«Պատերազմ և քաղաքականություն» գրքին անհամբեր սպասել է հեղինակի մայրը (տեսանյութ)

June 10, 2022

Մինչև Newmag-ի «Պատերազմ և քաղաքականություն» գիրքը, Տիգրան Հայրապետյանի այս հոդվածները միայն արխիվներում էին, հիմա մի գրքով ամբողջացվել են տարբեր տարիներին տարբեր լեզուներով քաղաքագիտական եզակի մտքերը: Տիգրանի արխիվների զգալի մասը պահում, գրեթե ամեն օր աչքի է անցկացնում նրա մայրը՝ տիկին Ֆրիդան: Նա անհամբեր սպասում էր որդու գրքի լույս ընծայմանը:

Այն շենքում, որի վրա փակցված է Տիգրան Հայրապետյանի հուշատախտակը՝ Բագրատունյաց 10 հասցեում, տիկին Ֆրիդան վերընթերցում է որդու հոդվածները։ Որերորդ անգամ՝ կարծես փորձում է մտապահել յուրաքանչյուր միտք. «էնքան եմ կարդացել ու թողել, նորից եմ կարդացել: Իր գրվածքների մեջ կարդում ու շատ շատ նոր բաներ են գտնում։ Երբեք չէր սպասում, որ ուրիշները կարդան, կամ ասեն»։

Այդ պահին տիկին Ֆրիդան կանգ էր առել «Պատերազմ և քաղաականություն» հոդվածի վրա։ Դրանում վերլուծաբան-որդին ասում է․ «Եթե պատերազմող երկրի քաղաքականությունը թույլ է, այն վաղ թե ուշ կորցնում է պատերազմի վերահսկողությունը։ Պատերազմող երրորդ ուժերի քաղաքական ու ռազմական միջամտությունը չի ծառայում պատերազմող երկրի շահերին, եթե այդ ուժերը նրա կայուն դաշնակիցները չեն»։

Ու այսպես ամեն օր՝ որդու հիշատակի անկյունի դիմաց նստած է: Այդտեղ մայրը հավաքել ու պահում է Տիգրանին վերաբերող ամեն ինչ․ այստեղ է սկսում օրը, այդտեղ էլ ավարտում՝ խնամքով շարված գրքերի ու ամսագրերի հետ. «Իմ տղայիս հիշողությունն է։ Աշխատանքի արդյունքն է կան մարդիկ, որ գնահատում են, կան մարդիկ չեն էլ հիշում՝ եղել է, թե չի եղել»։

Տիկին Ֆրիդան, ինչպես միշտ, ձիգ կեցվածքով է, գրեթե չի ժպտում։ Աչքերն առկայծեցին միայն այն ժամանակ, երբ խոսք բացվեց որդու նոր գրքի մասին։ Մտերիմներն են պատմում՝ ինչ անհամբերությամբ է սպասում, որ ընթերցողին հասանելի լինի Տիգրանի  «Պատերազմ և քաղաքականություն»-ը. «Խոսքը չգնա հենց էնպես կորի: Եթե շատ ունենայինք Տիգրաններ, հիմա էսպես չէր լինի մեր պետությունը։ Երեսին ասող, ճակատին խփող, դիմացը կանգնող ու ասող. էդպիսիները քիչ են»։

Հարցազրույցից հետո տիկին Ֆրիդան նորից բացեց հոդվածը, որտեղ Տիգրան Հայրապետյանը գրել է․ «Եթե պատերազմում վատնվել են կարողությունները, որոնք գերազանցում են թույլատրելի սահմանը, հեռանկարում կպահանջվի ուժերի առավելագույն գերլարում՝ կորուստները վերականգնելու և նոր փորձություններին պատրաստվելու համար»: