Հեղինակ, որ չի ձանձրացնում, երգեր, որ չեն հնանում. Ազնավուրի թարգմանչի հարցազրույցը (տեսանյութ)

September 4, 2021

Newmag-ի երկարաժամկետ նախագծերից է Շառլ Ազնավուրի բոլոր գրքերի, հիմա նաև երգերի թարգմանությունները: Արդեն 5 գիրք հրատարակվել է, ամիսներ առաջ էլ ներկայացվեց նրա «Մնա» երգը հայերեն։ Շուտով նոր գործերը ևս պատրաստ կլինեն: Ազնավուրի, նրա երգերի, գրքերի ու բնավորության կարևոր գծերի մասին թարգմանիչ Սամվել Գասպարյանը պատմել է «Նանե» հաղորդաշարի ընթացքում:

Դեռ ուսանողական տարիներից Սամվել Գասպարյանի սկսել է թարգմանել ռուսերենից ու ֆրանսերենից: 1960-ականներին Շառլ Ազնավուրն արդեն մեծ հռչակ ուներ ու բոլորը լսում էին նրա անզուգական երգերը: Գասպարյանն իր առաջին թարգմանական գործերը սկսեց հենց Ազնավուրից: Սկզբում մեկ, երկու երգ հետո արդեն հասկացավ՝ պետք է շարունակել. «Համալսարանում կար գրական խմբակ, որի ղեկավարը բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանն էր: Սովորաբար երիտասարդները միշտ բանաստեղծություններ են գրում, ես էլ էի գրում, բայց քանի որ լավ չէի գրում, սկսեցի թարգմանություններ անել»:

Թարգմանությունները շարունակեց, հետո սկսեց նաև աշխատել «Գրքերի աշխարհ» ամսագրում: Բանաստեղծություններին զուգահեռ հայերեն  էր թարգմանում նաև հեքիաթներ. «Զբաղվում էի հրատարակչական աշխատանքով ու նաև սկսվեց գործակցությունը Newmag-ի հետ։ Արտակ Ալեքսանյանն ինձ առաջարկեց Ազնավուրի գրքերը, ես համաձայնեցի մեկ գիրք թարգմանել, հետո դարձան 3, 4 գիրք: Հիմա նաև եռահատոր երգերի ժողովածուն էլ պետք է թարգմանենք, ու եթե դա անեմ , ուրեմն կարող եմ ինձ համարել թարգմանիչ»: 

Ազնավուրը Ֆենոմեն էր. Հաջողում էր ցանկացած ոլորտում՝ երգիչ, երգահան, դերասան, լուսանկարիչ ու մարդ՝ մեծ սրտով։

Սամվել Գասպարյանը գրքերից բացի նաև թարգմանում է նրա երգերը: Ազնավուրի ծննդյան օրը՝ մայիսի 22-ին, առաջին թարգմանությունը՝ «Մնա» երգը, Newmag-ը ներկայացրեց Էրիկ Կարապետյանի կատարմամբ: Այս նախաձեռնության շրջանակում հրատարակչությունը մինչև 2024 թվականը պատրաստվում է թարգմանել մոտ 20 երգ։ Խոսելով «Մնա» ստեղծագործության մասին՝ թարգմանիչը ուրախությամբ ընդգծեց՝ կատարումը ստացվել է. երգի խորքում Ազնավուրն է, բայց նորովի մատուցմամբ։

Մեծ շանսոնիեի բոլոր երգերն էլ արժանի են հայերեն թարգմանության՝ վստահ է Սամվել Գասպարյանը. «Հարցազրույցներից մեկում Ազնավուրին հարցնում են՝ ինչի մասին եք երգում, նա ասում է՝ ամեն ինչի: Եվ երբ լրագրողը հարցնում է՝ ձեր երգերը երկա՞ր կապրեն, նա պատասխանում է՝ ես երգում եմ 18 տարեկանի սիրո մասին, իսկ սերունդները գալիս են, սիրահարվում ու գնում՝ լսելով այդ երգերը»: 

Ազնավուրը Ֆենոմեն էր. Հաջողում էր ցանկացած ոլորտում՝ երգիչ, երգահան, դերասան, լուսանկարիչ ու մարդ՝ մեծ սրտով։ Այսպես է նկարագրում թարգմանիչ Գասպարյանը, ով նաև հանդիպել ու շփվել է մոտիկից աշխարհահռչակ արտիստի հետ. «Շատ մեծ երգիչ է, շատ մեծ բանաստեղծ է: Նա երգեր ունի, որոնք գոհարներ են բանաստեղծական: Բայց ամենակարևորը՝ համաշխարհային սիրո արժանացավ հատկապես իր մարդ տեսակի շնորհիվ. Բոլորը զարմանում էին, թե ինչ նվիրված ընկեր է, հոգատար մարդ, օրինակ հենց Էդիդ Պիաֆֆի համար»։