Սահակաշվիլիից մինչև գողական աշխարհ. ո՞վ է կանգնած Բաթումիի անկարգությունների հետևում

March 14, 2017

Վրաստանի Բաթումի քաղաքում մարտի 11-ի  երեկոյան սկսած  ու ամբողջ  գիշեր տեղի ունեցած զանգվածային անկարագությունների  ու ցույցերի հետևանքով  տուժել է 20 մարդ, որից 15 –ը՝  ոստիկան, 1-ը՝ պատգամավոր։ Ձերբակալվել է 40 մարդ:

ԻՆՉԻ՞Ց ԵՆ ՍԿՍՎԵԼ ԲԱԹՈՒՄԻԻ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Բողոքի ակցիան սկսվել է այն բանից հետո, երբ ոստիկանները փորձել են տուգանել ճանապարհային երթևեկության կանոնները խախտած երկու վարորդների, որոնք պնդել են, որ խախտում չեն արել և  կտրականապես հրաժարվել են վճարել տուգանքը։ Վարորդներին աջակցել են տեղի բնակիչները, ինչից հետո նրանց և ոստիկանների միջև բախումներ են սկսվել։ Տարածված մեկ այլ վարկածի համաձայն, Բաթումիի պարեկային ոստիկանությունը տուգանել է մի քաղաքացու, որը մեքենան կանգնեցրել է փողոցի արգելված հատվածում: Որոշ լրատվամիջոցներ, կոնկրետ աղբյուր չնշելով, հայտնել են, թե վարորդը նշված վայրում մեքենան կանգնեցրել է՝ երեխայի հուղարկավորությունից հետո վատ ինքնազգացողություն ունեցող կնոջ համար դեղորայք գնելու նպատակով: Բողոքի ակցիան հասել է ՆԳ գլխավոր վարչության շենքի տարածք, որտեղ ցուցարարները պահանջել են ոստիկանապետի հրաժարականը, քարեր նետել ոստիկանական մեքենաների ուղղությամբ, շրջել ու այրել դրանք:
Ըստ ընդդիմադիր «Ռութավի 2» հեռուստաալիքըի, ցույցի որոշ մասնակիցներ պնդել են, որ  ոստիկանապետ Լաշա Գոգնիաշվիլին Աջարիայի մահմեդական վրացիներին «թաթարներ»  է անվանել: Ոստիկանապետ Լաշա Գոգնիաշվիլին ծագումով Գորիից է, ոստիկանապետի պաշտոնում  նշանակվել է 2016 թվականի հունվարի 18-ին:

Ի՞ՆՉ Է ԱՐԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ


Մի քանի ժամ շարունակվող զանգվածային անկարգությունների ընթացքում Բաթումիի ոստիկանությունը միայն ծայրահեղ դեպքերում է օգտագործել հատուկ միջոցներ: Նույնիսկ այն պահին, երբ ամբոխը հարձակվել է ոստիկանության վարչության շենքի վրա` հրկիզելով դրա դիմաց կայանված մի քանի ոստիկանական մեքենա, իրավապահները զերծ են մնացել ցուցարարների դեմ խիստ միջոցներ՝  ջրցան մեքենաներ կիրառելուց: Ոստիկաններն անընդհատ կրկնել են. «Ոչ մեկին չծեծե՛ք»:
http://www.youtube.com/watch?v=F5AvnUQk8yU

ԻՐԱՎԻՃԱԿԸ ԲԱԹՈՒՄԻՈՒՄ ՆԵՐԿԱ ՊԱՀԻՆ


Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կոչ է արել քաղաքացիներին և ոստիկանությանը հանգստություն պահպանել և թույլ չտալ, որպեսզի իրավիճակն ավելի սրվի։ Նրա հանձնարարությամբ Աջարիայի ինքնավար հանրապետության մայրաքաղաք են մեկնել Վրաստանի վարչապետը, ներքին գործերի նախարարը, երկրի անվտանգության խորհրդի քարտուղարը և այլ պաշտոնատար անձինք: Կիրակի վաղ առավոտյան իրավիճակը վերահսկելի է դարձել: Ձերբակալվել են անկարգությունների մոտ չորս տասնյակ մասնակիցներ: Քաղաքը մտել է բնականոն հունի մեջ: Վերականգնվել են փողոցների  վնասված ենթակառուցվածքները, դեպքի վայրից հեռացվել են  այրված մեքենաները: Խառնաշփոթը փողոցից տեղափոխվել է քաղաքական հարթակ: Իշխանությունն ու ընդդիմադիրները  միմյանց մեղադրում են՝ այդ ամենի մեջ տեսնելով  բացառապես քաղաքական ենթատեքստ:

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ


Իշխանամետ ուժերը վստահ են՝ Բաթումիի դեպքերի մեջ Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի մատն է խառը: Այս մասին Վրաստանի Առաջին Ալիքի եթերում հայտարարել է  իշխանամետ «Վրացական Երազանք»  խմբակցության անդամ Իրակլի Թալաքվաձեն: Ավելի ուշ իշխող կուսակցությունն իր տարածած հաղորդագրության մեջ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում»  կուսակցությանը դիտարկել է որպես Բաթումիում անկարգություններ կազմակերպող միակ մեղավորը:

«Այն ինչ  տեղի է ունեցել քաղաքում,  որևէ կապ չունի ազատության  հետ: Բնական է` ուժի կիրառումը այնպիսի գործողություն է, որը պետք է պատժվի համապատասխան մարմինների կողմից»,- հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին: «Ծավալվող իրադարձությունները վկայում են, որ ապակառուցողական քաղաքական ուժերը կենցաղային միջադեպն օգտագործելով սրել են իրադրությունը:  Այդ ուժերը իրենց նպատակներին հասնելու համար որևէ խոչընդոտի առջև կանգ չեն առնում` ընդհուպ մինչև պետության հիմքերի խարխլումը: Քաղաքական այդ ուժերը խրախուսում են վանդալիզմի ակտերը` օգտվելով այն հանգամանքից, որ իշխանությունները ոստիկանությանը հրահանգել էին նվազագույն արձագանքման ռեժիմում գործել», - իր հերթին  հայտարարել է Վրաստանի վարչապետը:
 Ընդդիմադիրներն էլ մեղադրում են իշխանություններին` նշելով, թե ամեն ինչի պատասխանատվությունը կրում է «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին: Ընդդիմադիր պատգամավոր Սերգի Կապանաձեն հայտարարել է.  «Տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է կառավարությունը և անձամբ Բիձինա Իվանիշվիլին, ով հավանաբար նույնիսկ քնած է»: «Ազգային միացյալ շարժման» ղեկավարներից Զազա Բիբիլաշվիլին  ներկայացվող մեղադրանքները աբսուրդային է համարել: «Վարչապետն ուղիղ եթերում խոսում էր ինչ-որ ապակառուցողական ուժերի մասին: Դա կատարյալ անհեթեթություն է: Իշխող «Վրացական երազանք»-ը, որին ավելի ճիշտ կլինի «Ռուսական երազանք» անվանել, քաղաքական հակառակորդներին է մեղադրում սադրանքների մեջ», - ասել է  Բիբիլաշվիլին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ


Վերլուծաբան Գիա Սակվերիլիձենի կարծիքով առաջին հայացքից սոցիալական խնդրից առաջացած անկարգությունները քաղաքական ծրագրի մի մաս են կազմում: Ըստ փորձագետի, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամները դա  անհաջող կերպով են կազմակերպել: Փորձագետը նշել է. «Որոշ կոնկրետ փաստեր ստիպում են ինձ մտածել, որ դա կազմակերպված էր  «Միացյալ ազգային շարժման» կողմից:  Նրանք իրենց աջակցությունն են հայտնել այդ գործընթացին` նպաստելով այլ շրջաններում ևս նմանօրինակ ակիցիաների անցկացմանը»:

Քաղաքական վերլուծաբան Սակվարելիձեի խոսքով «Միացյալ ազգային շարժումը» մտադիր է երկրի անկայուն իրավիճակի ստեղծման իր ծրագիրը փորձել նաև Աջարիայում:
Վերլուծաբան Գիա Խուխաշվիլին գտնում է, որ իրադարձությունների սոցիալական բնույթի են:  Նրա խոսքով  ընդդիմությունը փորձել է օգտվել առիթից, բա դա չի  նշանակում, որ այն քաղաքական դրդապատճառներ ունի: «Բնական է, որ ամեն անգամ նման դեպքերում սկսվում են փոխադարձ մեղադրանքները: Այժմ կարևոր է, որ հետաքննությունը ճիշտ գնահատական տա` միջադեպի հիմքում սոցիալական խնդիրներ էին, սակայն այստեղ քաղաքականությունն է խառնվել, կամ պայքար է ընթանում կառավարության ներսում…»,-հայտարարել է վերլուծաբանը:
http://www.youtube.com/watch?v=aiTpnJZxlXk

ՄԱՄՈՒԼ


«Хроника+»  թերթի գլխավոր խմբագիր Էլիսո Քիլաձեն հայտարարել է,որ Աջարիայի մայքարաղաքում տեղի ունեցածի հետևում կանգնած է Ռուսաստանը և Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին...Քիլաձեն մի շարք  փաստերով է ապացուցում  իր վարկածի ճշմարտությունը: Ըստ նրա, հրաժարականից հետո Ղարիբաշվիլին գաղտնի հանդիպել է ՌԴ նախագահ Վ.Պուտինի օգնական Սուրկովի հետ,  որի ժամանակ նրան հրահանգվում է սադրանքների միջոցով լարել իրավիճակը Վրաստանում,որի կազմակերպիչները պետք է լինեին իր մարդիկ: Ըստ Քիլաձեի,    ըստ Կարսի պայմանագրի,հայտնվում են ռուսները: Քիլաձեն նաև կասկածում է,որ Ղարիբաշվիլիի թիկունքում կանգնած է Վրաստանի ամենահարուստ մարդը՝ նախկին վարչապետ Բ.Իվանիշվիլին: «Չեք ցանկանում Եվրոպա,ուզու՞մ եք Աբխազիայով անցնող երկաթուղի և կոնֆեդերացիա: Չի՛ ստացվի» -եզրափակել է «Хроника+»  թերթի գլխավոր խմբագիրը:

Ո՞Վ Է ԿԱՆԳՆԱԾ ԲԱԹՈՒՄԻԻ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ


«Էքսպրեսնյուս» գործակալությունը գրել է, որ Բաթումիի անկարգությունների հետևում կանգնած է «գողական աշխարհը»:
Որպես աղբյուր գործակալությունը հղում է արել  Բաթումիի բնակիչները,ովքեր արդեն մարտի 10-ից տեղյակ են եղել, որ քաղաքում անկարգություններ են լինելու: Քաղաքի բնակիչներից մեկն ասել է, որ մեկ օր առաջ թաղերի «նայողներին»   կանչել  են և հրահանգել 10-15 հոգի տրամադրել՝ ոստիկանությանը դիմադրելու համար:
Մեկ այլ  բաթումցի էլ ասել է,որ հիմնականում հավաքել են հանցավոր աշխարհի հետ կապ ունեցող մարդկանց ու հրահանգել հավաքվել Աջարիայի ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ: