Տեղի ունեցավ «Դյութէ» ամսագրի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

March 8, 2024

Մարտի 8-ին Newmag հրատարակչությունը Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց մաշկի խնամքի հայերեն առաջին ուղեցույցը՝ «Դյութէ»-ն։ Ամսագիրը դյութիչ ու գեղեցիկ լինելու իսկական օգնական կդառնա կանանց համար։

«Դյութէ» ամսագրի խմբագիր Գոհար Մանուկյանը պատմեց նախագծի ստեղծման պատմությունը։ Ամսագիր-ուղեցույցը կանանց խնամքի համար է։ Ամսագրում կգտնեք հետաքրքիր ու օգտակար տեղեկություններ մաշկի տեսակների, դրանց խնամքի մասին. «Ամսագրի վրա աշխատել ենք մոտ մեկ տարի, որպեսզի ամեն մի էջը լինի ոչ միայն օգտակար, այլ նաև պարզ, հասկանալի։

Այն շատ հարմար է, միջին չափի է, նույնիսկ կարելի է պայուսակում պահել։ Գունավոր էջերում կգտնեք ամեն մի բաղադրիչի մասին կարևոր տեղեկություններ լուսանկարներով, բացատրություններով։ Ինձ համար ամենակարևորը «Հիշիր որ...» խորագիրն է, քանի որ մենք շատ անգամ մոռանում ենք խնամքի հետ կապված կարևոր քայլերը։  

Մաշկաբան Հասմիկ Գյուլնազարյանն ամսագրի տեքստերի հեղինակն է։ Մաշկաբանն ասում է, որ նույնիսկ գենետիկորեն լավ մաշկ ունեցող կանայք պետք է հետևեն ու խնամեն իրենց մաշկը. «Անկախ նրանից, ինչ մաշկի տիպ ունենք, ինչ միջոցներ եք օգտագործում, գլխավորը մաքուր մաշկն է։ Ամսագրում ամենատարածված բաղադրիչների մասին մանրամասն տեղեկություններ կան, այսինքն այն բոլոր գլխավոր բաղադրիչները, որոնք գրեթե միշտ հանդիպում են խնամքի միջոցներում ու գրված են պիտակների վրա, այստեղ կգտնեք։ Ընթերցողը ծանոթանալով այդ ամենին, իմանալով իր մաշկի տեսակը, կկարողանա ընտրել իրեն համապատասխան խնամք»։ 

Ուղեցույցը միայն կանանաց համար չէ, տղամարդիկ նույնպես կարող են իմանալ իրենց մաշկի տեսակը։ Իհարկե, կան առանձնահատկություններ, տղամարկանց մաշկն ավելի ճարպոտ է, բայց խոնավեցումն ու մաքուր մաշկը նրանց նույնպես վերաբերում է։ Մաշկաբանն ասում է, որ շատ կարևոր են խնամքի էտապները, հաջորդականությունը.

«Առավոտյան արթնանալուց հետո առաջին հերթին պետք է լվանալ մաշկը սենյակային ջրով։ Տաք ջուրը կնճռոտում է, չորացնում է մաշկը։ Այնուհետև պետք է խոնավեցնել մաշկը, ամռանը կարելի է խոնավեցնող բաղադրիչներով արևապաշտպան օգտագործել, իսկ ձմռանը ցանկալի է այն ամրապնդել, խոնավեցնող կրեմ, հետո արևապաշտպան։ Դրանից հետո միայն շպար»։

Ամսագրի խմբագիր Գոհար Մանուկյանն ասում է, որ փորձել են այնպես անել, որ հենց հայկական մաշկի առանձնահատկությունների մասին  տեղեկություններ նույնպես լինեն,  թե մեր կլիմայի դեպքում, ինչպես է պետք խնամել մաշկը։ 

«Դյութէ» նախագծի ղեկավարն Արևիկ Ուդումյանն է։ Ասում է, որ խնամքի միջոցների մեծ ինդուստրիայի մաս ենք կազմում, բոլորս ուզում ենք լինել խնամված. «Գնում ենք կրեմներ, շիջուկներ ու երբեմն դառնում ենք մարքետինգի զոհ, որովհետև հաճախ չգիտենք, թե ինչ ենք օգտագործում, գովազդում ենք տեսնում կամ սիրելի ինֆլյուենսերն է խորհուրդ տալիս։ Բայց ոչ միշտ են այդ միջոցների բաղադրիչները օգտակար կամ հարմար մեր մաշկի տեսակին»։  

Ամսագրի գլխավոր գործընկերը «Բուրմունքն» է։ «Բուրմունքի» զարգացման տնօրեն Հասմիկ Նուշիկյանն ասում է, որպես ոլորտի ներկայացուցիչ, որոշել են հաճախորդներին հասանելի լեզվով ներկայացնել մաշկի խնամքի բարդ աշխարհը։ Նախագծի առանձնահատկություններից մեկն է, որ ամսագրում չկան բրենդների, ընկերությունների անուններ. «Բուրմունքը հիմնականում ունի երեք ուղղվածություն՝ օծանելիք, կոսմետիկա ու խնամք։ Եթե կոսմետիկայի, օծանելիքի դեպքում սպառողն ընտրում է իր նախասիրությամբ, մաշկի խնամքի դեպքում գործ ունենք մաշկի առողջության հետ։ Այս դեպքում կարևորը մաշկի ճշգրիտ խնամքն է, որպեսզի հաճախորդն իր մաշկի խնամքին համապատասխան հնարավորինս ճիշտ ընտրություն կատարի»։  

«Դյութէ» նախագիծը կշարունակվի։ Կլինեն տարբեր ուղղվածությամբ ու թեմաներով համարներ։ Քանի որ նախագծի ներկայացուցիչները կարծում են, որ կանայք սկսել են ավելի շատ խնամել իրենց մաշկը, հետաքրրքվել իրենց մաշկի առողջությամբ։

«Բուրմունքի» առաջին խանութ֊սրահը բացվել է 1990 թվականին, ու այս քսանհինգ տարիների ընթացքում հաճախորդների նախասիրությունները շատ են փոխվել. Եթե տարիներ առաջ հաճախորդն ուներ ընդամենը մեկ խոնավեցնող քսուք, իսկ դեմքի խնդիրների դեպքում դրանք քողարկում էր տոնային կրեմներով։ Հիմա մարդիկ ձեռք են բերում խնամքի ամբողջական միջոցներ։ 

Կարդացեք նաև