[Բեռլինալե-2017] Սկսվում է Բեռլինի միջազգային կինոփառատոնը. Բացառիկ օրագիր

February 9, 2017

Բեռլինի միջազգային կինոփառատոնը կամ ավելի պարզ` Բեռլինալեն, կիսում է Վենետիկյան կինոփառատոնի հետ կարևորությամբ երկրորդ միջազգային կինոփառատոնի տեղն ու խիստ տարբերվում է Կաննից։
http://www.youtube.com/watch?v=qGZhWmyXV7c
Բեռլինում կինոդիտումները ոչ միայն մասնագետների համար են, այլև հանդիսատեսի, որը շաբաթներ առաջ օնլայն գնում է տոմսերը։ Հիմնական գործողությունները տեղի են ունենում Արևելյան Բեռլինում, որտեղ էլ գտնվում են փառատոնային կինոթատրոնները։
Էկլեկտիկ Բեռլինն առաջարկում է և ժամանակակից մուլտիպլեքսներ, և հին կինոթատրոններ. օրինակ՝ հին թատրոն-վարիետե «Ֆրիդրիխշտադտպալասը»։ Սակայն կենտրոնացված կինոհրավառությունը տեղի է ունենալու Պոդտդամի հրապարակի թատրոնում՝ գլխավոր ֆիլմերի և հյուրերի հետ միասին։
Ի տարբերություն իր եղբայր-փառատոնների (Վենետիկի ու Կաննի), Բեռլինը կարևորում է սոցիալ-քաղաքական, սուր և ակտուալ պատմությունները։ Բեռլինալեն սատարում է նախկին խորհրդային երկրների կինոարտադրությունը, գրեթե ամեն տարի առանձնացնում բալկանյան և սկանդինավյան երկրները՝ այդ կերպ հետաքրքրության մեծ ալիք բարձրացնելով Կաննում երկրորդ պլան մղված ֆիլմերի նկատմամբ։
Բեռլինի գլխավոր մրցանակը՝ Ոսկե արջն է, որը ստանում է այդ տարվա լավագույն ֆիլմը. մյուս հաղթողներին բաժին են հասնում Արծաթե արջեր։
Այս տարվա ժյուրիի նախագահը կուլտային «Հիմնական բնազդի» և անցած տարվա փառատոնային հիթ «Նա»-ի ռեժիսոր հոլանդացի Փոլ Վերհուվենն է։
Բացման ֆիլմը «Ջանգոն» է (չշփոթել Տարանտինոյի վեսթերնի հետ)։ Ֆրանսիացի Էթիեն Կոմարի ֆիլմը կենսագրական է, պատմում է գնչու կիթառահարի մասին։
http://www.youtube.com/watch?v=PQhTpgicdx4
Մեր տարածաշրջանից կա մեկ ֆիլմ՝ Ռեզո Գիգինեիշվիլիի «Պատանդները»՝ ռուս-վրաց-լեհական արտադրության։ Ֆիլմի գլխավոր դերերից մեկը բաժին է հասել Թինաթին Դալաքիշվիլիին, ով ծանոթ է մեր հանդիսատեսին Աննա Մելիքյանի «Աստղ» ֆիլմով։