10 գիրք, որ ներկայացնում են Թուրքիայի և Ադրբեջանի` հայերին կանխամտածված ցեղասպանելու մեկդարյա ծրագիրը

September 30, 2023

Newmag-ն իր գործունեության 5 տարիների ընթացքում հրատարակել է գրքեր, որոնք ցույց են տալիս ադրբեջանական կառվարության ցեղասպան քաղաքականությունը։ Հրատարակչության գրքերը նաև փաստավավերագրություններ են՝ ինչու է աշխարհը կողմնակալ ու կրավորական վերաբերմունք ցուցաբերում եղեռն ու վայրագություններ իրականացնող երկրի հանդեպ։ 10 գիրք թուրք-ադրբեջանական խայտառակ արարքների, սպանության հրամանների, էթնիկ ոճիրի մասին։

Նիլ ֆերգյուսոնի «Հրապարակն ու Աշտարակը» մարդկության կենսագրության ցնցող ու անտեսված մանրամասներով անդրադառնում է նաև Հայոց Ցեղասպանության մեջ գերմանական մեղքին։ Գերմանացիները փորձում էին առաջ մղել պանիսլամիզմը, սկսել կրոնական ապստամբություն: Ֆերգյուսոնը բացատրում է, թե իրականում ինչ էին փորձում անել գերմանացիները, ինչու էին ձախողվել նրանց ծրագրերը  ինչպես բրիտանացիները ցանցային պատերազմում հաղթեցին գերմանացիներին, և թե ինչպես հայերը դարձան եվրոպական տերությունների հենց ցանցային առճակատման զոհը՝ կորցնելով բնակչության ու հայրենիքի մեծ մասը:  

Թուրքիայի և Ադրբեջանի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը անցել է գրող, իրավաբան Աննա Աստվածատուրյան Թերքոտի սերունդերով։ Գրողի պապը 1915 թվականին փրկվել է թուրքական յաթաղանից։ 75 տարի անց նրա ընտանիքը կրկին փորձում էր փրկվել այդ յաթաղանից արդեն Բաքվում։ Իր լսածն ու տեսածը 8-ամյա աղջնակը տատիկի խորհրդով գրի է առնում օրագրում, տարիներ անց մի ընտանիքի պատմությունը դառնում է «Արտաքսում դեպի անհայտություն» կոչվող գրքի ու հրատարակվում անգլերեն և ռուսերեն, հայերեն։ Այժմ Աննան Միացյալ Նահանգներում հայտնի իրավապաշտպան է, որը ադրբեջանական վայրագությունների մասին կարդում է նաև դասախոսություններ, կազմակերպում իրազեկման միջոցառումներ: 

Newmag-ի մյուս գրող Մագդա Թախտաճյանը իր բոլոր գրքերում կարմիր գծով անցկացնում է Հայոց ցեղասպանության թեման։ Հայերեն հրատարակված «Ռոջավան» գրելիս՝  մտքում ունեցել է ցեղասպանությունից փրկված իր տատիկներին, որոնք զինված պայքարի որևէ շանս չեն ունեցել և փրկվել են միայն երջանիկ պատահականությամբ: Արդարության որոնում, ճշմարտության համար կռիվ և հիշողության պահպանում՝ հենց այս երեք նախապայմաններով էլ շարադրում է իր գրական գործերը, որոնք յուրօրինակ պայքար են հանուն արժանապատիվ կյանքի ու երջանկության:  

1915-ի ջարդերի մասին Newmag-ը հայերեն թարգմանել ու հրատարակել է ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի «Ակոս» գիրքը։ Գրքի գլխավոր հերոսը Հրանտ Դինքն է, ում միջոցով ցույց է տալիս Թուրքիայի անցյալի ու ներկայի քաղաքականությունը, որ չի փոխվել։ Գիրքը ոչ միայն արձանագրում է Դինքի պայքարը, այլև այն բոլոր լրագրողների, որոնք այսօր էլ ցանկանում են բարձրաձայնել Թուրքիայում տեղի ունեցեղ իրականությունը ու հայտնվում են բանտերում: Վալերի Մանտոյի վեպում անդունդի եզրին գտնվող աշխարհն է ու սպանված լրագրողի կյանքը: 

Հայոց ցեղասպանության մեջ Թուրքիայի հանցավորության հիմնաքարային գնահատականն առաջիններից տվեց թուրք պատմաբան Թաներ Աքչամը։ Պատմաբանն իր ծավալուն ուսումնասիրություններից հետո ներկայացնում է մանրակրկիտ մշակված, օսմանյան և այլ աղբյուրների առատությամբ աչքի ընկնող «Խայտառակ արարք» աշխատությունը, որը նաև թուրքական իշխանություններին ուղղված մեղադրանք է։    

Իր մյուս՝ «Սպանության հրամաններ» գիրքը գրելով՝ Աքչամի հիմնական նպատակը եղել է ուսումնասիրել ու ներկայացնել այն փաստաթղթերը, որոնք մինչև այդ ոչ ոք չէր տեսել և չէր ուսումնասիրել: Պատմաբանի խոսքով, նրանք հիմնականում պնդում են, թե 1915թ-ին տեղի ունեցածը ապացուցող փաստաթղթեր չկան, սակայն իր աշխատություններում տեղ են գտել նույն այդ բացառիկ աղբյուրներն ու հետազոտությունները։

Տարիներ առաջ եվրոպացի հետաքննողները բացահայտեցին Բաքվի եվրաբյուրոկրատներին կաշառելու մեխանիզմները ու դրանք ներկայացրին երկմասանոց զեկույցով։ Սկանդալային աշխատությունը բացահայտում է, թե ինչու է հանդուրժում Եվրոպան Ալիևի բռնատիրությունն ու հանցանքները: Խավիարային դիվանագիտության հիմքում կա հստակ քաղաքականություն. լռեցնել Մարդու իրավունքների ոտնահարումների մասին ահազանգերը, Եվրոպայով տարածել Արցախի հարցում պատմաքաղաքական կեղծիքները: Ալիևը տարիներ առաջ ստեղծել էր եվրոպացի պաշտոնյաներին կաշառելու սխեմա։ Նախ բարձրաստիճան օտարերկրյա պաշտոնյաներին և միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին հրավիրում էր իր երկիր իր հաշվին, իսկ վերջում, խավիարային դիվանագիտության արարողակարգի համաձայն, հյուրին ճանապարհում էր թանկարժեք նվերներով: «Խավիարային դիվանագիտություն» զեկույցը հայերեն է թարգմանել Newmag-ը։  

1917 թվականին քաղաքական ուժերը պայքարում ու մրցակցում էին: Կայսրությունների հեղափոխությունների, պատերազմների ու պայմանագրերի արանքում հայտնվել էին հայ մտավորականները: Ինչպես էին նրանք ընկալում պատմական իրողությունները, ինչպես էին հունցվում նրանց գաղափարները, որ գալիս էին կայսրությունների կենտրոններից ու Եվրոպայից և կայացնում որոշումներ, որոնք գծեցին ապագա Հայաստանը քարտեզի վրա: «Խաղաղության հայկական գինը» 100 տարի առաջ Արևմտյան Հայաստանի ճակատագրի և Արևելյան Հայաստանի կարգավիճակի մասին է։ Այս գրքի շնորհիվ ընթերցողը կպարզի՝ ինչ է փոխվել ինքնորոշման իրավունքի մասին հայերի պատկերացումներում 100 տարի անց։ Հայ միտքը 100 տարի առաջ ներշնչված էր եվրոպական արժեքներով։ Եվ եթե նույնիկ մեկ դար առաջ սոցիալիզմն էր, այժմ՝ ժողովրդավարությունը, 100 տարի առաջ էլ, այսօր էլ գլխավոր հարցը մնում է նույնը՝ ի՞նչ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ։ 

Տիգրան Հայրապետյանի «Պատերազմ և քաղաքականություն», «Երրորդ աշխարհամարտի մատույցներում» գրքերից հետո Newmag-ը ներկայացրեց 3-րդ՝ «Փրկե՞նք հայրենիքը» հատորը: Այստեղ տպագրված է Տիգրան Հայրապետյանի՝ 1990-1991 թվականներին գրած կանխատեսումներն ամբողջությամբ իրականացել են։ Տիգրանը գրում էր, որ Հայաստանի իշխանությունները փորձում են Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծել, գործընկեր դառնալ, բայց նույնիսկ չեն կարողանում ապահովել Թուրքիայի չեզոքությունն Արցախի հարցում։ 1993-1994 թվականներին, երբ Արցախը նոր ազատագրում էինք, Հայրապետյանը գրում է. «Լեռնային Ղարաբաղի խնդիրն այն փորձաքարն է, որը ցույց կտա ազգային խնդիրներ լուծելու հայ ժողովրդի կարողության սահմանը… Արցախը Հայաստանի վերջին բաստիոնն է։ Չկա Արցախ, չկա Հայաստան»։  

Վեպ-նոստալգիա հայրենքի կարոտի, Արարատի, կորցրած երկրի, աքսորի ու հայի ճակատագրի մասին։ Գոնկուրի մրցանակակիր Անդրեյ Մակինի «Իմ Հայ ընկերը» վեպը քնքուշ ու զգայուն պատմություն է մանկատան սանի ու հայ տղայի ընկերության մասին: Սատանի ծայր թաղամասում ապրում էին հայ ընտանիքներ, որոնք եկել էին Սիբիր՝ սպասելով իրենց հարազատների  դատին: Մեղադրանքը Ցեղասպանության տարելիցին  ընդառաջ գաղտնի կազմակերպություն ստեղծելն էր և Հայաստանի անկախությունը վերականգնելու գաղափարը: Քաղբանտարկյալներին պահում էին նրանց հայրենիքից 5000 կիլոմետր հեռավորությանվ վրա՝ բանտի վերածված հին վանքում: Հայկական փոքր թագավորութան ու հայ ընկերոջ՝ Վարդանի միջոցով 13-ամյա որբ տղան բացահայտում է փոքրիկ Հայաստանն ու ջերմ հարաբերությունները, որոնք հակադրվում են Սիբիրի կոշտությանը և աքսորի դաժանությանը: