Կասպից ծով. հարստության բաժանումը նոր է սկսվում

August 13, 2018

Կասպից ծովը բաժանելու մասին վերջին փաստաթուղթը ԽՍՀՄ-ն ու Իրանը ստորագրել էին 1940 թվականին: Այն ժամանակ ծովը ողողում էր միայն այս երկու երկրների ափերը: 1991 թվականին խնդիր առաջացավ, քանի որ ԽՍՀՄ փլուզման հետևանքով առաջացան նոր երկրներ: Անհրաժեշտ էր նոր պայմանագիր և 1996 թվականին սկսվեցին բանակցություններ: 22 տարի անց միայն հնարավոր եղավ հասնել փոխըմբռնման ու ստանալ միասնական՝ հնգակողմ փաստաթուղթ:
Խնդիրներից ամենաառաջնայինը այն էր, որ իրավական առումով անհասկանալի էր, Կասպիցը ծով է, թե լիճ: Սա էական հարց էր, քանի որ ծովերի ու լճերի սահմանազատումը հստակ կանոնակարգված է միջազգային իրավունքով: Այսինքն, անհասկանալի էր՝ Կասպիցը պետք է բաժանել իբրև ծով, թե լիճ: Ի վերջո որոշվեց միջանկյալ, ըստ էության, բացառիկ տարբերակ. Կասպիցի մակերեսը դարձավ ընդհանուր, ընդերքը՝ բաժանված:

Կասպիցի մակերեսը դարձավ ընդհանուր, ընդերքը՝ բաժանված:

Ամենակարևոր հարցը, որի շուրջ ձեռք է բեվել լիակատար համաձայնություն, օտար երկրի ռազմական ներկայության բացառումն է: Այսինքն Կասպից ծովում չեն լինի որևէ այլ, ոչ ափամերձ պետության զինված ուժեր: Բայց այստեղ կան հարցեր, քանի որ նույն Ակտաու քաղաքը ԱՄՆ-ն օգտագործում է որպես տարանցիկ ուղի Աֆղանստան ռազմական փոխադրումներ կատարելու համար:
Հաջորդ պայմանավորվածությունը սահմանազատումն է: Որոշվել է, որ յուրաքանչյուր երկիր իր ափից 15 մղոն հեռավորության վրա ստանում է լիակատար հսկողության իրավունք ընդերքի նկատմամբ, ևս 10 մղոն՝ ձկնորսության սուվերեն լիազորություն: Բայց ծովի հիմնական մասի ընդերքի հարցը մնում է բաց, իսկ սա ամենաէական հարցերից է: Կասպից ծովի հարավում և ջրային ավազանի կենտրոնական մասում հայտնաբերվել են հսկայական քանակությամբ էներգետիկ պաշարներ: Ադրբեջանը փորձում է յուրացնել դրանք, բայց Իրանն ու Թուրքմենստանը թույլ չեն տալիս: Այս պաշարների բաժանման, կամ այս տարածքներում սահմանազատման հարցը չի լուծվել, դա կլուծվի երկկողմ բանակցությունների միջոցով հետագայում: Այսինքն, ամենածանր հարցը դեռ բաց է, մինչդեռ դա ունի գլոբալ նշանակություն:


Կարդացեք նաև.



Հաջորդ հարցը՝ Կասպից ծովի կոնվենցիայով հաստատվել է, որ գազատարերի հարցը լուծվում է միայն երկու երկրի համաձայնությամբ: Այսինքն, Ադրբեջանը ստացել է ազատություն Տրանսկասպյան գազատարի կառուցման հարցերը լուծել միայն Թուրքմենստանի հետ պայմանավորվելով: Գազատրի կառուցմանը դեմ է Մոսկվան, քանի որ այն կտրուկ կնվազեցնի Եվրոպայի գազային կախվածությունը Ռուսաստանից: Պարզ է, որ գազատարի կառուցման համար մեծ ջանքեր է գործադրում Արևմուտքը:
Պարզ է, որ գազատարի կառուցման համար մեծ ջանքեր է գործադրում Արևմուտքը:

Հիմա՝ տեսականորեն և իրավական առումով Ռուսաստանն ու Իրանը միջամտել կամ կանխել գազատարի կառուցումը չեն կարողանալու: Բայց այստեղ կա չափազանց կարևոր նրբություն. նույն կոնվենցիայով էկոլոգիական հարցերը կարգավորվում են 5 երկրների համաձայնությամբ, իսկ գազատարի կառուցումը նաև էկոլոգիական խնդիր է: Այսինքն, էկոլոգիայի անվան տակ Ռուսաստանը կարող է պահանջել որոշակի զիջումներ, բայց չեղարկել գազատարի կառուցումը չի կարող:
Այսինքն, էկոլոգիայի անվան տակ Ռուսաստանը կարող է պահանջել որոշակի զիջումներ, բայց չեղարկել գազատարի կառուցումը չի կարող:

Այս բոլոր նրբությունները, ինչպես ընդերքի լիակատար բաժանումը, հստակեցված չեն: Կասպյան կոնվենցիան արդեն անվանում են Կասպից ծովի Սահմանադրություն, քանի որ այն շատ ընդհանուր, միասնական սկզբունքների մասին մայր փաստաթուղթ է: Ամենակնճռոտ ու գլոբալ հետևանքներ ունեցող հարցերը բաց են, հետևաբար, Կասպից ծովի համար աշխարհաքաղաքական պայքարը դեռ նոր է սկսվում:

Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։