Տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի 10-րդ գրքի հեռուստաշնորհանդեսը. Պոեզիա, մաս 4-րդ. «Ես չեմ հեռանում» (տեսանյութ)

January 29, 2024

Newmag հրատարակչությունը Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց Ազնավուրյան շարքի վերջին՝ 10-րդ գիրքը.պոեզիա, մաս 4-րդ. «Ես չեմ հեռանում»։ Վերջին հինգ տարում Newmag֊ը և Ամունդի-Ակբա Ասեթ մենեջմենթը թարգմանել ու հրատարակել են Շառլ Ազնավուրի բոլոր գրքերը` ինքնակենսագրականներից մինչև նովելների ժողովածու: Մնացել էր միայն պոեզիայի գիրքը, որտեղ շանսոնյեն իր ձեռքով ընտրել ու զետեղել էր 500 երգ։ Այսպիսով, Newmag-ը եզրափակում է Ազնավուրի գրական ժառանգության հայերեն թարգմանության ամբողջական հրատարակումը։

Գրքի թարգմանիչ Սամվել Գասպարյանն ասում է, որ իրեն շատ են նմանեցնում Ազնավուրին, նույնիսկ նկարվում են։ Իսկ Էդվարդ Միլիտոնյանն ասել է՝ կարծես  Ազնավուրի թարգմանությունը լինես. «Newmag֊ին  անընդհատ շնորհակալություն եմ հայտնում, որ հենց ես եմ թարգմանել Ազնավուր, չնայած դա կարող էին անել նաև ուրիշները։ Ինձ Ազնավուրը շատ մոտ է, ճանաչում էի իրեն, շատ եմ կարդացել իր մասին, շատ եմ լսել։ Թարգմանությունների ժամանակ հաճախ եմ խոսում նրա հետ, նույնիսկ վիճում եմ։ Ազնավուր թարգմանելը բարդ է, բայց եթե գիտես իր կյանքը, հեշտ է, քանի որ իր ստեղծագործություններն իր կյանքն են։ Բանաստեղծական ժողովածուներից 2010 թվականին լույս տեսավ 531 երգով հատորը, դրանք Ազնավուրն ընտրել էր 1300 երգերից։ Մենք թարգմանել ենք մոտ 500֊ը։ Վիթխարի աշխատանք է, տարին երկու եղանակ ուներ ինձ համար, Ազնավուրի մահվան ու ծննդյան օրերը, քանի որ մի գիրք հրատարակում էինք մահվան օրը, մի գիրք՝  ծննդյան օրը»։

Սամվել Գասպարյանն ասում է, որ Newmag֊ը ֆանտաստիկ գործ է արել, ու դեռ այդ գործը շարունակելու են։ Այս հատորը Սամվել Գասպարյանը  խորհուրդ է տալիս կարդալ հատկապես սիրահարվածներին։ Գիրքը կյանքի դասեր կտա նաև հասուն տարիքում սերն ապրողներին. «Զարմացնեմ ազնավուրասերներին, ինքն իր երգերը բանաստեղծություն էր կոչում, քանի որ խոսքն էր կարևորում։  Այս հատորում հասուն Ազնավուրն է, Թումանյանի փիլիսոփայական քառյակների հետ եմ հաճախ համեմատում։ Ինձ համար բացահայտում էր, օրինակ «Քնքույշ Հայաստանը»։ Բացեք 331 էջը ու կարդացեք, դա Ազնավուրն է, խոսքերն ամեն ինչ իր մասին կասեն։ Ազնավուրը բոլոր սիրահարվածների երգիչն է։ Մի անգամ ասել է՝  միշտ կմնամ, որովհետև ես 18 տարեկանի սերն եմ երգում, իսկ այդ սերը բոլորն են ապրում։ Ազնավուրը ֆրանսիական շանսոնի ոսկե դարի վերջին մոհիկանն էր»։ 

«Ես չեմ հեռանում»  ազնավուրյան հատորում է նաև շանսոնյեի հանրահայտ «Երբ սիրում ես ինձ» երգը։ Այն Ազնավուրի գրած միակ  մյուզիքլի 30 արիաներից մեկն է։ Գրքի խմբագիր Հասմիկ Առաքելյանն ասում է, որ երբևէ նման քանակի ազնավուրյան երգեր հայերեն չեն թարգմանվել ու հրատարակվել. «Ահռելի աշխատանք է  կատարվել, ահռելի ապրումների ու զգացմունքների մեջ ենք եղել, քանի որ Ազնավուրը մեխանիկորեն թարգմանել չես կարող։ Newmag֊֊ը Արտակ Ալեքսանյանի նախաձեռնությամբ այս գործը արեց, որ շատ գնահատելի է, բայց ժամանակի ընթացքում էլ ավելի լավ կհասկանանք, թե ինչ մեծ գործ է արվել, քանի որ Ազնավուրը բոլորինն է։ Բոլորս Ազնավուրին մանրամասն պետք է իմանանք»։

Ազնավուրի բոլոր երգերը սիրո մասին են, սիրո տարբեր դրսևորումների պես։ Ազնավուրն էլ ասում էր, որ ամեն օր գրում է, երբեք չի հոգնել սիրուց, սիրո մասին խոսելուց։ Newmag֊ հրատարակչությունը Ազնավուրի բոլոր ստեղծագործությունները հայերեն թարգմանել ու հրատարակել է Ամունդի Ակբա Ասսետ Մենեջմենթ ընկերության հետ։ Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ընկերության մարքեթինգային հաղորդակցությունների պատասխանատու Զարինե Եղիազարյանը հույս ունի, որ այս հինգ տարիների ընթացքում կատարված մեծ աշխատանքի մասին  մի օր ավելի մանրամասն կպատմեն  Սամվել Գասպարյանը, Արտակ Ալեքսանյանը, Հասմիկ Առաքելյանը.

«Մեր կորպորատիվ պատասխանատվության ներքո որդեգրել ենք աջակցել կրթությանը։ Ինչո՞ւ Ազնավուր, որովհետև եթե մենք չանեինք Newmag֊ի հետ, կանեին ուրիշները։ Մենք հպարտ ենք, որ մեր ընկերությունը հայ֊ֆրանսիական է  ու աջակցեց, որ Շառլ Ազնավուրի բոլոր ստեղծագործությունները հայերեն թարգմանվեն ու հրատարակվեն։ Ազնավուրն էլ հսկայական աշխատանք է կատարել հայ-ֆրանսիական հարաբերությունների համար։ Ի սկզբանե գիտակցել ենք, որ այս աշխատանքը սերունդների համար է։ Գրական ժառանգությունը փոխանցելով, մենք փոխանցում ենք ազնավուրյան արժեքները»։

Գիրքն արդեն hասանելի է գրախանութներում և newmag.am կայքում։

Կարդացեք նաև