոսներից, քան իրենց դրակից քրիստոնյաներից։ Ամեն դեպքում շատ քիչ թվով կարմրամորթներ կրոնափոխ եղան, և սալեմցիները հավատում էին, որ ամայի անտառը սատանայի վերջին թաքստոցն էր, նրա տունը և վերջին միջնաբերդը։ Ըստ նրանց՝ ամերիկյան անտառը երկրագնդի վերջին տարածքն էր, որտեղ Աստծուն չէին երկրպագում:
Վերոհիշյալ, ինչպես նաև մի շարք ուրիշ պատճառներով նրանք շարունակում էին այդ բնազդային դիմադրությունը՝ հաշտվելով բոլոր հալածանքների հետ։ Նրանց հայրերը, իհարկե, հալածվել էին Անգլիայում։ Ուրեմն այժմ իրենց հերթին նրանք և իրենց եկեղեցին հարկ էին համարում ժխտել որևէ ուրիշ աղանդի գոյությունը, որպեսզի հանկարծ իրենց Նոր Երուսաղեմը չպղծվի և չանարգվի սխալ ուղղություններով և խաբուսիկ գաղափարներով։
Կարճ ասած՝ նրանք հավատում էին, որ իրենց հաստատուն ձեռքերի մեջ բռնել էին մի ճրագ, որը պիտի աշխարհը լուսավորեր։ Մենք ժառանգել ենք այս հավատը, և դա մեզ և՛ օգնել է, և՛ խանգարել։ Այն մեզ օգնեց ձեռք բերելու պատասխանատվության զգացում։ Ընդհանուր առմամբ նրանք ազգին նվիրված մարդիկ էին, և այդպիսին էլ պետք է լինեին՝ իրենց ընտրած կամ ժառանգված կյանքը այս երկրում վերստեղծելու համար։
Նրանց հավատի կարևորությունը կարելի է ըմբռնել մի բոլորովին այլ միջադեպի օգնությամբ, որը տեղի ունեցավ շատ ավելի հարավում՝ Վիրջինիա նահանգում, Ջեյմսթաունի առաջին գաղութաբնակեցման ժամանակ ։ Անգլիացիները, ովքեր այնտեղ հասան, ձգտում էին միայն ամեն գնով հարստանալ ։ Նրանք որոշել էին թալանել իրենց նոր հայրենիքի բարիքները և հետո հարստացած՝ Անգլիա վերադառնալ։ Նրանք անհատապաշտների մի ոհմակ էին և շատ ավելի եռանդուն, քան Մասաչուսեթսի մարդիկ։ Սակայն Վիրջինիան նրանց կործանեց։ Երբ Մասաչուսեթսը փորձեց պուրիտաններին ջախջախել, ի սկզբանե նրանք միավորվեցին, միասնական հասարակարգ հիմնեցին, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ մի պարզ զինված ջոկատ՝ բռնակալական և չափազանց նվիրված ղեկավարությամբ։ Բայց ըստ էության, այնուամենայնիվ, դա բռնապետություն էր, քանի որ նրանք վերից վար միավորված էին համախմբող գաղափարախոսությամբ, և այդ բռնապետության հարատևումը պատճառն էր, ինչպես նաև արդարացումը իրենց բոլոր տանջանքների։ Այնպես որ նրանց ինքնազոհությունը, նպատակասլացությունը, բոլոր ավելորդ գործունեությունների հանդեպ նրանց թերահավատությունը, նրանց դաժանաբարո արդարադատությունը միասնաբար վերցրած կատարյալ գործիքներ էին՝ այս թշնամական հողերին տիրանալու համար։

zangak


Թարգմանությունը՝ Հասմիկ Սեյմորի





Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում