Երևանում անցկացվեց 6-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողովը

October 24, 2017

 Համաժողովն ավանդաբար կազմակերպվում է Cascade People & Business ընկերության և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի կողմից: Հայաստանի ՄՌ Ասոցիացիան հիմնադրվել է 2010թ-ին՝ համախմբելով ՄՌ ոլորտի առաջատար մասնագետների:
Այս տարվա համաժողովի գործընկերներն էին ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, Մայքրոսոֆթ Արէյ «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը և Բրեվիս ընկերությունը: Համաժողովին հրավիրված էին փոփոխությունների կառավարման ոլորտում միջազգային որակավորում ունեցող 15 փորձագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Դանիայից, Լեհաստանից և Ղրղզստանից:
Ընդհանրապես, համաժողովի նպատակն է`ստեղծել հարթակ մասնագետների` միմյանց հետ շփումների համար: «Տարածաշրջանային ՄՌ համաժողովը, որն ամեն տարի կազմակերպվում է Cascade People & Business ընկերության և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համատեղ ջանքերով, դարձել է ոլորտի տարեկան գլխավոր և ամենասպասված իրադարձությունը։ Ամեն տարի մենք մեծ խանդավառությամբ կազմակերպում ենք այս կոնֆերանսը և իրականում ունենք մեծ վստահություն, որ այս կարևոր իրադարձությունը պետք է ծառայի այսօրվա բիզնեսի բարգավաճմանը՝ բերելով նոր գաղափարներ, գիտելիքներ, արժեքավոր ծանոթություններ, հաճելի հիշվող րոպեներ և նոր մարտահրավերներ: Ամեն տարվա թեման ընտրվում է նախորդ տարիներին արված հարցումների հիման վրա: Այս անգամ անդրադարձել ենք փոփոխությունների կառավարմանը (change management), քանի որ մեր համայնքը մատնանշել է անցյալ տարի այս թեման որպես առավել արդիական և անհրաժեշտ: Այս համաժողովը հետաքրքիր կլինի բոլոր այն մարդկանց համար, ովքեր տարբեր կազմակերպություններում որոշումներ կայացնող անձինք են», - նշեց Cascade People & Business ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը:
Ծրագիրը համեմված է տեսական և պրակտիկ նյութերով, հինգ վարպետաց դասերով, մոտիվացիոն ելույթներով, գեմիֆիկացիայի էլեմենտներով: Այս տարվա համաժողովն ունի վիրտուալ հարթակ և ավելի ընդլայնված ՄՌ Էքսպո:
Newmag-ը զրուցել է նաև տեղի և արտասահմանցի փորձագետների հետ: Yell Exptreme Park-ի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը խոսեց այն մասին, թե ինչպես կարելի է, օրինակ, բիզնես միջավայր ստեղծել Երևանից հեռու, լեռներում: Նա կիսվեց մեզ հետ՝ նշելով, որ Yell Extreme Park-ը այս տարվա ընթացքում գրանցել է 240% աճ և պատրաստվում է ավելի ընդլայնվել. վերջերս մեկնարկվել է նոր ներդրումային ծրագիր՝ 2,5 մլն. դոլարի չափով:
«Աշխատակիցների քանակությունը այս պահին 32 է, մեծամասնությունը Տավուշի մարզից են: Համաժողովի մասնակիցներին այսօր ցանկանում եմ փոխանցել մեր մենեջմենթի ոլորտի փորձը, հատկապես ինչպես ենք կազմակերպում աշխատանքը Երևանից Ենոքավան: Նշեմ նաև, որ թիմի անդամներին պարբերաբար ուղարկում ենք զանազան թրեյնինգների, ինչպիսին են առաջին բուժօգնությունը, անվտանգությունը և սպասարկումը: Համոզված եմ, որ մեր իրականացրած քայլերը իրենց դրական ազդեցությունը կունենան Իջևան քաղաքի և ողջ Տավուշի մարզի տնտեսական զարգացման համար»,- ասաց Չիբուխչյանը:
Ալեքսանդր Խաչատուրյանը ՀՀ վարչապետի խորհրդականն է և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրենը: Ասում է, որ իր մասնագիտական գործունեության ընթացքում բազմաթիվ առիթներով բախվել է փոփոխությունների կառավարման խնդրին: «Երբ ինչ-որ պրոդուկտ ես մշակում, և այն ենթադրում է փոփոխություններ, անմիջապես ծագում է այդ փոփոխությունները կառավարելու անհրաժեշտությունը: Փոփոխությունները ճիշտ կառավարելու համար անհրաժեշտ են համապատասխան հմտություններ, փոփոխությունների ներդրման ներառական գործընթաց և արդյունավետ հաղորդակցում փոփոխությունները ներդնող և դրանք կիրառող անձաց կամ թիմերի հետ: Փոփոխությունների կառավարումը՝ որպես գործընթաց և անհրաժեշտ հմտություն, էական նշանակություն ունի այսօրվա դինամիկ փոփոխվող աշխարհում և հատկապես անցումային տնտեսություններ ունեցող երկրների համար», - ասում է Ալեքսանդր Խաչատուրյանը:
Փորձագետներ էին ժամանել նաև Լեհաստանից: Քրիստոֆ Օգոնովսկին, որը հանդիսանում է BPI Poland ընկերության գործադիր տնօրենը, փոփոխությունների կառավարման PROSCY փորձագետ և քոուչ, առաջին անգամ է հանդիպում ունենում հայաստանյան լսարանի հետ: Նա տեղյակ է, որ Հայաստանի տնտեսությունը բարդ վիճակում է և տեղյակ է , որ տնտեսության տարբեր ոլորտներ ցանկանում են փոփոխություններ մտցնել իրենց կյանքում: «Շատ դժվար է, բայց երբ կա գաղափար, երբ կա ցանկություն փոփոխություն իրականացնելու, դա պետք է իրականացնել: Նման միջոցառումները շատ հարմար են`փորձը փոխանակելու համար: Շատ կցանկանայի , որ իմ փորձը դրական փոփոխություն մտցներ նաև Լեհաստանի տնտեսության մեջ», կիսվեց մեզ հետ Լեհաստանից ժամանած փորձագետը:



Կարդացեք նաև.



Ըստ Քրիստոֆի` երբ կազմակերպությունները փոխվում են և ստեղծվում են կոնգլոմերատներ՝ համատեղ ձեռնարկություններ, մարդիկ ուզում են փոխվել, և իրենք իրենց փորձով հենց այդ ժամանակ են կարողանում օգտակար լինել: «Եթե այդ փոփոխությունն արագ չի լինում բիզնեսում, արդյունքն էլ արագ չի լինում: Եվ մեր փորձառությունը կազմակերպություններին հնարավորություն է տալիս արագ փոխվել: Եթե արագ փոփոխությունները արդյունքի չբերեն, բիզնեսն անիմաստ կդառնա: Ես կարծում եմ էներգետիկայի ոլորտում`գազ, էլեկտրականություն, այստեղ նոր տեխնոլոգիաներ պետք է կիրառվեն, ավելի արդյունավետ լինելու համար, նաև ակտիվներն ավելի արդյունավետ օգտագործելու համար: Պետք է սովորեցնել ընկերության աշխատողներին այդ տեխնոլոգիաներն ավելի արդյունավետ օգտագործել»,- եզրափակեց իր խոսքը Քրիստոֆը:
Երաժշտություն և առաջնորդություն, այս մասին էլ խոսել է Ավստրիայից ժամանած փորձագետ Մայքլ Գուտիերեսը: Ներդաշնակորեն երաժշտությունը կապելով առաջնորդությանը` նա փոփոխություն է կարողանում բերել մարդկանց մեջ: Մյուս փորձագետը, Դանիայի WORKZ ընկերության տնօրեն՝ Յակոբ Հոմհեյվը, փոփոխություն է բերում գեմիֆիկացիայի միջոցով և պատրաստակամությամբ կիսվեց ներկաների հետ իր ընկերության գործիքներով:
Համաժողովի 2 օրերի ընթացքում փորձագետները հանդես եկան առանձին վարպետության դասերով: Համաժողովի ընթացքում քննարկվեցին փոփոխությունների կառավարման ոլորտի խորքային այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ փոփոխությունների կառավարումը պետական կառավարման համակարգում, կազմակերպությունների տրանսֆորմացիա agile մոտեցմամբ, փոփոխությունների գեյմիֆիկացիա (Gamification of changes), փոփոխությունների հոգեբանություն, աշխատանք դիմադրության հետ և այլն:
Համաժողովը հնարավորություն կտա մասնակիցներին և խոսնակներին, ինչպես նաև համաժողովի շրջանակներում կազմակերպված ՄՌ Էքսպոյի մասնակից կազմակերպություններին ստեղծել նոր գործարար կապեր, ձևավորել ամուր մասնագիտական ցանց երկարաժամկետ հեռանկարներով:

Այս տարվա համաժողովն ուներ նաև անակնկալ մասնակիցների համար՝ augmented reality (ընդլայնված իրականություն) տեխնոլոգիաների ներդրմամբ խաղ: Հավելվածը, որի միջոցով մասնակիցները խաղացին, հատուկ համաժողովի համար մշակվել և ներդրվել էր պատանի ծրագրավորողների կողմից, որոնք ներկայացնում են M.In.D ստարտափը: Մասնագետներն ասում են, որ Համաժողովը ոլորտի ամենասպասված իրադարձությունն է տարածաշրջանում ՄՌ համայնքի համար:
Ամեն տարի այն միավորում է միջազգայնորեն ճանաչված մասնագետների, խոսնակների, թոփ մենեջերների, բիզնեսմենների, ՄՌ ղեկավարների և փորձագետների, որոնք պատրաստ են՝ կիսվել իրենց փորձով և ոլորտի նոր զարգացումների վերաբերյալ իրենց գիտելիքներով: Իր գործունեության 8 տարիների ընթացքում իրականացնելով ավելի քան 150 տարբեր ծրագրեր տեղական և միջազգային կազմակերպությունների հետ՝ Cascade People & Business ընկերությունը փոփոխություն է բերում և ձգտում կատարելության իր յուրաքանչյուր նախագծում՝ դառնալով նշաձող իր ոլորտում: