[Վենետիկ-2017] Էպիկենտրոնում մայրն է․ ՄքԴորմանդի տրագիկոմեդիան, Արոնոֆսկու չկատակերգությունը և Քլունիի կոենիզմը

September 11, 2017

«Երեք պաստառ Էբինգից դուրս, Միսսուրի», ռեժիսոր-սցենարիստ, փայլուն Ֆրենսիս ՄքԴորմանդը և նրա կերպարանավորած՝ դեռահաս աղջկան կորցրած մոր կերպարը։ Փառատոնի ամենաաղմկահարույց ֆիլմը՝ Դարեն Արոնոֆսկու «մա՛յրը», որը բնագրում փոքրատառով է գրվում և բացականչական նշանով: Եվ իտալական «Ընտանիքը». մրցութային ծրագրի ամենաանհաջող ֆիլմերից մեկը, որտեղ մոր դերը բաժին է հասել իտալական ժամանակակից կինոյի պահանջված դերասան Միկաելա Ռամացոտտիին: Ընտանեկան հարաբերությունների և մասամբ մայրության պրիզմայով է ներկայացված ռեժիսոր Ջորջ Քլունիի և Կոեն եղբայրների «Սըբուրբիքոն» քրեական ատրակցիոնը, որը նմանվում է եղբայրների վաղ շրջանի ֆիլմերին։ newmag-ի կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը Վենետիկում դիտել է բոլոր ֆիլմերը:



«Երեք պաստառ Էբինգից դուրս, Միսուրի» / Three Billboards Outside Ebbing, Missouri


Հիսունն անց, ամուսնալուծված վաճառողուհի, անկոտրում ու սարկաստիկ Միլդրեդ Հեյնզն ապրում է Էբինգ անունով փոքր քաղաքում, այնքան փոքր, որտեղ անհնար է փռշտալ այնպես, որ հարևանը չնկատի։ Միլդրեդի դեռահաս աղջիկը՝ խնճույքի գնալիս, մորից խնդրում է տան ավտոմեքենան, ավելի շուտ՝ պահանջում է։ Կարճ և էմոցիոնալ վիճաբանության վերջում մայրը մերժում է, աղջիկը՝ շրխկացնելով դուռը, դուրս է գալիս տնից: Ժամեր անց ոստիկանությունը աղջկան հայտնաբերում է սպանված և բռնաբարված, էբինգից դուրս, Միսսուրի։
Տեղեկան ոստիկանությունն ու շերիֆ Ուոլոբին (Վուդի Հարելսոն) ուրախ կլինեն օգնել, սակայն դեպքի վայրում ոչ մի փաստանշան չկա, մարդասպանի ԴՆԹ-ն չկա ոստիկանության տվյալների բազայում: Մյուս ոստիկանները, հատկապես ալարկոտ սպա Դիքսոնը (Սեմ Ռոքուելի լավագույն դերերից մեկը), առանձնապես ոգևորված չեն որոնումներով: Գործը հայտնվում է դարակում։ Միլդրեդը հայտարարում է պատերազմ. վարձակալում է երեք գովազդային պաստառ՝ Էբինգից դուրս, Միսսուրի, որոնց միջոցով դիմում է ոստիկանութանն ու հատկապես շերիֆին՝ մեղադրելով անգործության մեջ։

«Բրյուգեով» հայտնի դարձած ռեժիսոր, սցենարիստ և դրամատուրգ Մարտին ՄքԴոնահի ոստիկանական-ընտանեկան տրագիկոմեդիան ոչ մի կապ չունի ամերիկյան կինեմատոգրաֆի դետեկտիվների հետ, որտեղ կինոյի լավ տղաները գտնում և պատժում են կինոյի վատ տղաներին։ Նրա պատմությունը ոչ թե վրեժի և վրեժխնդրության, չարացած ծնողների և եսասեր ոստիկանների, բարիների ու չարերի մասին է, այլ պարզ, մարդկային հարաբերությունների, որոնք հնարավոր են ավելի շուտ հենց այդպիսի փոքրիկ քաղաքներում։ Ոճային ժապավենն առաջին հերթին գերում է բազմաթիվ սրամիտ երկխոսություններով, որոնք կառուցված են ոչ թե զուտ fuck բառի շահագործման և նացիստական կատակների, այլ ամբողջական և հասկանալի հերոսների վրա, մարդկանց, որոնց  մոտենալ ես ցանկանում, զրուցել հետները, ծանոթանալ։


[Վենետիկ-2017] Կինոփառատոնի գլխավոր թեման` երջանկության որոնումը, Ալեքսանդր Փեյնի և Գիլիերմո Դել Տորոյի նոր, հակասական ու հավակնոտ ֆիլմերում


Կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ հերոսների անձնական սյուժեները մի փոքր կտրուկ են թռչկոտում մի սյուժետային գծից մյուսը, և ռեժիսորի գերխնդիրն այնքան էլ հստակ չէ, (գոնե ֆիլմի առաջին մասում): Կերպարներն անթերի են: ՄքԴոնահը կարևորում է բոլոր հերոսներին, անխտիր. և՛ առաջնային, և՛ երկրորդական: Շատ հաճախ պարզապես  դժվար է նրա կերպարներն առանձնացնել և դասակարգել ըստ կարևորության։ Յուրաքանչյուր հերոս, անգամ Միլդրեդի նախկին ամուսնու 19-ամյա հիմարիկ ընկերուհին, ընդամենը մի քանի րոպեով հայտնվող «Գահերի խաղի»  աստղ՝ Փիթեր Դինքլեջի հերոսը, սպա Դիքսոնի գեր և կոլորիտային մայրը, որն անդադար ծխում է, հեռուստացույց դիտում և որդյակին անդադար ուղղորդում՝ համալրում են առանց այդ էլ ջերմ զգացումներ պարգևող տրագիկոմեդիան, ինչի շնորհիվ ՄքԴոնահը ամրապնդում է իր տեղը համաշխարհային կինեմատոգրաֆի արխիվում՝ զբաղեցնելով իր տեղը Գայ Րիչիի, Կոենների ու Քվենթին Տարանտինոյի կողիքն։


«Սըբուրբիքոն» / Suburbicon


Ֆիլմի առաջաբանը եթե ոչ հղում, ապա հիշեցնում է Դևիդ Լինչի «Կապույտ թավիշի» բացման տեսարանը՝ գողտրիկ առանձնատներ, խուզած գազոններ և խնամված կանայք, որոնք իրենց ջանասեր տղամարդկանց ճանապարհում են աշխատանքի: Իդեալական կյանք՝ միջին դասի համար: Այս ուտոպիստական, ամերիկյան կենցաղում, 50-ականների վինտաժային անտուրաժի շղարշի տակ հայտնվում է սևամորթ ընտանիքն ու բնակություն հաստատում մինչև այդ կուսորեն ճերմակ Սըբուրբիքոնում: Հենց այդ օրերին, երբ փոքրիկ քաղաքի անշտապ կյանքը դադարում է սահել իր իդեալական հունով, Գարդներ (Մեթ Դեյմոն) և Ռոուզ (Ջուլիաննա Մուր) Լոջերի տուն են ներխուժում անհայտ անձինք և ընտանիքի բոլոր անդամներին «անջատում են» քլորոֆորմի միջոցով: Ժամեր անց պարզվում է, որ ընտանիքի մայրը՝ Ռոուզը, մահացել է, և ընտանիքի միակ երեխան՝ դեռահաս Նիքին, զրկվում է հոգատար մորից, որին Սըբուրբիքոնում ուղղակի պաշտում էին: Սակայն Ռոուզի տեղը հաշված վայրկյանների ընթացքում զբաղեցնում է նրա երկվորյակ քույրը՝ Մարգարեթը (կրկին Ջուլիաննա Մուր): Նա հենց թաղման հաջորդ օրը մտնում է վարսավիրանոց, գունափոխում մազերը՝ դառնալով իր քրոջ կրկնօրինակը, և բնակություն հաստատում Գարդների տանը. չէ՞ որ Նիքին հենց այս օրերին մոր կարիք ունի, իսկ Գարդները՝ նվիրված մեկի, որը հոգ կտանի իր մասին: Ակնհայտ ըդալթըրի՝ իր ամբողջ հմայքով:
Ջորջ Քլունին ձեռքի տակ ունեցել է տիպիկ կոենական պատմություն՝ չսիրող ամուսինների, ակնհայտ, սպառողական ամբիցիաների և մանր հանցագործների մասին: Սակայն այս ամբողջական պատմությանը գումարել է նաև սևամորթ ընտանիքի սոցիալ-քաղաքական կոնֆլիկտը՝ հիշեցնելով, որ ռասիզմը ոչ մի տեղ էլ չի կորել, չի չքվել և չի անհետացել. ուղղակի կես դար առաջ տանդ դիմաց վառում էին անվադողերն ու ջարդում մեքենայիդ ապակիները, կնոջդ չէին սպասարկում տեղական սուպերմարկետում, իսկ երեխադ, ավելի լավ է, տնից դուրս չգար: Արհեստական իդիլիան, որով ապրում է Սըբուրբիքոն հորինված անվանմամբ քաղաքի ճնշող մեծամասնությունը, հիմնված է ստի և դավաճանության վրա, հարգարժան տղամարդիկ իրականում թքած ունեն սեփական ընտանիքների վրա և տարված են միայն անձնական երազանքներով, օրինակ՝ Արուբա այցելելու մասին:

Մեթ Դեյմոնի Գարդները բավականաչափ տհաճ մարդ է, լպրծուն, միապաղաղ, կանխատեսելի: Հերոսի մոտիվացիան չափից դուրս պարզ է և պրիմիտիվ, այդ իսկ պատճառով տարօրինակ չէ, որ Օսքար Այզեքի հերոսի՝ ապահովագրությամբ զբաղվող հմայիչ խուզարկուի տեսարանների ժամանակ ֆիլմը, կարծես, դեն է նետում արհեստական շնչառության դիմակն ու լիարժեք շնչում թարմ, մաքուր օդով:
«Սըբուրբիքոնն», իհարկե, դիտարժան ֆիլմ է, որը նայվում է հաճույքով՝ հանդիսատեսին ստիպելով ժպտալ և նույնիսկ զվարճանալ: Սակայն ռեժիսոր Քլունին չի դիմել ոչ մի նորարարության և արհեստավարժության: Այս ամենը մենք արդեն տեսել ենք տարիներ առաջ՝ նույն Կոենների վաղ շրջանի ֆիլմերում: Չկան այնպիսի վառ դերեր, որոնք կհավասարվեն նույն Կոենների Լեբովսկուն կամ Ուոլեթերին: Իսկ սևամորթ ընտանիքի ու Լոջերի սյուժետային գծերը կապակցվում են դժվարությամբ և ավելի շատ հիշեցնում են երկու առանձին, ինքնուրույն պատմություններ, որոնք ֆիլմի ավարտին միանում են ամբողջական պաթոսի ու նախատինքի ենթատեքստում:


«մա՛յր» / mother!


Անհայտ վայրում, բոլորի աչքից հեռու և առանձին ապրում է ամուսնական զույգը: Կինը երիտասարդ է ու չքնաղ (Ջենիֆեր Լոուրենս), զբաղվում է հին տան նորոգմամբ, խնամքով ներկում է պատերը, հաճույքով ընտրում ներկերի գույները, մի խոսքով վառ է պահում օջախի: Ամուսինը (Խավիեր Բարդեմ) կնոջից երկու անգամ մեծ է, հայտնի գրող է, սակայն այժմ ստեղծագործական ճգնաժամ է ապրում: Մի օր նրանց դուռն է թակում անծանոթը (Էդ Հարիս)՝ ամուսինների տունը շփոթելով b’n’b-ի հետ: Անծանոթը հիվանդ է, արյուն է հազում, թույլ է. ամուսինը նրան առաջարկում է գիշերել: Հաջորդ օրը տուն է ներխուժում անծանոթի կինը (Միշել Պֆայֆեր), այնուհետև՝ երկու որդիները: Չարաշահելով ամուսինների հյուրընկալությունը՝ նրանք սկզբում ծխում են տանը, դատարկում սառնարանը (լիմոնադ պատրաստելու նպատակով), չեն զսպում սեքսուալ ցանկությունները և անսահման հետաքրքրությունը (հայտվում են գրողի առանձնասենյակում և կոտրում են թանկարժեք բյուրեղը ) այնուհետև վիճաբանում են և արյուն թափում:

Հանդիսատեսը երկու ժամ ապրում է Արոնոֆսկու դրախտում, սեփական Արարիչով, Ադամով ու Եվայով, Կայենով ու Աբելով, որտեղ յուրովի է պատկերված նաև արգելված պտուղը: Աստծո պաշտամունքը ֆիլմում ներկայացված է ժամանակից ֆանատիզմի դիտանկյունից՝ վերածվելով կրոնական վակխանալիայի: Ֆիլմն առաջաբանից մինչև վերջ ներկայացված է թրիլերի ու հորորի եզրին՝ սյուրռեալիստական ֆանտասմագորիայի չդադարող, քաոսային ռիթմով: Կիթչային կրակը ֆիլմի վերջում ու սկզբում, Վերածնունդն ու Զոհաբերությունը կարող են դիտարկվել բազմակի, չընդունվել, ծիծաղելի թվալ կամ գուցե հուզել: Պետք է պարզապես շունչ քաշել և մարսել:
Այստեղ և՛ ֆեմինիստական ենթատեքստն է՝ իրեն մինչև վերջին կաթիլը նվիրաբերող կնոջ պատմությամբ, և՛ Աստծո որդու ալեգորիան, և՛ տղամարդկային եսասիրությունը: Փայլուն Լոուրենսը, որին հերոսուհին ուղղակի չի հասկանում այսքան անսպասելի իր տուն ներխուժած քաոսի իմաստն ու նշանակությունը, հանդիսատեսին օգնում է լիիրավ մասնակիցը դառնալ Կտակարանի՝ ըստ Դարենի, ինչպես, օրինակ, Միա Ֆերոուի հերոսուհին՝ Ռոման Պոլանսկու «Ռոզմարիի երեխան» ֆիմում:


Կինոյի մասին կարդացեք նաև.



Վենետիկի կինոփառատոնի առաջին սեանսի ժամանակ, որտեղ ներկա էին միայն կինոքննադատներն ու կինոոլորտի ներկայացուցիչները և բացակայում էին ֆիլմի ռեժիսորն ու դերասանական կազմը, «մա՛յրն» արժանացավ անվստահ ծափերի, բարձր և վրդովված բազմաթիվ «բո՜ւ»-երի, շատերը պարզապես չհասկացան, թե ֆիլմն իրենց դուր եկա՞վ, թե՞ ոչ: Եվ իրոք, Արոնոֆսկին վաղուց հեռացել է իր նախկին աշխատաոճից և այժմ ստեղծագործում է ժանրերի սահմանին՝ խառնելով ենթաժանրերը և պատմությունը վերածելով հոլյուցինացիայի, որից հետո ուղղակի թայմ աութ է պետք վերցնել: