[Շարունակությունը՝ գրքում] Սալման Ռուշդի. «Կեսգիշերի զավակները»

[Շարունակությունը՝ գրքում] Սալման Ռուշդի. «Կեսգիշերի զավակները»

Սալման Ռուշդիի «Կեսգիշերի զավակները» վեպի հայերեն տարբերակը հրատարակման փուլում է: newmag-ը ներկայացնում է գրքից հատված:

Ծնվել եմ Բոմբեյ քաղաքում… Ժուկով–ժամանակով։ Չէ՛, չեղա՛վ, ամսաթ­վից խուսափել չի՛ լինի։ Ծնվել եմ բժիշկ Նարլիկարի ծննդատանը 1947 թվա­կանի օգոստոսի 15–ին։ Ժա՞մը։ Դա էլ է կարևոր։ Այդ դեպքում՝ գիշերը։ Չե­ղավ, կարևոր է ավելի… Իրականում՝ կեսգիշերին մոտ։ Երբ լույս աշխարհ եկա, ժամացույցի սլաքները ծափ տվեցին՝ հարգալից ողջունելով ինձ։ Օ՜, ավելի ստույգ, ավելի պարզ ասած՝ այս աշխարհ ոտք դրեցի ճիշտ այն պա­հին, երբ Հնդկաստանն անկախություն ձեռք բերեց։ Մարդիկ շունչները պա­հել էին։ Դրսում՝ պատուհանից այն կողմ, հրավառություն էր. ամբոխ էր հա­վաքվել։ Մի քանի ակնթարթից հայրս կոտրեց ոտքի բթամատը, բայց այդ արկածը դատարկ բան էր վերահաս մթության մեջ ինձ բաժին հասած արհա­վիրքի համեմատությամբ, քանզի մեղմ ու զուսպ ողջունող սլաքների ծածուկ դաժանությունն անհասկանալիորեն ձեռնաշղթայել և գամել էր ինձ պատմու­թյանը, և ճակատագիրս անքակտելիորեն կապվել էր երկրիս ճակատագրի հետ։ Եվ հաջորդ երեք տասնամյակներում դրանից խուսափելն անհնար էր։ Գուշակները կանխատեսել էին ծնունդս, լրագրերը փառաբանել էին գա­լուստս, քաղաքագետները վավերացրել էին իսկությունս։ Եվ ոչ ոք ոչինչ չհարցրեց ինձ։ Ես՝ Սալիմ Սինայս, որ հետո ամենատարբեր անուններ էի ունենալու՝ Խլնքոտ, Ծաղկատար, Քաչալ, Ֆսֆսան, Բուդդա, նույնիսկ՝ Լուս­նահատ, սաստիկ խճճվել էի ճակատագրիս բավիղներում, որ խիստ վտան­գավոր է նաև լավագույն ժամանակներում։ Իսկ այդ օրերին նույնիսկ քիթ սր­բել չէի կարողանում։

Եվ հիմա ժամանակը (որ այլևս նշանակություն չունի ինձ համար) սպառ­վում է։ Շուտով երեսունմեկս կլրանա։ Գուցե։ Եթե ավերվող, հոգնատանջ մարմինս թույլ տա։ Սակայն հույս չունեմ կյանքս փրկելու, նույնիսկ հազար ու մեկ գիշերվա վրա հույս դնել չի լինի։ Պետք է արագ գործեմ, Շահրազադից էլ արագ, եթե ուզում եմ, ի վերջո, որևէ իմաստ, այո՛, իմաստ գտնել։ Համաձայն եմ՝ ամեն ինչից առավել վախենում եմ անիմաստությունից։

Եվ այնքա՜ն բան ունեմ պատմելու, չափից ավելի շա՜տ, ներհյուսված կյանքերի– իրադարձությունների–հրաշքների–վայրերի–բամբասանքների մի ամբողջ շարք, անհավանականի և աշխարհիկի չափից ավելի թանձր խառ­նաշփոթ։ Կյանքեր եմ կլլել, և որպեսզի ճանաչեք ինձ, թեկուզ «ես»–երիցս մեկը, դուք նույնպես ստիպված եք բազում կյանքեր կլլել։ Կլլված բազմություն­ները ճզմվում, հրմշտվում են ներսումս, և, ուղղորդվելով սոսկ լայնկեկ ճերմակ սավանով, որի կենտրոնում գրեթե յոթ դյույմ տրամագծով անհամաչափ կլոր անցք է բացված, կառչելով ծակոտած, բզկտած քառակուսի պաստառի՝ թա­լիսմանիս, «սեզա՛մ, բացվի՛ր»–իս մասին երազից, կյանքիս վերակառուցումը կնախաձեռնեմ այն կետից, որտեղից շուրջ երեսուներկու տարի առաջ իրա­կանում սկիզբ է առել նո՜ւյնքան ակնհայտ և նո՜ւյնքան ներկա և ժամացույցից նո՜ւյնքան հալածված ու հանցանքով նո՜ւյնքան ապականված ծնունդս։

 (Ի դեպ՝ սավանը նույնպես ապականված էր. հին, խամրած կարմիր կա­թիլների երեք հետքեր էին վրան։ Ինչպես «Ղուրանն» է սովորեցնում՝ «Կար­դա՛ հանուն քո Արարիչ Աստծո, որն արարեց Մարդուն արյան մակարդու­կից»)։

Քաշմիրյան մի առավոտ՝ 1915–ի վաղ գարնանը, պապս՝ Ադամ Ազիզը, աղոթքը սկսելով, քիթն ուժգին հարվածեց սառած, կոշտացած հողաթմբին։ Արյան երեք կաթիլներ դուրս հորդացին ձախ քթանցքից, անմիջապես մա­կարդվեցին սառն օդի մեջ և, նրա աչքի առաջ սուտակների վերածվելով, կա­թեցին աղոթագորգին։ Նախքան ծնկի գալն ընկրկելով ու երերալով, գլուխը կրկին ձիգ պահած՝ նա զգաց, որ աչքերը ողողած արցունքակաթիլները նույն­պես սառել կարծրացել էին, և հենց այն պահին, երբ թարթիչներից քամահ­րանքով թափ տվեց ադամանդները, որոշեց, որ այլևս երբեք չի համբուրելու հողը ո՛չ ի սեր որևէ աստծո և ո՛չ էլ հանուն որևէ մարդու։ Եվ այդ որոշումը խոցեց պապիս, դատարկություն առաջացրեց կենսական նշանակության ներքին խոռոչներում՝ նրան խոցելի դարձնելով կանանց և պատմության հա­մար։ Սկզբում այդ ամենը չգիտակցելով, թեև վերջերս էր ավարտել բժշկա­կան պատրաստության դասընթացը, ոտքի կանգնեց, պոչատ սիգարի պես փաթաթեց աղոթագորգը, դրեց աջ թևի տակ և ջինջ, ադամանդազերծ աչքե­րով զննեց դաշտավայրը։

Աշխարհը նորեն նոր կյանք էր առել։ Ձմռանը սառցե ձվակճեպի տակ հասունացող խոնավ ու դեղին դաշտավայրը կտցահարել, ազատվել էր կճե­պից։ Թարմ խոտը դեռ հապաղում էր հողի տակ, լեռները դեպի յայլաներն էին քաշվել տաք եղանակի կանխազգացումով։ (Ձմռանը, երբ դաշտավայրը կուչ էր եկել սառցի տակ, լեռները փակվել և, կատաղի ծնոտները սեղմած, գռմռում էին լճափնյա քաղաքի շուրջը)։

Այն օրերին ռադիոաշտարակ դեռ չէին կառուցել, և Շանկարաչարյա տաճարը՝ փոքրիկ սև բշտիկ՝ դեղնականաչավուն լեռան լանջին, շարունա­կում էր իշխել Շրինագար քաղաքի փողոցների և լճի վրա։ Այն օրերին ռազ­մական ճամբար չկար լճափին, և քողարկաներկ բեռնատարների ու ջիփերի անվերջանալի օձաշարերը չէին խցանում լեռնային նեղ ճանապարհները, և զինվորները Բարամուլան և Գուլմարգն անցնելուց հետո չէին թաքնվում լեռ­նագագաթներին։ Այն օրերին կամուրջներ լուսանկարող զբոսաշրջիկներին չէին գնդակահարում որպես լրտեսների, և, անգլիացիների նավակ–տնակ­ները չհաշված, դաշտավայրը գրեթե չէր փոխվել Մուղալ կայսրության[1] տարի­ներից ի վեր, թեև ամեն գարնան հետ նոր կյանք էր առնում, բայց պապիս աչքերը, որ մարմնի մնացած մասերի պես քսանհինգ տարեկան էին, այլ կերպ էին տեսնում իրերը… նաև նրա քիթն էր սկսել քոր գալ։

 Ո՞րն էր պապիս վերափոխված տեսողության գաղտնիքը. նա հինգ տա­րի, հինգ գարուն տանը չէր եղել։ (Հողաթումբը, որքան էլ ճակատագրական էր դրա գունդուկծիկ ներկայությունն աղոթագորգի պատահական փոթի տակ, ըստ էության, ընդամենը խթան էր)։ Եվ տուն վերադառնալով՝ պապս արդեն աշխարհ տեսած աչքերով նայեց շուրջը։ Եվ չնկատեց հսկա ատամնե­րով շրջանակված փոքրիկ դաշտավայրի գեղեցկությունը, և թվաց, որ այն նեղ էր, հորիզոնը՝ մոտ, և նա տխրեց, որ այժմ կատարյալ աքսորում էր հայտնվել։ Նաև անբացատրելիորեն զգում էր՝ հարազատ վայրը վրդովված է, որ ինքը վերադարձել է ուսյալ՝ լսափողակը գրկին։ Ձմռան սառույցի տակ այդ վայրը սառն էր ու անհաղորդ, բայց այժմ այլևս կասկած չկար՝ Գերմանիայում ան­ցկացրած տարիները թշնամակա՛ն միջավայր են վերադարձրել։ Շատ տարի­ներ հետո, երբ ներքին դատարկությունն ատելությամբ կլցվի, և նա կգա բլրա­նիստ տաճարի սևքար աստվածության սրբավայրի մոտ զոհաբերվելու, կջա­նա մտաբերել մանկության գարունները դրախտում, և այդ դրախտի տեսքը նախքան իր ճամփորդությունն ու հողաթմբերի և ռազմատանկերի կողմից ապականվելը։


Կարդացեք նաև.


Առավոտյան, երբ դաշտավայրն աղոթագորգե ձեռնոցով հարվածեց քթին, նա անհեթեթորեն շարունակեց ձևացնել, իբր ոչինչ չի փոխվել։ Եվ արթնացավ ծակող ցրտին. չորսն անց քառորդ էր. լվացվեց ըստ կարգի, հագնվեց, հոր բուխարի փափախը գլխին քաշեց, հետո աղոթագորգի պոչատ սիգարը հին, մութ տան առջևի փոքրիկ, լճափնյա պարտեզը տարավ և իրեն սպասող հողաթմբին փռեց։ Հողը դավադրաբար փափուկ էր ոտքերի տակ և միաժամանակ ստիպել էր նրան, որ անտեղյակ ու անզգույշ դառնար։ Առա­ջին բառերը՝ «Հանուն գթառատ և գթասիրտ Աստծո…», որ արտասանեց՝ ձեռքերը գրքի պես իրար սեղմած և առաջ պարզած, սփոփեցին նրա մի մասը, սակայն շփոթեցրին մյուս՝ ավելի մեծ մասը, «Փա՜ռք Ալլահին՝ աշխարհների տիրակալին…», բայց Հայդելբերգը մտքից դուրս չէր գալիս. այնտեղ էր Ինգ­րիդը, որ թեկուզ կարճ ժամանակով, բայց ի՛ր Ինգրիդն էր, որ քմծիծաղում էր իր մեքքայատենչ թութակության վրա, նաև մյուս ընկերները՝ Օսկարն ու Իլզե Լուբինը, իր աղոթքները հակագաղափարներով ծաղրող անարխիստներ, «… գթառատ և գթասիրտ, թագավորը Վերջին դատաստանի օրվա…», Հայդել­բերգը, որտեղ, բացի բժշկություն ու քաղաքականություն ուսումնասիրելուց, իմացավ, որ եվրոպացիներն են հայտնագործել թե՛ ռադիումը և թե՛ Հնդկաս­տանը, Օսկարը նույնիսկ հիացած էր Վասկո դա Գամայով, և հենց դա, ի վերջո, Ադամ Ազիզին օտարացրեց ընկերներից, նաև այն համոզմունքը, որ ինքը, այսպես թե այնպես, նրանց նախնիների հայտնագործությունն է, «… միայն քեզ ենք երկրպագում և միայն քեզնից ենք օգնություն աղերսում…», և ահա վերադարձել է ու, հակառակ իր ուղեղում նրանց մշտական ներկայու­թյան, փորձում է վերամիավորվել նրանց ազդեցությունն անտեսող նախկին «ես»–ի հետ, թեև գիտի այն ամենը, ինչ պարտավոր էր իմանալ, օրինակ՝ հնազանդության մասին, այն մասին, թե ինքն ինչ է անում հիմա, և մինչ ձեռ­քերը, հին հիշողություններին ենթարկվելով, առաջ պարզվեցին, նա ծնկեց՝ մատները բացած, և ականջներին սեղմեց բթամատները, «…առաջնորդի՛ր մեզ դեպի անշեղ ուղին, նրանց արահետով, որոնց ողորմացել ես…»։ Բայց անօգուտ էր, հայտնվել էր տարօրինակ միջնավայրում՝ հավատի ու անհավա­տության արանքում թակարդված, և, ի վերջո, սոսկ ձևացնում էր՝ «…և ո՛չ նրանց, որ քո ցասմանն են արժանացել, և ո՛չ էլ նրանց, որ մոլորվել են»։


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք