Արվեստի ու գրքի մեծ փառատոն՝ մինչեւ ուշ երեկո. կայացավ Newmag Winter Fest 2024-ը

February 12, 2024

Արվեստի ու գրքի մեծ փառատոն՝ մեկ միջոցառման շրջանակում: Փետրվարի 10-ին Dvin Music Hall-ում կայացավ Newmag-ի՝ ձմեռային 3-րդ փառատոնը՝ Newmag Winter Fest 2024-ը: Միջոցառման համակազմակերպիչը «Թովմասյան» բարեգործական հիմնադրամն էր։ Կեսօրից մինչեւ ուշ երեկո՝ հագեցած ծրագիր՝ ընթերցանության կարեւորության, մոտիվացիայի ու ստեղծագործելու մասին: Մուտքն ազատ էր բոլորի համար, իսկ հանրության անդադար հոսքն ապացույցն էր նրա, որ Newmag-ը ընթերցելը դարձրել է նորաձեւ ու հետաքրքիր՝ տարբեր տարիքի մարդկանց համար, թեեւ ինչպես նշում է հրատարակչության հիմնադիր ղեկավար Արտակ Ալեքսանյանը՝ իրենց գլխավոր ուղերձը դա չէ, այլ այն, որ գիրք կարդալով հնարավոր է ազնիվ ճանապարհով հասնել նպատակներին։

Արվեստի ու գրքի մեծ փառատոն՝ մեկ միջոցառման շրջանակում: Փետրվարի 10-ին Dvin Music Hall-ում կայացավ Newmag-ի՝ ձմեռային 3-րդ փառատոնը՝ Newmag Winter Fest 2024-ը: Միջոցառման համակազմակերպիչը «Թովմասյան» բարեգործական հիմնադրամն էր։

Կեսօրից մինչեւ ուշ երեկո՝ հագեցած ծրագիր՝ ընթերցանության կարեւորության, մոտիվացիայի ու ստեղծագործելու մասին: Մուտքն ազատ էր բոլորի համար, իսկ հանրության անդադար հոսքն ապացույցն էր նրա, որ Newmag-ը ընթերցելը դարձրել է նորաձեւ ու հետաքրքիր՝ տարբեր տարիքի մարդկանց համար, թեեւ ինչպես նշում է հրատարակչության հիմնադիր ղեկավար Արտակ Ալեքսանյանը՝ իրենց գլխավոր ուղերձը դա չէ, այլ այն, որ գիրք կարդալով հնարավոր է ազնիվ ճանապարհով հասնել նպատակներին։

«Ընթերցանությունը, արվեստը մարդուն հարստացնում են բառի բուն եւ փոխաբերական իմաստներով։ Մեր ամենամեծ նպատակն է Հայաստանի լավագույն սրահում, լավագույն մարդկանց եւ լավագույն սերնդի համար կազմակերպել բարձր մակարդակով հետաքրքիր ու արժանավայել փառատոն»,-իր խոսքում նշեց նա,-«Ես շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներին՝ մեզ միանալու եւ մեր հավակնոտ ցանկությունները կյանքի կոչելու համար։ Առանց գործընկերների եւ «Թովմասյան» հիմնադրամի Newmag-ն այստեղ չէր լինի»։

Փառատոնի բացումը վստահվել էր Արցախի պետական ջազ նվագախմբին։ Ելույթ ունեցավ նաեւ Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախումբը: Փառատոնի շրջանակում կայացան թատերական ներկայացումներ, ցուցահանդես, տեղի ոնեցավ պոեզիայի երեկո, ինչպես նաեւ՝ միանգամից 4 գրքի շնորհանդես:

Առաջինն իր նոր գիրքը ներկայացրեց Անի Քոչարը՝ «Կյանքը երկրորդ փորձից»։ Սա մոտիվացիոն ինքնակենսագրական է՝ կյանքը նոր էջից սկսելու մասին։ Գիրքը 2-րդ կյանքի, 2-րդ ամուսնության, 2-րդ երեխայի ու կյանքի ընձեռած 2-րդ հնարավորության մասին է։

«Այս գիրքը մոխիրներից հառնելու եւ կրկին ապրելու մասին է։ Մեզանից յուրաքանչյուրի խնդիրները տարբեր են լինում, խոսքը միայն բժշկական խնդիրների մասին չէ։ Մարդիկ կյանքի տարբեր փուլերում հանդիպում են ճակատագրական սայթաքումների կամ այնպիսի փորձությունների, որոնք կոտրում են, թեւաթափ են անում եւ գալիս են համառորեն համոզելու, որ կյանքն այլեւս ավարտված է, դու տանուլ ես տվել եւ այլեւս չես հաջողի։ Իմ գիրքը իմ համեստ օրինակով գալիս է ապացուցելու, որ կյանքը հնարավոր է նաեւ երկրորդ փորձից, ավելին՝ նաեւ երրորդից, չորրորդից, եւ այդպես շարունակ․․․ եթե միայն ունես շատ մեծ ցանկություն՝ չհամակերպվելու քեզ բաժին հասած բախտի ու ճակատագրի հետ, կռիվ տալու եւ միայն ապավինելու Աստծուն»,-նշեց հեղինակը։

Փառատոնի շրջանակում իր գիրքը ներկայացրեց նաեւ Թովմաս Առաքելյանը։ «Ճանապարհ» կոչվող գրքում կգտնեք զրույցներ Հայոց եկեղեցու մասին. Խորհուրդ, ծես, սովորություն, թյուրընկալում ու սնահավատություն։

«Սուրբ գրքում մենք հանդիպում ենք, որ առաջին իսկ դարում, երբ դեռեւս «Քրիատոնեություն» բառը չէր տարածվել, այս ուսմունքը, այս կրոնն անվանում էին հենց Ճանապարհ՝ Քրիստոսի ճանապար, ճանապարհ դեպի փրկություն․․․ Հենց սկզբից էի որոշել, որ գիրքն այդպես պետք է կոչվի, բայց Newmag-ի պրֆեսիոնալ թիմի հետ համագործակցելով մենք որոշեցինք, որ պետք է կոնկրետացնել, ինչից էլ ծնվեց փոքրիկ ենթավերնագիր՝ «Մտերմիկ զրույցներ Հայոց եկեղեցու մասին», որն ամփոփ ներկայացնում է ամբողջ գիրքը»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց Թովմասը՝ հավելելով, որ գիրքը փորձել են շարադրել պարզ, բայց ոչ պարզունակ լեզվով,-«Ուղերձն ինքնությանը եւ արժեքներին մոտ լինելն է, ոմանց դեպքում՝ վերադառնալը, ոմանց դեպքում էլ՝ հավատարմորեն հարատեւելը դրանում»։

Աստղիկ Սահակյանի «Նախագծերի կառավարում»-ն անդրադառնում է արդիական մասնագիտության գաղտնիքներին ու հմտություններին։

«Գիրքը նախագծերի կառավարման մասին է․ այն հայ հեղինակի կողմից գրված առաջին հայալեզու ստեղծագործությունն է այս թեմայով։ Նախագծի կառավարումն ունիվերսալ մասնագիտություն է, կարեւորագույն ուղղություն, որը կիրառելի է ցանկացած ոլորտում, այսինքն՝ այն գիտելիքն է, որն անհրաժեշտ է բոլորին։ Newmag-ի հետ համագործակցությունը շատ սպոնտան ստացվեց․ Արտակ Ալեքսանյանը մեր առաջին իսկ հանդիպման ժամանակ արդեն որոշել էր, որ պետք է համագործակցենք։ Առանձնապես շատ երկար չենք քննարկել, արագ շարժվեցինք առաջ»,-NEWS.am-ին ասաց հեղինակը։

Հաջորդիվ ներկայացվեց Գոռ Կարապետյանի «Proակտիվ առաջնորդը» գիրքը։ Գրքում պրոակտիվ առաջնորդության  ունիվերսալ ալգորիթմը պատկերվում է բիզնեսի, կրթության եւ այլ ոլորտների գլոբալ ու լոկալ ազդեցիկ օրինակներով։ 

Կայացավ նաեւ Արեւիկ Ուդումյանի «Դյութէ» մաշկի խնամքի ուղեցույցի շնորհանդեսը․ սա այս թեմայով առաջին հայկական ամսագիրն է։

Փառատոնի շրջանակում բոլոր  գրքերը վաճառվեցին  40% զեղչով, նույնիսկ նոր գործերը: Վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի արցախցի հեղինակներին՝ իրենց գրքերը հրատարակելու համար:  Newmag hրատարակչությունն ու «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը կհայտարարեն արցախցի հեղինակներին աջակցող գրական մրցույթի մասին,  որի նպատակն է ապահովել  արցախյան գրական ժառանգության եւ հեղինակների գրական գործունեության շարունակելիությունը: 

Միջոցառման ընթացքում հյուրերին ուղեկցեցին Տիգրան Ձիթողցյանի, Արման Նուռի կտավները, իսկ Իլյա Վարդանյանը ներկայացրեց իր «Թվային երազներ» ստեղծագործությունը։

«Գիրքն ինֆորմացիա է՝ եւ շատ կարեւոր, որովհետեւ գրքից ստացած գիտելիքը, եթե համադրում ես կյանքիդ ունեցած փորձի եւ իմաստության հետ, դառնում ես անհաղթելի։ Ես մեծ անհաղթելիություն եմ ցանկանում բոլորիս, որ այնքան հզորանանք, որ այս աշխարհում մեզ ոչինչ չկարողանա կոտրել։ Իսկ դրա համար մեզ պետք է գիրք եւ գիտելիք»,-անդադառնալով փառատոնի կարեւորությանը՝ նշեց նկարիչ, քանդակագործ, դիզայներ Նուռը։

Ներսես Ավետիսյանը հանդես եկավ իր  «Ցուրտ օր դժոխքում» մոնոներկայացմամբ, իսկ վերջում՝ համերգ Ավետ Բարսեղյանի հեղինակային ստեղծագործությունների հիման վրա։ Ելույթ ունեցան Արամ MP3-ն, Գոռ Սուջյանը, Սոնա Ռուբենյանը, Մովսես Մովսիսյանը։

Newmag-ը տարին սկսել է պրոակտիվ, եւ այդպես էլ շարունակելու է։ Այս տարի հրտարակչությունը մտադիր է հրատարակել 52 նոր գիրք։