«ԵՐԱԶ» մատենաշարը նոր մշակույթ կբերի մանկական գրականություն. առաջին երեք գրքերը լույս կտեսնեն մայիսին

April 18, 2023

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարևորելով մանկական գրականության դերը գրագետ սերունդ կրթելու գործում՝ «Սոմնիում» ընկերությունների խմբի «Երազ Փրոջեքթսը» և Newmag հրատարակչությունը համատեղ նախաձեռնել են «Երազ» մատենաշարը. թարգմանվելու և հրատարակվելու են մանկական բեսթսելլերներ՝ «Երազ» մատենաշարով:

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարևորելով մանկական գրականության դերը գրագետ սերունդ կրթելու գործում՝ «Սոմնիում» ընկերությունների խմբի «Երազ Փրոջեքթսը» և Newmag հրատարակչությունը համատեղ նախաձեռնել են «Երազ» մատենաշարը. թարգմանվելու և հրատարակվելու են մանկական բեսթսելլերներ՝ «Երազ» մատենաշարով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սոմնիում» ընկերությունների խումբը, որի կազմում «Երազ Փրոջեքթսն» է,  ի դեմս նախագահ Տիգրան Հարությունյանի և Newmag հրատարակչությունն՝ ի դեմս տնօրեն Արտակ Ալեքսանյանի, ստորագրեցին  գործակցության հուշագիր, ըստ որի այս տարվա ընթացքում կհրատարակվի հայ և արտասահմանցի մանկագիրների 4 գիրք։ 

«Սոմնիում» ընկերությունների խումբն իր սոցիալական պատասխանատվության շրջանակում կաջակցի Հայաստանում երեխաների կրթությանն ուղղված ծրագրերին:

«Այն, ինչ վերաբերում է երեխաներին, նրանց զարգացվածությանը և միտված է երեխաների կրթությանը, մեզ համար հարազատ ու կարևոր է: Փորձում ենք աջակցել՝ անելով հնարավորինը Հայաստանում կրթության մակարդակը բարձրացնելու համար: Այդպիսի նախագիծ է «Երազ» մատենաշարը: Տեխնոլոգիական դարում բոլորս տեսնում ենք, թե ինչքան է դժվարացել երեխաների մոտ գրքի հանդեպ հետաքրքրություն առաջացնելը. մատենաշարը  փորձելու է լուծել  խնդիրը: Լիահույս ենք, որ մատենաշարը նոր խոսք կբերի մանկական ընթերցանության մեջ, կստեղծի նոր մշակույթ և լինելով առաջինը՝ խթան կլինի ոլորտի զարգացմանը»,- ասաց «Երազ Փրոջեքթսի» համահիմնադիր, «Սոմնիում»-ի նախագահ Տիգրան Հարությունյանը: 

Մատենաշարի գաղափարը ծնվել է հենց «Երազ» այգում՝ Newmag-ի ամառային փառատոնի ժամանակ: Նկատել են, որ երեխաների համար նախատեսված գրքերի պահանջարկ կա, որոշել են կյանքի կոչել մանկական մատենաշարի գաղափարը: 

«Շնորհակալ եմ «Սոմնիում» ընկերությանը՝ այս գաղափարը միասին կյանքի կոչելու համար։ Երազ» մատենաշարը կլինի շատ որակյալ, մտածված, անվտանգ մանկական հոգեբանության համար: Մենք ստեղծում ենք մատենաշար ոչ միայն հրատարակչական առումով եկամուտներ ապահովելու, այլև երեխաներին օգտակար լինելու համար»,- ասաց Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը:

«Երազ» մատենաշարի գրքերը կլինեն ոչ միայն մեծերի, նաև փոքրերի համար՝ տարբերվող դիզայնով: Յուրաքանչյուր տարիքային խմբի համար նախատեսված գիրք կունենա համապատասխան տառատեսակ, տառաչափ, դասակարգում, ինչը նոր մշակույթ է Հայաստանի մանկական գրահրատարակչության ոլորտում:

Մատենաշարի նարնջագույն, դեղին, կանաչ և մանուշակագույն միաեղջյուրի տարբերանշանը կհուշեն գրքի տարիքային խմբի մասին: Նարնջագույնը նախատեսված է մինչև վեց տարեկան երեխաների համար, դեղինը՝ 6-9, կանաչը՝ 9-12 և մանուշակագույնը՝ 12 տարեկանից բարձր երեխաների համար:

6-9 տարեկան երեխաների համար հրատարակվելու է ավստրալահայ գրող Սոնա Բաբաջանյանի «Մուշի անհավանական արկածները» գիրքը: 9-12 տարեկան երեխաներն էլ հնարավորություն կունենան ընթերցել Ջեֆ Քիննիի «Վտվտիկի օրագիրը» գիրքը: Դենիել Սիգելի և Թինա Բրայսոնի համատեղ գործն էլ՝ «Կարգապահություն առանց դրամայի» բեսթսելլերը  կհրատարակի ծնողների համար: Գրքերը թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, միլիոնավոր օրինակներով վաճառվել են:

Միջոցառմանը մասնակցում էին հայտնի մանկագիրներ, հեքիաթագիրներ, պատկերազարդողներ և ծրագրի իրագործմանն աջակցող  շահագրգիռ կողմեր։