«Մի լավ խոսք կա' սիրեք ձեր մեջ եղած արվեստը». Չիկոյի հիշատակին

June 9, 2017

''On the sunny side of the street''


Պուշկինի անվան դպրոցի 5-րդ դասարանում էի սովորում: Ծնողներս Մոսկվա էին մեկնել ու վինիլային շատ ձայնասկավառակներ բերել` դասական երաժշտություն, ռոմանսներ, շլյագերներ: Ու այդ բոլորի մեջ կար այն միակ ձայնասկավառակը, որը չափսերով ավելի փոքր էր քան մյուսները, որից չէի կարողանում պոկվել. ոգեշնչող ու հիացնող երաժշտություն, ամերիկացի երաժիշտներ, ռիթմ, որը ինձ կլանում էր…: Հետո տարիներ անց իմացա, որ դա ջազային-սվինգային ռիթմն էր:  Այդ ժամանակ արդեն փորձում էի  մատիտներով այդ ռիթմերը արտաբերել մատիտների տուփերի վրա, իսկ դպրոցից տուն վերադառնալիս  շվշվացնում էի այդ սկավառակից իմ ամենասիրված մեղեդին` ''On the sunny side of the street''. Երգի այս անվանումը ես վերցրեցի  որպես իմ գրքի խորագիր նաև  նկատի ունենալով, այն որ շնորհիվ մեր ջազմենների տարբեր սերունդների ներդրած ջանքերի, հայաստանյան ջազը քայլում է  համաշխարհային ջազի փողոցի  արևոտ կողմում:

Գիտությունից`արվեստ


Պոլիտեխնիկական կրթություն ունեմ, հետո նեյրոֆիզիոլոգիայով էի զբաղվում 6 տարի, ասպիրանտուրայում էի սովորում:) Բայց այդ ժամանակ ես արդեն Չիկոն էի, 2 համամիութենական փառատոնի դափնեկիր էի: Ուզում էի ապահովել իմ եւ երաժշտության շփման մաքրությունը, որ ռեստորաններում նվագելուց խուսափեի, չէ´որ պաշտպանվելուց հետո կունենայի բարձր աշխատավարձ և կկարողանայի ազատ ժամանակս նվիրել ջազին: Շատ էի հավատում իմ այդ ծրագրին և գիտության մեջ էլ գործերս վատ չէր. դա  պարզապես երիտասարդական մաքսիմալիզմ էր: Բայց հեղափոխական պահ եղավ իմ կյանքում, երբ իմ ընկերը, լեզվաբան Վլադիմիր Խաչատրյանը, ով նաեւ ինձ անգլերեն էր դասավանդում, մեկ օր ասաց` ”Լսիր, եթե դուրս գանք փողոց ու հազար հոգի հավաքենք, կտեսնենք, որ հարյուրավոր դասախոսներ, ինժեներներ, բժիշկներ և այլ մասնագետներ կան, բայց մի ջազային թմբկահար դժվար թե գտնվի: Իսկ դու այդպիսինն ես, էլ ի՞նչ ես ուզում”:): Միտքը եւ խոսքերը մեծ ուժ ունեն, որոնք էլ խթան հանդիսացան, որ վերջնականապես կողմնորոշվեմ: Կոնսերվատորիան ավարտեցի, որպեսզի իմ սիրելի թմբկահարությունը  դասավանդելու իրավունք ստանամ:

Դեպի ազատության երաժշտություն


Իմ երաժշտական կենսագրության մեջ առաջին լուրջ, հասուն էջը դա «Երիտասարդություն» նվագախումբն էր` Ստեփան Շաքարյանի ղեկավարությամբ: Ի դեպ, ունեինք նաեւ “Կռունկ” վոկալ-գործիքային անսամբլ, որտեղ ռոք էինք նվագում: Մեզ հետ ելույթ էին ունենում Էլվինա Մակարյանը, Սիմոն Տերյանը, Ռաիսա Մկրտչյանը: Իսկ ջազում առաջին հաջողությունը վայելեցի, ճաշակեցի Արթուր Աբրահամյանի և Լևոն Մալխասյանի հետ եռյակում նվագելիս:

Առանց սահմանների, ուղղակի ջազ


Սխալ է ասել հայկական ջազ, ռոք, դա նույնիսկ իմ թեզի կարևորագույն դրույթներից է' պետք է ասել հայաստանյան ջազ, ռոք, հակառակ դեպքում' նեղացնում ենք սահմանը: Ջազն ունի իր դասական ավանդույթներն ու նվագացանկը, և մենք ունենք հոյակապ երաժիշտներ, որոնք նվագում են դասական, ճիշտ ջազ: Զուռնա-դհոլով, քամանչա-թառով նվագը հայկական ջազ չես կարող կոչել, քանի որ դա արդեն ջազ չէ: Նման դեպքերի համար Արտո Թունջբոյաջյանը ճիշտ տերմին է կիրառել' ավանգարդ ֆոլկ: Ջազն ունի իր սահմանման  բնութագրերը, որոնք առաջարկել է ջազագետ Ֆրանսիս Նյուտոնը' հարմոնիկ կառուցվածքը, ռիթմը' ճոճելու զգացողությամբ /այն, ինչ հրապուրում է մարդկանց/, լեզվային առանձնահատկությունը' երաժշտության լեզուն, ինչպես նաև փաստը, որ ջազն անհատների արվեստ է: Ջազը, ջազը հետաքրքիր արվեստ է' ջազմենը բեմ է բարձրանում' մտածելով' ինձ չի հետաքրքրում' ինչպես են կատարել այս գործն ինձնից առաջ, կարևորն այն է' ինչպես ես կկատարեմ այն: Ջազմենն այդ պահի կերտողն ու արարիչն է, ջազում չի կարելի նոտայի թուղթ դնել ու ընթերցել երաժշտությունը, դա ջազ չէ: Ջազը ոչ ջազից կարելի էր տարբերել մինչև 70-ականների սկիզբը, այն ժամանակ դեռ գործում էին Նյուտոնի բնութագրերը: Հետո ջազն էլեկտրաֆիկացվեց' լեզուն մի քիչ փոխվեց, ջազն ու ռոքը ձուլվեցին, ֆանկային ռիթմերը միացան...

Դեպի ուր


Երեկվա ջազը նման է Մադամ Տյուսոյի մոմե արձանիկին: Իսկ հիմա արձանիկը կենդանացել է: Խորհրդային Միության փլուզումից հետո ջազի համար բացվեցին թթվածնային խողովակները: Այսինքն, առաջացավ հնարավորություն նվագել տնից դուրս ինչ-որ սրահներում, լինի դա փտած «պադվալային» ակումբ, ցնցող արդի համերգասրահներ կամ հարմարավետ ակումբ: Հիմա կա այդ հնարավորությունը: Ուզում ես ջազ նվագել, նվագի, փորձիր ու ապացուցի, որ կարող ես: Հիասքանչ ջազմեններ կան, ու եթե երաժիշտը պատրաստ է, ուրեմն կարող է գնալ ու սովորել:
Ջազը մրցակցային արվեստ է, մարդիկ թքած ունեն` ինչպես ես նվագել երեկ, դու պետք է մրցունակ լինես այսօր: Հարցնում են` գիտե՞ս ինքն ով է, ի՞նչ է արել: Երաժշտությունը ընթացք է, եթե այսօր դու չես կարող նվագել գոնե երեկվա պես, ուրեմն ո՞ւմ ես դու պետք:
Այն ժամանակ ջազը ատրիբուտ էր: Նկարիչները, ճարտարապետները ջազ էին լսում: Շատ հազվադեպ էին համերգներ տեղի ունենում Երեւանում ու հիմնականում  միշտ դասական երաժշտության տաճարում` Կոմպոզիտորների միությունում, որովհետեւ կոմպոզիտորների միության նախագահ Էդուարդ Միրզոյանը բավականին առաջադեմ էր: Դրա պատճառն այն էր, որ մեր երաժշտական աշխարհի  խոշոր դեմքերի համար մեծ հեղինակություն էր Արամ Խաչատրյանը, իսկ նա ջազի երկրպագու էր:): Այնպես որ, ներկայիս երեւանյան ջազը այդ ժամանակվա շարունակությունն է:

Ազնվության մասին


Մեր օրերում ազնիվ մարդիկ տեղ չեն գտնում: Ժիրինովսկին ասում է' դե, զզվեցրիք, էլի, ինչքան կարելի է հեռուստատեսությամբ մարդկանց խաբել: Ինչի՞ չեն մեծարում, ասենք, լավ ինժեներին, մանկապարտեզի դայակին, ուսուցչին: Շոու-բիզնեսի ներկայացուցիչների հագածն ու կերածը որքա՞ն կարելի է լուսաբանել: Ազնվությամբ էլ փող վաստակել կարող ես, բայց խաբելով ավելի հեշտ է մեր օրերում: Մեր հասարակությունը ծայրահեղ հիվանդ է, արժեքային համակարգ չունենք: Ուրախանում էինք, որ Սևանը լցվել է, իսկ հիմա բաց են թողնում ջրերը, ինչ է, թե մի ակումբ ձուկ է որոշել բուծել:

Նվագելը


Երաժշտությունը բնության պես կենդանի մատերիա է, այն չի կարող ստանդարտ լինել: Ամենուրեք այդպես է'  «Բարսելոնան» ցնծում էր, բայց հիմա անկում է ապրում, նույն ֆուտբոլիստներն են, բայց մի բան էն չէ, մի բան կոտրվել է: Այսօր կարող է` շատ լավ նվագես, բայց վաղը քեզ արդեն չլսեն: Եթե ես այսօր երեկոյան պետք է նվագեմ, բոլորը թքած ունեն, որ Չիկոն նախօրեին զիլ համերգ է ունեցել, իրենց հետաքրքիր է այսօրվա քո նվագածը: Ամեն օր նոր էջ պետք է բացես:


Սերը


Մուսան կյանքն է, տառապանքն ու սերը: Մինչև վերջին շունչը մարդ տառապում է: Նորմալ երաժիշտը, ստեղծագործողը երբեք չի կարող ինքն իրենից գոհ լինել, իսկ երբ դու ինչ-որ բանից դժգոհ ես, այն տառապանք է դառնում քեզ համար: Այն պահին, երբ մտածես, որ ամեն ինչ կարգին է, արվեստի կողմից դու քո ապտակը կստանաս: Իսկ սերը քեզ անվերջ պահում է քո սիրած զբաղմունքի մեջ: Մի լավ խոսք կա' սիրեք ձեր մեջ եղած արվեստը, այլ ոչ թե ձեզ' արվեստում: Մարդիկ կան' էգոիստ են, իրենք իրենց են միայն սիրում, ոչ թե գործը, դրա համար էլ իրենք հետ են մնում ամենից, իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Սերն ամենակարևոր շարժիչ ուժն է, առանց սիրո ոչինչ չի կատարվում:
Աղբյուրներ` YerkirBravo