Տիգրան Հայրապետյանի «Պատերազմ և քաղաքականություն» գրիք առաջին օրինակը փոխանցվել է նրա անվան գրադարան (տեսանյութ)

May 6, 2022

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում գործում է հրապարակախոս «Տիգրան Հայրապետյան» գրադարանը: Այն գտնվում է դպրոցի ամենատեսանելի մասում՝ այստեղ պահվում են վերլուծաբանի ժողովածուները, տեսանյութերը, ամսագրերը: Ավելին՝ այստեղ ամեն տարի անցկացվում է Տիգրան Հայրապետյանի անվան մրցանակաբաշխություն: Կրթական այս հաստատությունում ձեռքից ձեռք են փոխանցում վերլուծաբանի գրքերը, անհամբեր սպասում էին նաև Newmag-ի «Պատերազմ և քաղաքականություն» հրատարակությանը:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաներին հենց մուտքից է հարազատ դառնում Տիգրան Հայրապետյանի կերպարը: Նրա անվան գրադարանում աչքի լույսի պես են պահում վերլուծաբանին վերաբերող ամեն ինչ՝ ժողովածուներ, տեսանյութեր, ամսագրեր: Ամեն տարի մարտի 1-ից գրադարանում աժիոտաժն ավելի է մեծանում։ Սկսվում են տիգրանհայրապետյանական օրերը՝ հասարակագիտական ստուգատեսներով, մրցանակաբաշխությամբ՝ ներկայացնում է պատմության ուսուցիչ Վարդան Կարապետյանը. «Հանրակրթական դպրոցներում շրջեք՝ կճանաչե՞ն Տիգրան Հայրապետյանին, չի գտնվի դպրոց, մեր կրթահամալիրը եզակի է»:

Տիգրան Հայրապետյանի՝ այս տարվա մրցանակին հավակնող Կարինե Գոմցյանը ժամերով առանձնանում է Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հոդվածով՝ խորանում է ամենաարդիական խնդրի մեջ. «Մեր օրերում դա շատ արդիական է, կգրեմ վերլուծություն։ Իր մոտեցումը, որ պետք է մեր խնդիրներն ինքներս լուծենք։ Միայն մեր պատասխանատվության ներքո է, չդիմել այլ պետությունների օգնությանը»:

                              

Այս պատկերն է գրադարանի տարբեր հատվածներում. բոլորի շուրթերին 1990-ականներին գրված մտքերն են, որոնք կարծես այսօրվա մասին են։  Անցած տարվա մրցանակակիր Անահիտ Ասատրյանը տպավորված է «3-րդ աշխարհամարտի մատույցներում» գրքով ու հատկապես այն տողերով, որոնք պետության ոչնչացմանն են վերաբերում. «Այն, որ պետության ոչնչացումից է խոսում, պետությունը կա, բայց ոչնչացված է։ Երևում է, որ կանխատեսումներ ուներ, և մտածում էր անցյալից եկող խնդիրները, որ ուղեկցելու են ապագա, որ հասարակությունը կոնսոլիդացված չէ»:

Կարդացեք նաև