Տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի «Հայրս՝ այդ հսկան» նովելների ժողովածուի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

May 21, 2021

Newmag-ը Շառլ Ազնավուրի ծննդյան նախաշեմին Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրով ներկայացրեց մեծ շանսոնիե Շառլ Ազնավուրի 5-րդ գիրքը՝ «Հայրս՝ այդ հսկան» նովելների ժողովածուն։ Տաղավարում գրքի վերաբերյալ խոսեցին թարգմանիչը, խմբագիրը, վերիֆիկանտը։ Եվս մեկ անակնկալ Newmag-ից՝ հայերենով ներկայացվեց Ազնավուրի Reste երգը, որի պրեմիերան տեղի ունեցավ ուղիղ եթերում։

16 նովել՝ նուրբ հումորով, վառ երևակայությամբ ու երջանիկ լինելու խոհափիլիսոփայությամբ։ Newmag հրատարակչությունը ներկայացնում է մեծ շանսոնյեի նովելների ժողովածուն՝ «Հայրս՝ այդ հսկան»: Բոլոր նովելները հայերեն են թարգմանվել առաջին անգամ: Թարգմանել է Սամվել Գասպարյանը. «Հայրս՝ այդ հսկան», նովելներից մեկի անունն է: Արդեն 5 գիրք եղավ Ազնավուրից, որ թարգմանել է Newmag-ը: Այս մեկը տարբերվում է, զուտ գեղարվեստական է: Եթե Ազնավուրը շուտ սկսեր նման գեղարվեստական գրականություն, ինքը շատ լավ նովելիստ կդառնար»:

«Հայրս՝ այդ հսկան» Ազնավուրի առաջին գեղարվեստական ժողովածուն է: Մինչև հիմա Newmag հրատարակչատունը թարգմանել էր մեծ արտիստի գրած ինքնակենսագրականները: Երկու գրքի թարգմանությունն արել է Սամվել Գասպարյանը. «Երբ Newmag-ը սկսեց Շառլ թարգմանել, շարունակեց կիսատ թողածը, երկար ժամանակ չէր թարգմանվում Ազնավուր։ Իսկ հիմա նաև երգերն են ուզում թարգմանել: Այն, ինչ անում է Newmag-ը, պարտքն է վերադարձնում: Ինքը, գիտե՞ք, ոնց էր ուրախանում, որ հայերեն էր թարգմանվում»:

  

Նուրբ հումորով, զգացմունքային ու կյանքն ապրած տարիների մեծ փորձով՝ գրականագետները խոստովանում են, գեղարվեստական գրականության մեջ մեծ հայը նույնպես տաղանդավոր է: Նովելները գրված են առաջին դեմքով, դրանք ինքնակենսագրական չեն: Պատմվածքներից մեկն էլ «Պապ լինելու արվեստն» է՝ Ազնավուրի սիրելի գրողի՝ Հյուգոյի համանուն ժողովածուի վերնագրով՝ նկատում է թարգմանության խմբագիր Համլետ Գասպարյանը. «Տեքստի հետ գործ ունեցող մարդը որոշեց արձակ գրել: Դա նոր Ազնավուր էր, գրող Ազնավուրը: Լավ պատմվածքներ են: Ինքը նաև իր երգերում է հայկական թեման երբեմն արծարծում, իրոք էության մեջ էր նրա հայ լինելը»:

Newmag-ի Ազնավուրյան շարքի անփոփոխ հովանավորը Amundi Acba Asset Management ընկերությունն է: Հայ-ֆրանսիական մեծ բարեկամության խորհրդանիշ գրքերը ֆրանսիական ընկերության համար նույնպես խորհրդանշական են՝ հավելում է գործադիր տնօրենը Ժամ Մազեջյանը. «Շատերն են ճանաչում Շառլ Ազնավուր երգիչին, դերասանին: Սա լավ առիթ է, որ իմանան Շառլի կյանքը: Շառլ Ազնավուրը 100 տոկոս հայ, 100 տոկոս ֆրանսիացի էր: Կապն է Հայաստանի ու Ֆրանսիայի, սիմվոլն է կարծես: Ամունդի Ակբայի համար կարևոր է, քանի որ ֆրանսիական ընկերություն ենք»:

 

Երգահանի հազարից ավելի երգերից շատ քչերն են թարգմանվել հայերեն: Reste` «Մնա», հուզիչ ֆրանսիական նրբագեղությամբ ու հայկական հնչողությամբ առաջին անգամ հայ ունկնդրին է ներկայացնում Newmag հրատարակչությունը՝ Արմենիա հեռուստաընկերության հետ՝  պրեմիերան տեղի ունեցավ հեռուստաշնորհանդեսի ընթացքում։ Երգի գաղափարի մասին պատմում է հրատարակչության տնօերն Արտակ Ալեքսանյանը. «Մենք լսում ենք իր երգերը, բայց բառերը չենք հասկանում, բառերը կարևոր են: Թարգմանեցինք, որ լսեն Ազնավուրի բառերը»:

Newmag-ը, Արմենիա հեռուստաընկերության երաժշտական թիմն ու երգիչ Էրիկ Կարապետյանն ամեն ինչ արել են, որ «Մնա» երգը Շառլի 97-ամյակին հնչի հայերեն: Երգիչը խոստովանում է՝ անսպասելի ու պարտավորեցնող է կատարել Ազնավուրի երգը հայերեն. «Ոգևորիչ առաջարկ է: Մեծ պատիվ է լինել, երգել Շառլ Ազնավուր: Նաև հետաքրքիր էր, յուրահատուկ մոտեցմամբէ կատարումը։ Newmag-ին շնորհակալ եմ, որ ինձ են ընտել»։

Երաժշտական պրոդյուսերը Մարտին Միրզոյանն է՝ նկատում է սա քիչ ճանաչված երգերից է, գեղեցիկ բալլադ, որը հաճելի է լսել հայերեն. «Դժվարը պատասխանատվությունն է: Շեշտը դրված էր, որ պետք է երգը չմոդեռնիզացնեինք, այլ կլասիկան պահել»:

Newmag-ը խոստանում է՝ մինչև մեծ արտիստի 100 հարյուրամյակը, Ազնավուրն էլի հայերեն կհնչի: Սա ծննդյանն ընդառաջ էր, հաջորդը կլինի հոկտեմբերին՝ մահվան տարելիցին։ Մյուս կատարողը կլինի Սոֆի Մխեյանը:

Կարդացեք նաև

«Հայրս՝ այդ հսկան» նովելների ժողովածուն առաջին անգամ լույս է տեսել 2007-ին, այսօր՝ նաև հայերեն։ Սա Newmga-ի հայերեն հրատարակած Ազնավուրի 5-րդ գործն է, բայց ոչ վերջինը: