Կոկո Շանել. Նորաձևությունն անցողիկ է, իսկ ոճը` մնայուն

November 14, 2014

«Լյուքս» հասկացությունը ոչ թե աղքատության, այլ վուլգարության հականիշն է: Փոքրիկ սև շոր և երկգույն՝ սև ու բեյժ, կոշիկ, բուկլեից բաճկոն ու արտահայտիչ կարերով պայուսակ: Եվ իհարկե, մարգարտածաղիկ: Այս ամենը մտածել և տարիներ շարունակ իրականացրել է այս արտասովոր կինը: Կարլ Լագերելդը, որը 1983-ից սկսած տնօրինում է «Շանել» նորաձևության տունը, այս ստեղծագործություններն անվանել է «Շանելի քերականություն»: ժամանակակից նորաձևության հիմքում ընկած է այս «քերականությունը»: Այսօր այն ապրում է ինքնուրույն:
Գաբրիել Շանելը երկար է ապրել: Ծննդյան ամսաթիվը հայտնի դարձավ միայն մահից հետո: Ու շատերն իմացան, որ Շանելը մահացավ բավական առաջացած տարիքում: Նա ստեղծագործել է գրեթե մեկ ամբողջ դար ու «հագցրել» ողջ 20-րդ դարը: Գաբրիել Շանելը ծնվել է Լիմուզենում: Նրա հայրը շրջիկ վաճառական էր: Կնոջ մահից հետո նա իր 12-ամյա դստերը հանձնում է մանկատուն: Սկսվում է դաժան իրականությունը, որը լի էր միայնությամբ ու խիստ կարգապահությամբ: Աղջիկները մանկատանը հագնում էին զուսպ, սև համազգեստ` սպիտակ օձիքով: Գուցե հենց այս համազգեստը վճռորոշ եղավ իր հայտնի փոքրիկ զգեստը ստեղծելու գործում: Ու դրանից ավելի էլեգանտ ու նորաձև բան արդեն մի քանի տասնամյակ ոչ ոք չի կարողացել ստեղծել:

1913-ին Շանելը բացում է իր առաջին խանութը Դոֆիլում` Ատլանտյանի ափին տեղավորված առողջարանային գողտրիկ քաղաքում: Շանելի նշանաբանն էր.

Հագուստը պետք է համապատասխանի տեղին, նպատակին ն պայմաններին:

Նրա խանութներում հաճախորդները գնում էին «ծովափի տաբատ», «նավաստու շապիկ», «պոլո-շապիկ», սվիտեր...
Նա կարճացրեց մինչև կրունկ հասնող փեշերը: Ոչինչ պետք է չխոչընդոտի շարժումը: Չէ՞ որ հագուստը երկրորդ մաշկն է: 1915-ին Շանելը բացում է մեկ այլ խանութ, այս անգամ Բիարիցում: 1930-ին Շանելն արդեն ուներ իր լոգոտիպը` երկու "C" տառի միահյուսմամբ. Coco Chanel: Այն դառնում է «Շանելի» արտադրանքի հիմնական զարդը: Իր հավաքածուներում Շանելն օգտագործում է գունային ոչ մեծ գամմա` սև, սպիտակ, կարմիր, վարդագույն, բեյժ: Բայց նախընտրելի գույները սևն ու սպիտակն էին:
Պարահանդեսին հագեք սև կամ սպիտակ, ու Ձեզ անմիջապես կնկատեն,-խորհուրդ Էր տալիս Շանելը:- Սրանք բացարձակ գեղեցկության գույներն են: Նրանց համադրությունը կատարյալ է:

20-ականների սկզբին Շանելը ստեղծում է սև փոքրիկ զգեստը: Նա կածում էր, որ չկա ավելի բարդ բան, քան սև փոքրիկ զգեստ կարելը: Միայն սևն է կարող ընդգծել կնոջ գեղեցկությունն ու գծերի մաքրությունը:
Որքան հարուստ է զգեստի տեսքը, այնքան այն աղքատ է: Որքան շքեղ է հագնվում կինը, այնքան կորցնում է էլեգանտությունը,- իր փոքրիկ գաղտնիքներն է բացում Շանելը:

Այս նույն ժամանակ Շանելը ծանոթանում է հարուստ ու շատ էլեգանտ անգլիացի բիզնեսմեն Արթուր Բոյ Կապելի հետ: Ու հերթական սիրավեպը թողնում է իր հետքը: Մի անգամ Արթուրի հետ հայտնվելով տղամարդու դերձակի մոտ` Շանելը հասկանում է, որ տղամարդու համար նախատեսված կոստյումը հենց այն է, ինչը կինը սիրով կկրի: Նա կանանց համար կոստյում է կարում տրիկոտաժից, ինչը նախկինում ծառայում էր միայն տղամարդու ներքնազգեստի համար:
Ուզում եմ կնոջը մոտեցնել բնությանը,- ասում է Շանելը, - չէ՞ որ գեղեցկությունն անբաժան է մարմնի ազատությունից:

Նրա հաճախորդներն են դառնում ֆրանսիական վերնախավի կանանց նոր սերնդի ամենահամարձակ ներկայացուցիչները, ովքեր զբաղվում էին սպորտով, վարում էին մեքենա, աշխատում էին բյուրոյում: Նրա ոճը նախընտրել են հայտնիները. Մառլեն Դիտրիխ, Ռոմի Շնայդեր, ժան Մորո, Անուկ էմե, Վանեսա Պարադի և Աննա Մուգլալիս, Ֆրանսիայի նախկին նախագահների կանայք` Կլոդ Պոմպիդու և Բեռնադետ Շիրակ:
1921-ին Շանելը ստեղծում է իր առաջին շրթներկը, որը նա պահում էր հատուկ թղթի մեջ. հեշտացնում էր պայուսակում պահելն ու դիմահարդարումը ցանկացած պահ թարմացնելը: Ավելի ուշ հայտնվում են ամուր պարկուճները: Շանելն աստիճանաբար ստեղծում է կոսմետիկայի գամմա` մաշկի խնամքի և հարդարման համար: Նրան են պատկանում հայտնի խոսքերը, որ հարդարանքը պետք է սկսել սրտից ու հոգուց, հակառակ դեպքում ոչ մի կոսմետիկ միջոց չի փրկի:
1935-ին արված Մեն Ռեյի հայտնի լուսանկարում Շանելը պատկերված է սև զգեստով, մարգարտաշարը` պարանոցին, բարակ սիգարետը` կարմիր ներկած շուրթերին: