[Պանելային քննարկում] Գինեգործությունը Հայաստանում (տեսանյութ, լուսանկարներ)

March 16, 2022

Խորհրդավոր պատմություն՝ հյուսված բիզնես խարդավանքների ու գինու փիլիսոփայության շուրջ: Newmag-ի փետրվարյան հրատարակություներից «Անապակ առեղծված» գիրքը թրիլլեր է՝ լի պատմագիտական հետազոտություններով ու հնագիտական աղբյուրների վերաբերյալ տեղեկություններով: Ձմեռային փառատոնին, գրքի շնորհանդեսից անմիջապես հետո պանելային քննարկման ընթացքում գրքի հեղինակ Վահան Զանոյեանն ու հայ գինեգործները զրուցել են «Գինեգործությունը Հայաստանում» թեմայի շուրջ։

«Անապակ առեղծված» թրիլլերում հեղինակը ներկայացնում է 2000-ականների սկզբին գինեգործների  մի պատմություն: Աշխարհի տարբեր մասերից Հայաստան են տեղափոխվում փորձառու գինեգործներ, ու սկսում վերականգնել գինեգործության ավանդույթները։ Գինուց կրքերն անպակաս են. սկսվում է խարդավանքների մի ամբողջ լարված կծիկ, որի հանգույցները քանդելու համար միասին բացահայտում են խարդախներին և լուծում բոլոր վեճերը:

                                                                                  

Վահան Զանոյեանի խոսքով, այս գիրքը գրել է մի քանի նպատակով՝ ցույց տալ աշխարհին, որ գինեգործության կենտրոն Հայաստանում այս ոլորտը զարթոնք է ապրում և ներկայացնել հայկական գինու պատմությունը՝ տեսակներով, համերով, բույրերով.. «Երկար տարիներ մեր երկրում գինին սպառելու մշակույթ չկար: Այս հարցում Հայաստանում մեծ գործ են արել հայ գինեգործները: Հովակիմն, օրինակ: Հետո կամաց-կամաց մարդիկ վարժվեցին գինուն, համտեսին, կարողացան վերլուծել ու հասկանալ ինչպես վայելել այն: Կարևոր է, որ սպառելն էլ հասկանան»:

  

Հովակիմ Սաղաթելյանին ընկերները գինու փիլիսոփա են կոչում: Նա ոչ միայն գինեգործությամբ է զբաղվում, այլև Երևանի կենտրոնում գինետների բացման գործում մեծ դեր է ունեցել: Այցելուներին սովորեցնում է նաև գինու մշակույթը՝ բաժակից մինչև օրվա որ ժամին ու որ ուտեստի հետ ինչ գինի պատվիրել. «Գինի պետք է միշտ խմել: Օրինակ, քնելուց պարտադիր երկու բաժակ: Գինին բերում է անկեղծության, գինու, խաղողի մշակույթն այնքան խորն է մեր երկրում, որ այս գրքի միջոցով կարելի է ճանաչել մեր պատմությունը»:

  

Գինեգործ Վարուժան Մուրդյանը երկու տասնամյակ առաջ Ամերիկայից Հայաստան տեղափոխվեց մեկ նպատակով՝ հայրենիքում զարգացնել գինեգործությունը: Գինու սիրահարներին հրավիրում է իր գործարան. եկեք, շրջեք, համտեսեք ու ծանոթացեք երկրի պատմությանը.  «Գինու ընկալումը տեղի է ունենում աչքերով, բույրով ու քիմքով: Բայց իրականում գինին ավելի շատ շերտեր ունի, որոնք կան, բայց բացահայտված չեն: Զանոյեանը գինեսեր է, նաև արվեստագետի հոգու աչքեր ունի, որը շատ բաներ է տեսել ու վերարատադրել դրանք իր գրքում»:

 

  

Գինին մեր ազգային մշակույթի բաղկացուցիչ մասն է: Ամեն երկիր իր համար բրենդներ է փնտրում, իսկ մեզ մնում է արդեն գոյություն ունեցող ապրանքանիշը պարզապես փաթեթավորել ու ի ցույց դնել աշխարհին: «Անապակ առեղծված» գիրքը փաթեթավորման մի վառ օրինակ է՝ համոզված են պանելային քննարկման մասնակիցները:                                                                   

Կարդացեք նաև