Newmag-ը ներկայացնում է Տիգրան Հայրապետյանի «Պատերազմ և քաղաքականություն» գիրքը. Նրա ծննդյան օրը կլինի գրքի շնորհանդես, պանելային քննարկում և մրցանակաբաշխություն (թրեյլեր)

March 17, 2022

Newmag-ը ներկայացնում է լրագրող, քաղաքագետ-վերլուծաբան Տիգրան Հայրապետյանի «Պատերազմ և քաղաքականություն» գիրքը: Առաջին անգամ լույս է տեսնում նրա քաղաքագիտական վերլուծությունների ու ակնարկների ժողովածուն, որտեղ տեղ գտած նյութերը չափազանց արդիական են մեր օրերում։

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրը՝ մարտի 18-ին, 13.00, Holiday Inn հյուրանոցի (Ամիրյան 2) «Երևան» սրահում: Շնորհանդեսից բացի կլինի պանելային քննարկում և մրցանակաբաշխություն։

1990-ականների քաղաքագիտական մտքի ամենավառ դեմքերից Տիգրան Հայրապետյանն ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ Միջազգայնագետ-վերլուծաբանն առաջին օրվանից ակտիվ մասնակցել է Արցախյան շարժմանը և եղել երիտասարդական շարժման կազմակերպիչ-ղեկավարներից։ Իր հոդվածներում պարբերաբար անդրադառնում էր Արցախյան առաջին պատերազմում ազատագրած տարածքների կորստի,  ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգին. «ԼՂ խնդիրն այն փորձաքարն է, որը ցույց կտա ազգային խնդիրները լուծելու հարցում հայ ժողովրդի կարողության սահմանը»:

1991-ից Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական հոդվածները և վերլուծական նյութերը կանոնավորապես տպագրվում էին Հայաստանի և Եվրոպայի մամուլում։ Մոտ 400 հրապարակումների հեղինակ է: Հրատարակվել են նրա «Անապատի հազար տարի», «Երրորդ աշխարհամարտի մատույցներում», «Ծուռ հայելիների թագավորությունում» գրքերը: Տիգրան Հայրապետյանը մահացել է 1999 թվականի մարտի 9-ին ավտովթարից:

                                                                                     

Նրա գրավոր ժառանգությունը մահից տասնամյակներ անց էլ արդիական է։ Գործընկերների ու ընկերների պնդմամբ, Տիգրան Հայրապետյանն անկախ  Հայաստանի առաջին խոշոր քաղաքագետն էր։ Նա շրջանառության մեջ էր դնում քաղաքագիտական հայերեն նոր տերմիններ՝ ստեղծելով  մասնագիտական բառարան, որից հիմա օգտվում է նոր սերունդը։ Տիգրան Հայրապետյանն առաջինն էր, որ քննարկեց կոմպլեմենտարիզմի գաղափարը՝ հետազոտելով մերձավորարևելյան զարգացումները։

Հայրապետյանի կնոջ՝ Նազենի Ղարիբյանի նախաձեռնությամբ և Newmag-ի հանձնառությամբ հրատարակվել են քաղաքագետի տարբեր տարիներին գրված և հրապարակված քաղաքագիտական վերլուծություններն ու ակնարկները մեկ ժողովածուով: Գրքի շնորհանդեսին կհաջորդի պանելային քննարկում, թե որքանով են այսօր արդիական նրա աշխատությունները: Քննարկմանը կմասնակցեն  քաղաքագետներ, լրագրողներ։

Միջոցառման վերջին ակորդը մրցանակաբաշխությունն է: Արդեն 17 տարի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գործում է Տիգրան Հայրապետյանի անունը կրող գրադարան, ամեն տարի անցկացվում է նրա անվան մրցանակաբաշխություն: Այս տարի մրցանակաբաշխությունը տեղի կունենա Newmag-ի շնորհանդեսի շրջանակում: Դպրոցի ղեկավարությունը լավագույն սաներին կհանձնի պատվոգրեր ու մրցանակներ:

Հուշ-ցերեկույթի վերջում կլինի գինու հյուրասիրություն՝ Տիգրան Հայրապետյանի սիրելի երգերի հնչյունների ներքո: Մուտքն ազատ է։