Ի վերջո` ի՞նչ ասաց Միհրան Պողոսյանը բանանի և օֆշորի մասին

February 27, 2017

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի անունը մամուլում ավելի շատ տարածվել է՝ բանանի ներկրմամբ զբաղվող Քեթրին գրուպ ընկերության և «պանամական փաստաթղթերի» բացահայտման հետ կապված, քան նրա պաշտոնեական գործունեության: 

Ի՞ՆՉ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԷՐ՝ ԿԱՊՎԱԾ ՊԱՆԱՄԱԿԱՆ ՕՖՇՈՐՆԵՐԻ  ՀԵՏ


Ես մի քիչ հեռվից գամ, հանրությունը լավ գիտի, որ 8 ամիսների ընթացքում ունեցանք բազմաթիվ կարծիքներ՝ կապված օֆշորի հետ: Ի՞նչ տեղի ունեցավ: ՀՔԾ-ն 8 ամիսների ընթացքում կարողացավ բազմաթիվ հարցումներ կատարել: Դրանից առաջ իմ գրասենյակն արդեն իսկ ուղղել էր հարցում համապատասխան բանկին և ստացել պատասխան, որ նման հաշիվներ ու կազմակերպություններ չկան, որը տրամադրվեց հանրությանը: Բոլորին պարզ է, որ համապատասխան քաղաքական և այլ ուժերի կողմից կատարված շոու էր, որն իր հանգուցալուծումը ստացավ 8-9 ամիսներից հետո: Այսօր ունենք այն, ինչ ունենք: Չկան բանկային հաշիվներ, չկա դրամական շարժ, չկա ձեռնարկատիրական գործունեություն: Այն շոուն, որն ապրիլյան պատերազմի օրերին արձակված էր որոշակի ուժերի կողմից, և ընտրված էին հատուկ օրեր, երբ ավելի գրգռող հանդիսացավ այդ հանգամանքը հանրության համար, դա էր նաև մեխն այն հարցի, որ ես որոշեցի հրաժարական տալ:

ԻՆՉՈ՞Ւ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵԼ


Ես որոշեցի հրաժարական տալ, որպեսզի որպես շարքային քաղաքացի քննվեմ, և ես՝ որպես պաշտոնյա, չկարողանամ ազդեցություն ունենալ կամ կաշկանդել համապատասխան մարմիններին, որոնք իրենց ծառայությունն են իրականացնում: Ցանկացած մարդու պարզ է, որ շոուն վերջացավ: Ես այն մարդը չեմ եղել, որ կառչած եմ եղել աթոռից, իմ քայլը ցույց տվեց դա, և ես հրաժարական տվեցի:

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՅԴ ՈՒԺԵՐԸ


Չեմ գտնում, որ պետք է կարծիքը հանրությանը ներկայացնել, թե ովքեր են այդ ուժերը, որովհետև մի բան է՝ փաստ, մի բան՝ կարծիք: Բայց այն, որ Միհրան Պողոսյանը օվշորի ամենամեծ գիտակը չէ Հայաստանում, դա ցանկացած մարդու,անգամ շարքային քաղաքացու համար հասկանալի է: Շոուն իր հանգուցալուծումը ստացավ, և այն ցուցակը, որ հրապարակվել էր և հասանելի էր դարձել հանրության համար, լավ օգտագործվեց:

Ո՞ՐՆ ԷՐ ՇՈՈՒԻ ՆՊԱՏԱԿԸ


Չեմ կարող ասել պաշտոնանկությունն էր, բայց սա շոու էր, որը պարզվեց  հիմքեր չունի:

ԻՆՉՊԵ՞Ս Է ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԴԵՄ ՔՐԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵԼ


Կոնկրետ իմ անունով հարցում է ուղարկվել հրապարակված բանկի պաշտոնյային, պատասխանը ստացվել և հրապարակվել է: ՀՔԾ-ին տրվել են բոլոր հնարավորությունները, իմ կողմից տրվել է ստորագրություն, որ համաձայն եմ՝ իմ անվան հետ կապված հարցումներ ուղղել: Մնացած մանրամասները, թե ինչպե՞ս է կարճվել, երևի պետք է համապատասխան մարմիններին դիմեք:

Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ՔԵԹՐԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ


Ես այնքան երջանիկ մարդ եմ, որ 20 տարեկանում հիմնեցի մի կազմակերպություն, որի անունն էր Քեթրին գրուպ, ու 20 տարի է դրանից խոսում են: Այո՛, 1997-ին հիմնել եմ այդ կազմակերպությունը, 3-րդ կուրսի ուսանող էի, լինելով տնտեսագիտականի ուսանող, ես այն ժամանակ հացամթերքի արտադրություն էի կառավարում, ինքս հացը առաքում էի խանութներ, հետո հասնում էի դասի, վատ չեմ սովորել, այդ ամենը հասցրել եմ այն ժամանակ անել: Քեթրին գրուպի մասին անընդհատ խոսվում է, որովհետև ժամանակին հիմնել է Միհրան Պողոսյանը, Քեթրին գրուպի հարցերով պետք է դիմել Քեթրին գրուպին:

ԲԱՆԱՆԻ ՆԵՐԿՐՄԱՆ ՀԵՏ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ՞, ԹԵ՞ ՈՉ


Անձամբ ոչ մի առնչություն չունեմ, առնչություն ունեն ազգականներ, ովքեր են, չեմ կարող բացել դա: