Newmag-ն ազդարարում է նոր՝ մանկական «Երազ» մատենաշարի սկիզբը (թիզեր)

April 14, 2023

«Սոմնիում» ընկերությունների խմբի «Երազ Փրոջեքթսը» և Newmag հրատարակչությունը համատեղ նախաձեռնել են «Երազ» մատենաշարը։ Գործակցության շնորհիվ «Երազը» կներկայացնի հայ և արտասահմանյան մանկագիրների գրքերը։ Մատենաշարի սկիզբը կազդարարվի ապրիլի 15-ին։ Իսկ առաջին երեք գրքերը պատրաստ կլինեն արդեն մայիսի 20-ին։

«Սոմնիում» ընկերությունների խմբի նախագահ Տիգրան Հարությունյանն ու Newmag հրատարակչության  տնօրեն Արտակ Ալեքսանյանը կստորագրեն գործակցության հուշագիր, ըստ որի՝ այս տարվա ընթացքում կհրատարակվի հայ և արտասահմանցի մանկագիրների 4 գիրք։ Գործակցության շնորհիվ գրքերը երեխաներին կհասնեն ավելի էժան գնով։

«Երազ» մանկական մատենաշարի մեկնարկի հանդիսավոր արարողության ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ խորհրդանիշին, հրատարակչական նոր ձևաչափին և առաջիկա գրքերի ցանկին։  «Երազ» մատենաշարը նոր մշակույթ կբերի մանկական գրականություն։ Յուրաքանչյուր տարիքային խմբի գիրք կունենա համապատասխան տառատեսակ, տառաչափ, դասակարգում, պատկերազարդում. Սա նոր մշակույթ է Հայաստանի մանկական գրահրատարակչական ոլորտում։ 

                                                                        

«Երազ» մատենաշարը կունենա իր խորհրդանիշը։ Մանկական գրքերի վրա պարտադիր կլինի մեր«Միաեղջյուրը», որը երեխաներին հայտնի է ճակատի հատվածում մեկ եղջյուր ունեցող ձի։ Առասպելական այդ կենդանին խորհրդանշում է ողջախոհություն, հոգեկան մաքրություն։ «Երազ» մատենաշարի գրքերը կունենան  չորս դասակարգում՝ ԱՅԲ, ԲԵՆ, ԳԻՄ, ԴԱ՝ համապատասխանաբար նախատեսված 0-ից 6, 7-ից 9, 10-ից 12, 12 և բարձր տարիքային խմբերի համար։ Այս կատեգորիաների բաժանումը ոլորտում նորույթ է։

Դասակարգումները տեղ կգտնեն գրքերի վրա և թույլ կտան ծնողներին ու երեխաներին հեշտությամբ ընտրել գրքերը՝ ըստ տարիքի։ Բացի այդ՝ մանկական մատենաշարի գրքերը կունենան հատուկ տառատեսակ։ Հենց երեխաների գրքերի համար մշակվել է «Հեքիաթ» կոչվող հեղինակային տառատեսակը, որը հեշտ ընթեռնելի է։

Ապրիլի 15-ին կհրապարակվի առաջին երեք գրքերի ցանկը, իսկ մայիսի 20-ին «Newmag» հրատարակչությունը կներկայացնի մատենաշարի նոր գրքերը, որոնք երեխաներն արդեն կարող են ընթերցել ամառային արձակուրդներին։ Գրքերից բացի մատենաշարը կներկայացնի նաև «Երազի» գրքերի հերոսներով գրենական պիտույքներ և բազմաթիվ անակնկալներ։