Էրդողանը` կատաղած. Բունդեսթագի թուրք պատգամավորներին ուղղված «լավագույն» սպառնալիքները

June 6, 2016

Թուրքիայում, ինչպես և սպասվում էր, հակագերմանական ալիք է: Անկարայի քաղաքապետը Թվիթերում տարածել է Բունդեսթագի թուրքական ծագմամբ 11 պատգամավորների միացյալ լուսանկարը, որոնք կողմ էին քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին: Մեջտեղում՝ բանաձևի համահեղինակ Ջեմ Օզդեմիրն է: Վերնագիրն է՝ «Մեջքից հարվածողները»:
Թուրքական ծագմամբ Բունդեսթագի բոլոր պատգամավորները մահվան սպառնալիքներ են ստանում: Գերակշիռ մասն ուղղված է Օզդեմիրին, որի տան մոտ գերմանական անվտանգության ուժերը սահմանել են խիստ հսկողություն: Օզդեմիրի և մյուս պատգամավորների դեմ ռասիզմը խրախուսում է անձամբ Էրդողանը:
Շարունակելով ազգությամբ թուրքերին ուղղված բարոյախրատական քարոզը՝ Էրդողանը հայտարարել է, որ երեխա չունեցող կանայք հասարակության ոչ լիարժեք անդամներ են. «Կանայք, որոնք երեխա չեն ունենում և նախընտրում են աշխատել, մերժում են իրենց կանացիությունը: Ոչ մի մուսուլման ընտանիք չպետք է մտածի ընտանիքի պլանավորման կամ ընտանիքում ծնելիությունը վերահսկելու մասին: Մենք պետք է ավելացնենք բնակչության քանակը»:
Հակագերմանական, մինչև այդ հակաեվրոպական ալիքը Թուրքիայում աստիճանաբար վերածվում է արևմտյան բարքերի նկատմամբ բացահայտ արհամարհանքի: Թուրքիայի նախագահի` Գերմանիայի հասցեին հնչեցրած սպառնալիքները մեկ ցանկում.


  • Նրա (Ջեմ Օզդեմիր) արյունը պետք է ստուգել լաբորատորիայում:

  • Հիմա ինչպե՞ս են Գերմանիայի ղեկավարները նայելու իմ աչքերի մեջ:

  • Նրանք կանգնած են Թուրքիայի պես բարեկամին կորցնելու վտանգի առաջ:

  • Հե՜յ, Գերմանիա, դու դեռ պատասխան ես տալու Նամիբիայում 100 հազար մարդ սպանելու համար:

  • Նրանք (Բունդեսթագի թուրք պատգամավորները) PKK-ի ահաբեկիչների ճյուղերն են:

  • Մենք այս հարցում (բանաձևի) հանգիստ ենք, Թուրքիայում ապրում է 3 միլիոն թուրք:

  • Բանաձևի ընդունման դեպքում մեր հարաբերությունները կվնասվեն:

  • Ինչո՞ւ ենք մեզ մոտ պահում Թուրքիայում քաղաքացի չհանդիսացող հայերին: Կարող ենք նրանց ուղարկել Հայաստան:

  • Հայերի հարցը ամբողջ աշխարհում դարձել է հակաթուրքական մահակ: