Լրտեսների որս. Ո՞վ էր մեղավոր Չինաստանում ԱՄՆ հետախուզական ցանցի անակնկալ բացահայտման համար

January 19, 2018

ԱՄՆ-ում ձերբակալել են Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակցին: Նա մեղադրվում է Պեկինում ամերիկյան հետախուզական ցանցը բացահայտելու մեջ: Մի քանի տարի առաջ ավելի քան 10 գործակալ ձերբակալվեց ու սպանվեց Չինաստանում: Այս պատմությունը հայտնի դարձավ վերջերս, երբ դրա մասին խոսեց The New York Times-ը:
Դեռևս 2010-ին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը Չինաստանում ստեղծեց գործակալների ցանց: Գործակալների միջոցով Միացյալ Նահանգները հավաստի աղբյուրներից իմանում էր, թե ինչ է կատարվում չինական իշխանական պալատում: Գործակալների ցանկում հայտնվեցին անգամ բարձրաստիճան պաշտոնյաներ: Բայց հանկարծ չինական հակահետախուզությունը բացահայտում է գործակալական ցանցը: Սկսվում է լրտեսների որսը: Մի քանիսը ձերբակալվում են, մի քանիսին սպանում են. լրտեսներից մեկին անգամ գնդակահարում են կառավարության շենքի բակում: Մի քանի օրում Չինաստանը հիմնահատակ վերացնում է այն, ինչ Միացյալ Նահանգներն ստեղծել էր տասնյակ տարիների ընթացքում:
Սկզբում ԿՀՎ-ում վստահ էին, որ բացահայտումը զուտ պատահականություն է, հետո սկսեցին կասկածել չինացի հակերներին, իսկ երբ գործին միացավ Հետաքննության դաշնային բյուրոն, կասկածյալների շրջանակը սեղմվեց: Դավաճանին սկսեցին փնտրել ներսում:
Մեղադրանք ներկայացվեց ԿՀՎ-ի նախկին աշխատակից, 53-ամյա Ջերի Չուն Շին Լիին: 80-ականներին նա ծառայել է ամերիկյան զինված ուժերում: ԿՀՎ-ում է 1994 թվականից: Չի նշվում, թե նա ինչով էր զբաղված, սակայն հայտնի է, որ իրավունք ուներ գաղտնի փաստաթղթերի հետ գործ ունենալ: 2007-ից Լին դուրս է գալիս աշխատանքից և տեղափոխվում Հոնկոնգ:



Կարդացեք նաև.



2012-ին Լին ընտանիքով նորից վերադառնում է Միացյալ Նահանգներ: Հենց այդ ժամանակ էլ հատուկ ծառայությունները նրան նշանառության տակ են վերցրեցնում: Հյուրանոցի սենյակը խուզարկելիս հայտնաբերվում է նոթատետր, որտեղ մանրամասն գրված էր գաղտնի գործակալների ու գործակալությունների անուններն ու հասցեները:
Շին Լիին 5 անգամ հարցաքննության են կանչում, սակայն գործը հարցուպատասխանից այն կողմ չի անցնում: 2013-ին Լին վերադառնում է Հոնկոնգ:
Գրեթե 5 տարի անց Ջերի Չուն Շին Լին նորից հայտնվում է ԱՄՆ, սակայն այս անգամ նրան սպասվում էր ձերբակալություն: Մեղադրանքը նույն է, ինչ 2012-ին՝ դավաճանություն:
Ինչո՞ւ ձերբակալությունը չկայացավ 2012-ին և ինչու 5 տարի հետո ԿՎՀ նախկին աշխատակիցը նորից որոշեց վերադառնալ ԱՄՆ, մնում է գաղտնի, ճիշտ այնպես, ինչպես ԿՀՎ-ի բոլոր գործերը:

THE NEW YORK TIMES