Բրազիլիայի ընտրություններում հաղթեց «արևադարձային Թրամփը». կնատյաց, մարդատյաց բռնապետը

November 1, 2018

«Այս երկիրը պատկանում է բոլորիս` ծնունդով ու ոգով բրազիլացիներիս: Բրազիլիան տարբեր կարծիքներ, գույներ և օրիենտացիաներ ունի»,- հեռուստատեսային առաջին ելույթում ասել է նա: 63-ամյա գործիչը խոստացել է փոխել երկրի ճակատագիրը: Այս խաղաղասիրական տոնայնությանը հակասեց նրա հաջորդ խոսքը. «Մենք այլևս սիլի-բիլի չենք անելու սոցիալիստների, կոմունիստների, պոպուլիստների հետ»:
Ռադիկալ քննադատները Բոլսոնարուին բնորոշում են որպես ֆաշիստի: Բրազիլիայի նոր անխագահին հաճախ անվանում են «արևադարձային Թրամփ»: Նրան երբեմն համեմատում են Բենիտո Մուսոլինիի և նույնիսկ Հիտլերի հետ: Ամերիկյան մամուլը նրան անվանել էր «աշխարհի # 1 կնատյաց գործիչը», ավստրալական մամուլը` «աշխարհի ամենաատելի քաղաքական գործիչ», բրիտանականը` «կրանոկան ազգայնական», «բռնապետության պաշտպան»:
Առաջիկա չորս տարին այս մարդն է նախագահելու Բրազիլիան:
Ո՞վ է Ժաիր Բոլսոնարուն
Բոլսոնարուի նախնիները Բրազիլիա են ներգաղթել Եվրոպայից` 19 դարի 2-րդ կեսին: Նրա արմատներն իտալական են` գերմանականի խառնուրդով. մասամբ այդտեղից է գալիս համեմատությունը Իտալիայի և Գերմանիայի բռնապետների հետ:
[caption id="" align="aligncenter" width="640"] Mauro Pimentel / AFP / Scanpix / LETA[/caption]
Բոլսոնարուն առավել հայտնի դարձավ 1986-ին` Բրազիլիայում 20 տարուց ավելի իշխած ռազմական խունտայի անկումից մեկ տարի հետո: Լինելով գործող սպա, նա հարցազրույցում դժգոհել էր ցածր աշխատավարձից, և մեղադրել հրամանատարությանը: Նա դժգոհել էր, որ անբարեխիղճ սպաներին ծառայությունից հեռացնում են բյուջեյի կրճատման, ոչ թե նրանց խախտումների պատճառով: Այդ հարցազրույցի համար Բոլսոնարուն ենթարկվել է  15-օրյա կալանքի: Նրան ակտիվորեն պաշտպանում էին ծառայակիցներն ու նրանց կանայք` ստորագրելով նրան ազատ արձակելու պահանջով լի բազմաթիվ ուղերձներ:
1988-ին` պաշտոնաթողությունից հետո, նա ընտրվում է Ռիո դե Ժանեյրոյի քաղխորհրդի անդամ, երկու տարի անց էլ` բրազիլական կոնգրեսի ստորին պալատ, որտեղ աշխատում է 27 տարի:
Բոլսոնարուն աշխարհին հայտնի դարձավ արևմտյան հասարակության համար զգայուն թեմաներին նվիրված իր աղմկահարույց ելույթներով:
Նույնասեռականների մասին


  • «Չեմ ուզում խտրականություն դրսևորել, բայց եթե տեսնեմ համբուրվող երկու տղամարդու,  մի կքոթակեմ երկուսին էլ»:

  • «Եթե որդիս հոմոսեքսուալ լիներ, ես չէի կարողանա սիրել նրան: Չեմ ուզում կեղծավոր լինել. ես կնախընտրեի, որ իմ տղան զոհվեր ավտովթարից, քան հայտնվեր մորուքով երիտասարդի կողքին»:

  • «Մենք` բրազիլացիներս, չենք սիրում հոմոսեքսուալներին»:


Կանանց մասին

  • «Ես ունեմ հինգ երեխա: Չորսն արու են: Հինգերորդն էգ ծնվեց, որովհետև ես նրան բեղմնավորեցի թուլության պահին»:

  • «Ես քեզ չէի բռնաբարի, որովհետև դու դրան արժանի չես» (քաղաքական մրցակցուհուն դիմելիս)


Դատապարտյալների իրավունքների մասին

  • «Ես կտտանքների կողմնակից եմ»

  • «Բրազիլիայի բանտերը հրաշալի վայր են: Դրանցում մարդիկ քավում են իրենց գործած մեղքերը, ոչ թե հանգստանում են: Ով բռնություն է գործել, գողացել ու սպանել` հայտնվում է այդտեղ, որպեսզի տառապի, ոչ թե հանգստյան օրեր վայելի:

  • «Ի՜նչ է, մենք պետք է այդ վիժվածքների համար լավ կյա՞նք ապահովենք: Իրենց ամբողջ անիծյալ կյանքը նրանք նվիրեցին մեզ «շինելուն», իսկ ազնիվ աշխատողները պետք է նրանց համար լավ կյա՞նք ապահովեն բանտում: Բավական է. թող իրա′ր շինեն: Միայն այդպես, գրողը տանի»:


Փախստականների մասին

  • «Ամբողջ աշխարհից տականքները հավաքվեցին Բրազիլիայում… կարծես մենք ուրիշ խնդիր չունենք»:


Իր նախընտրական արշավը Բոլսոնարուն անցկացրեց «Բրազիլիան ամենից վեր է, Տերը` բոլորից» կարգախոսով: «Մեր պետությունը քրիստոնեական է, իսկ փոքրամասնությունները պետք է փոխվեն, եթե կարող են»:
Բրազիլիայում հատկապես զգուշանում են նրա հրապարակային հայտարարությունից: Նա հավանություն է տալիս  ռազմական բռնապետությանը, որն անվանում է «Բրազիլիայի ամենափառահեղ  ժամանակաշրջանը»:  Բոլսոնառուն 1993-ին ասում էր. «Մենք երբեք չենք կարող ազգային լուրջ խնդիր լուծել այս անպատասխանատու ժողովրդավարության պայմաններում»: Նա խոստանում էր հեղաշրջում անել նախագահ դառնալու առաջին իսկ օրը: Բոլսոնարուի խոսքով` «բռնապետության սխալն այն է, որ սպանելու փոխարեն ընդամենը կտտանքների է ենթարկում»:


Կարդացեք նաև.



Ինչո՞ւ նա հաղթեց
Ռազմական բռնապետության անկումից հետո` 1985-ին, Բրազիլիան ղեկավարել են հիմնականում ձախ ուժերը: 2002-ից 13 տարի իշխանության ղեկին էր Աշխատավորների կուսակցությունը: Մինչև 2010-ը երկրում տնտեսական ակտիվությունն աճում էր: Բրազիլիան հավակնում էր աշխարհում իր կարգավիճակի բարձրացմանը և հարևաններից ավելի հանգիստ հաղթահարեց 2008-ի ճգնաժամն ու ձեռք բերեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը 2014-ին և Ամառային օլիմպիական խաղերը 2016-ին անցկացնելու իրավունքը:
Նախագահ Ռուսեֆը պաշտոնավարման առաջին ժամկետում հայտարարել էր աղքատության հաղթահարման ծրագրի մասին, երբ տնտեսության աճն արդեն ակնհայտ դանդաղել էր: Միջազգային մարզական միջոցառումներին ընդառաջ սկսվել էր մեծածավալ շինարարություն, ինչի արդյունքում ստեղծվել էին նոր աշխատատեղեր` ուշադրությունից դուրս թողնելով մյուս ենթակառուցվածքների զարգացումը: Ահա ինչու 2013-ին զանգվածային ցույցեր անցկացվեցին, որոնք կրկնվեցին 2015-ին և 2016-ին:
Երկրում թափ առավ տնտեսական ճգնաժամը, մարզական կառույցների շինարարության ավարտին կտրուկ շատացան անգործները: Բլումբերգի գնահատմամբ` այդ ճգնաժամը Բրազիլիայում դարձավ վատագույնը վերջին 100 տարում:
Իրավիճակը բարդացավ նրանով, որ, չնայած երկար տարիների հռչակին, Աշխատավորների կուսակցության առաջնորդները չկարողացան կայուն քաղաքական համակարգ ստեղծել: Բրազիլիայի խորհրդարանում ներկայացված են բազմաթիվ մանր կուսակցություններ, որոնք մշտական կոնֆլիկտի և առևտրի մեջ են: Ռուսեֆը 2016-ի մայիսին պաշտոնանկ արվեց, նրանից առաջ պաշտոնավարած Լուլա դա Սիլվան ձերբակալվեց կոռուպցիոն մեղադրանքով:
Աշխատավորների կուսակցությունը փորձել է նախագահական ընտրություներում առաջադրել Դա Սիլվայի թեկնածությունը, բայց դատական իշխանությունը արգելանք է դրել: Դա է Բոլսոնարուի հաղթանակի գլխավոր պատճառներից մեկը. նրա հակառակորդների մեջ չգտնվեց վառ ֆիգուր: Բրազիլիայի մասնատված կուսակցական համակարգը Բոլսոնարուին հաղթելու հնարավորություն տվեց, թեև նրա թիկունքին չկար քաղաքական զորեղ մեքենա:
Բոլսոնարուի հիմնական ընտրողները մինչև 24 տարեկան երիտասարդներն են: Կարևոր մյուս խմբում, որն աջակցեց նրան, զինվորականներն են: Նրանք հույս ունեն վերականգնել հասարակության ներսում իրենց կարգավիճակը, որը  խաթարվել էր բռնապետության անկումից հետո:
Բացի այդ, Բոլսոնարուն տեխնոլոգիական առումով լուրջ արշավ իրականացրեց` առաջ տանելով այն գիծը, որ ինքը իշխող էլիտայի հետևողական հակառակորդն է: Հաճախ ինքն իրեն համեմատում է Թրամփի հետ. ինչպես նա է «ուզում Ամերիկան դարձյալ հզորացնել», այնպես էլ ինքը«դարձյալ հզոր կդարձնի Բրազիլիան»:
Բոլսոնառուի հաջողության գլխավոր պատճառն այն է, որ բրազիլացի ընտրողները հիասթափվել են նախորդ քաղաքական էլիտայից` վստահ լինելով, որ ավելի վատ, միևնույն է, չի լինի: Սակայն լիբերալ ռեֆորմները, որոնք նախանշել են Բոլսոնարուի խորհրդականները, կարող են վտանգել հասարկության բարեկեցությունը: Բոլսոնարուն նախատեսում է տնտեսական անհաջողությունները քողարկել` ուժեղացնելով հասարակության անվտանգությունը: Բրազիլիայում 2017-ին սպանվել է 64 հազար մարդ: Նախընտրական քարոզարշավում նա խոստացել էր ընդլայնել ոստիկանության լիազորությունները: Մինչդեռ չի բացառվում, որ դա հանգեցնի նոր զոհերի: Ընտրված նախագահի մրցակիցները հարցնում են` կարո՞ղ է նա կարգ ու կանոն հաստատել. չէ՞ որ ռադիկալ ֆրազներից բացի որևէ վճռական քայլ չի արել:

meduza





Հետևեք newmag-ին Telegramում և Instagramում