Ինչո՞ւ արժե սիրահարվել գրքասերին. գիտականորեն ապացուցված հիմնավորում

August 14, 2016

Դուք երբևէ կարդացել եք գիրք՝ սկզբից մինչև վերջ, կլանել այն ծայրից ծայր, ուսումնասիրել շապիկը, կարդացել անգամ վերջին էջի գրությունները, շնորհակալության զգացում ապրել գրքի համար, կարծել, որ մինչև այդ գիրքը կարդալը ձեր մի մասնիկն ասես ինչ­որ տեղ կորած էր ու հիմա գտնվեց: Դա անծանոթին սիրահարվելու պես մի բան է, երբ վստահ եք, որ նրան այլևս չեք տեսնելու, բայց միևնույն ժամանակ ուրախ եք, երջանիկ: Դա այն փորձն է, կապը և հարստությունը, որը դուք ձեռք եք բերում՝ տիրանալով մեկ ուրիշի հոգուն: Դուք «կուշտ» եք, բավարարված, թեև ոչ երկար ժամանակով: Սա ընթերցանության այն տեսակն է, որը կոչվում է «խորը ընթերցանություն», տեսակ, որն ավելի ու ավելի հազվադեպ է հանդիպում մեր արագընթաց, մեկը մյուսին գլխապտույտ արագությամբ հաջորդող օրերում:
Յորքի համալսարանի հոգեբան Ռեյմանդ Մարսի հետազոտությունների համաձայն՝ մարդիկ, ովքեր ավելի շատ են սիրում են կարդալ գեղարվեստական գրականություն, նաև ավելի շատ են հակված կարեկցել դիմացինին, հասկանալ նրա հայացքները, հետաքրքրությունները և հաշվի նստել դրանց հետ: Նրանք կարող են սատարել այլ մարդկանց մտքերը՝ առանց մերժելու դրանք և առանց հրաժարվելու սեփական մտքերից: Ամենայն հավանականությամբ հիմա դուք փորձեցիք վերհիշել ձեր նախկին զուգընկերոջը: Արդյոք տեսե՞լ եք նրան գիրք կարդալիս, զրուցել եք նրա հետ գրքերի մասին: Եթե պատասխանը «ոչ» է, ապա միանշանակ արժե մտահոգվել այդ մասին ձեր նոր զուգընկերոջը փնտրելիս:
Բանն այն է, որ գրքասերները վերացական ձևով ապրելով մեկ ուրիշի կյանքը հասկանում են, թե ինչ է նշանակում դուրս գալ սեփական մարմնից և աշխարհին նայել ուրիշի աչքերով: Նրանք հասցրել են ճանաչել հարյուրավոր այլ հոգիներ, իմաստություն են քաղել նրանցից, «ապրել են» այնպիսի մարդկանց կորուստներ, որոնց դուք երբևէ չեք էլ ճանաչի: Նրանք գիտեն, թե ինչ է նշանակում՝ լինել կին, և գիտեն, թե ինչ է նշանակում՝ լինել տղամարդ:
Մարսի հետազոտությունն ըդնգրկել է նաև երեխաներին և ևս մեկ անգամ ապացուցել, որ ամենախելացի, նոր միջավայրին և նոր մարդկանց ամենաարագ հարմարվող և ամենահասկացող երեխաները շատ կարդացող երեխաներն են: Եվ այս ամենն այն պատճառով, որ հենց գրքեր կարդալն է ձևավորում մեր անհատականությունը, ուղղումներ անում մեր բնավորության մեջ: Գլխավոր հերոսի յուրաքանչյուր հաղթանակ, յուրաքանչյուր սովորած դաս, յուրաքանչյուր ճակատագրական պահ մենք ընկալում ենք ասես մեր սեփականը, վերապրում ամբողջ ցավն ու դժվարությունը հերոսի հետ, ճանապարհորդում նրա հետ միասին:
Որտե՞ղ փնտրել գրքասերներին. սրճարանում, այգիներում կամ մետրոներում ուսապարկերով կամ պայուսակներով: Նրանք հետաքրքրասեր են և հետաքրքիր զրուցակից. հավատացեք՝ նրանք կբացահայտեն իրենք իրենց մի քանի րոպեի ընթացքում:
Նրանք չեն շատախոսի, այլ կզրուցեն. Նրանք ձեզ նամակներ ու երկար տեքստեր կգրեն՝ հաճախ բանաստեղծությունների տեսքով: Նրանց բառապաշարը հարուստ է, նրանք պարզապես չեն պատասխանում հարցերի, այլ հիմնավորում են ինչ­որ բան, համոզիչ ու խորը մտքեր արտահայտում, տեսություններ առաջ քաշում: Եվ միևնույն ժամանակ, նրանք հիանում են ձեր բառապաշարով ու մտքերով:
Ընթերցանությունը բառապաշարի զարգացման առարկա է, որը չեն դասավանդում դպրոցներում: Բայց հենց դրա շնորհիվ է երեխայի մոտ հարստանում բառապաշարը, առավել, քան դպրոցում ուղղակի ուսուցման արդյունքում: Եթե դուք շփվում եք գեղեցիկ խոսող մարդկանց հետ, ձեր բառապաշարն էլ ինքնաբերաբար ավելի հարուստ ու գեղեցիկ է դառնում:
Նրանք չեն ստանում ձեզ, նրանք հասկանում են ձեզ. Սիրահարվեք այնպիսի մարդու, ով կկարողանա տեսնել ձեր հոգին, այնպիսի մարդու, ում դուք կցանկանաք թողնել ձեր հոգու անգամ ամենահեռավոր անկյունները: Այդ մարդը չպետք է պարզապես իմանա ձեզ, նա պետք է ամբողջությամբ ճանաչի ու հասկանա ձեզ:
Լավագույն գրողները իրենց ընթերցողներին նույնպես դարձնում են գրողներ: Երբ հերոսն ամբողջությամբ չէ բացահայտված, ձեր գիտակցությունը սկսում է լրացնել նրան: Դա ապացուցվում է, երբ գիրքը նոր ընթերցողներ է գտնում: Միաձուլվելով գրքի հերոսներին, որոնց իրենք երբեք չեն էլ հանդիպել, նրանք կարողանում են ավելի հեշտությամբ հասկանալ իրենց շրջապատող մարդկանց, փորձում են աշխարհին նայել դիմացինի տեսակետից ու ընկալումով մոտենալ մարդու մտքերին ու արարքներին:

Նրանք միայն խելացի չեն, նրանք նաև իմաստուն են. Գիտելիքների չափից շատ ցուցադրումը կարող է ձանձրալի լինել դիմացինի համար, իսկ ահա իմաստությունը այն է, ինչը հետաքրքրություն է առաջացնում, ձգում ու գրավում մարդու մեջ, մղում բարձրանալ նրա մակարդակին: Շատ կարդացող մարդիկ նաև շատ լավ հիշողություն ունեն, հենց դրա շնորհիվ էլ կարողանում են ավելի լավ ու արդյունավետ շփվել: Սիրահարվել գրքասերին նույնն է, ասես սիրահարվես գիտնականին, ռոմանտիկին և հետազոտողին միաժամանակ: Գրքասերների հետ երբեք ձանձրալի չի լինում: Նրանց հետ ապրել մեկ կյանք նշանակում է ապրել ու բացահայտել մի քանի հազար ու տարբեր կյանքեր միաժամանակ:



 Ըստ Լորեն Մարտինի  Why Readers, Scientifically, Are The Best People To Fall In Love With  հոդվածի

 Աղբյուրն՚ այստեղ