[Բեռլինալե - 2017] Քաղաքական, սեքսուալ ու դրամատիկ. 5 ֆիլմ Բեռլինի կինոփառատոնից պարտադիր դիտման համար

February 18, 2017

«Ես Ձեր նեգրը չեմ»I Am Not Your Negro



Ռաուլ Պեկի վավերագրականը հիմնված է Ջեյմս Բոլդուինի չավարտած մեմուարների վրա: Ռասիզմի և սեգրեգացիայի մասին պատմող գրքում տեղ են գտել երեք առաջնորդների կենսագրություններ՝ Մալքոլմ Իքս, Մարտին Լյութեր Կինգ, Մեդգար Էվերս. հեղինակն անձամբ ճանաչում էր բոլորին։ Բոլդուինի տեքստը կարդում է դերասան Սեմյուել Էլ Ջեքսոնը. դիտել անհրաժեշտ է միայն և միայն օրիգինալ տարբերակով։



«Խնջույք» / The Party


[embed]http://www.youtube.com/watch?v=W_3BCLgdHhQ[/embed]
Սալի Փոթերի ֆիլմը հիշեցնում է և Ագաթա Քրիստիի դետեկտիվները, չեխովյան պիեսները, Ջարմուշի սև ու սպիտակ կոլորիտը, իսկ ոմանք զուգահեռներ են անցկացնում Թոմաս Վինթերբերգի Տոնախմբության հետ։
Նորընտիր նախարար Ջանեթն իր տուն է հրավիրում ամենամտերիմ ընկերներին՝ պաշտոնավարումը  նշելու ակնկալիքով, սակայն իրար ետևից բացվող Պանդորայի արկղերը խեղդում են ներկաներին ճշմարտության չափաբաժնով։ Սրամիտ, ոճային և դինամիկ տրագիֆարսը նման է հարևան երկրների կամերային ֆիլմերին, բայց միևնույն ժամանակ բրիտանավայել շքեղ է և յուրահատուկ։ Ֆիլմի ամբողջական ռեվյուն` այստեղ:

«Հույսի այն կողմը» / The Other Side of Hope


[embed]http://www.youtube.com/watch?v=ISKu1a9enGY[/embed]
Ակի Կաուրիսմյակին այդքան էլ ծանոթ չէ հայ հանդիսատեսին։ Եվ իզուր։ Ֆինլանդացի ռեժիսորն ունի յուրահատուկ վիզուալ զգացում, որը կարելի է համեմատել Ուես Անդերսոնի կադրակառուցվածքի հետ։ Սակայն Կաուրիսմյակիի ֆիլմերը այդքան էլ հեքիաթային չեն. իր մոտ տիրում է ավելի շուտ ռեալիսիկ հեգնանքը՝ հիմնականում փախստականների ու անհաջողակների և իրենց օգնության ձեռք մեկնած բարի մարդկանց մասին (նման մի բան տեղի է ունենում նաև այս ֆիլմում, մանրամասն՝ այստեղ։
Ռեժիսորի մոտ հույսը միշտ վերջինն է մահանում, սակայն անգամ մահվան տեսարանը կարող է նկարված լինել հեգնանքով ու զավեշտալի։

«Վերջին դիմանկարը» / Final Portrait


[embed]http://www.youtube.com/watch?v=2j75HGZcqXg[/embed]
Դերասան Սթենլի Տուչիի ռեժիսորական աշխատանքը պատմում է հայտնի քանդակագործ և նկարիչ Ալբերտո Ջակոմետտիի և արվեստի քննադատ Ջեյմս Լորդի հարաբերությունների մասին։ Բացի էսթետիկա-տաղանդավոր տանդեմից, որտեղ Ջեֆրի Ռաշը շոյում է սինեֆիլների զգացումները, իսկ Արմի Համերը մնացած ամեն ինչը, ռեժիսորը պատկերում է հաջողակ, ճանաչված և սիրված, սակայն ոչ այդքան երջանիկ արվեստագետի կենցաղը, ամբիցիաներն ու պարզ, մարդկային հաճույքները։ Ստացվել է համեստ, բայց ճաշակով։
Ավելի մանրամասն` այստեղ

«Կանչիր ինձ քո անունով» / Call Me by Your Name


[embed]http://www.youtube.com/watch?v=QkJ5H_LnRTY[/embed]
Կվիր-մելոդրաման հիշեցնում է Էրիկ Ռոմերի ամառային ինտելեկտուալ love story-ները կամ վաղ Բերտոլուչիի շրջանը, իսկ մթնոլորտային բաղադրիչը վարակում է վինտաժային ատրիբուտիկայով և դիսկո մոտիվներով։ Սիրահարված տղամարդկանց բարդ հարաբերությունները (հայտնի Արմի Համերն ընդդեմ նորահայտ Թիմոթի Շալամեի) թողնում են կիսատ ասելիքի ետնահամ։
Իտալական շարմին և ոճին հատուկ էլեգանտությամբ ռեժիսոր Լուկա Գուադանյինոն ստեղծում է հանդիսատեսի համար «դոլչե վիտայի» միֆը, որտեղ ամենուրեք տաք է և կանաչապատ, իսկ անվերջ թվացող գայթակղիչ ամառը դրախտ է, սակայն առանց արգելված պտուղի։
Ամբողջական ռեվյուն այստեղ: