«Երևանյան բեսթսելեր». «Եթե սա գրող է»-ն՝ առաջատար. հայ գրականություն, ապրիլ, 2023

May 13, 2023

«Երևանյան բեսթսելեր». «Եթե սա գրող է»-ն՝ առաջատար. հայ գրականություն, ապրիլ, 2023ա

Արամ Պաչյանի «Եթե սա գրող է» արձակ ժողովածուն առաջին տեղում է։ Այն հիմնականում ներառում է էսսեներ, պատմվածքներ, ելույթներ, գրախոսականներ, հոդվածներ՝ գրված վերջին տարիների ընթացքում։ Կենտրոնական թեմաներն են պատերազմը, համաճարակը և, իհարկե, Երևանը։ 

Երկրորդ տեղում է Սյունե Սևադայի «Աղի թեյ»-ը. 2019-ի գարնանը երաժշտական աշխարհը ցնցվում է անսպասելի լուրից. համաշխարհային ճանաչում ունեցող  երիտասարդ հայ դաշնակահար ու կոմպոզիտոր Իդան ողբերգական ավտովթարի պատճառով հեռացել է կյանքից: Մահից ամիսներ անց հայաստանյան ամենամեծ հրատարակչության հիմնադիրը կապվում է Իդայի օգնականի ու ամենամտերիմ մարդու՝ Նենէի հետ՝ առաջարկելով Իդայի մասին կենսագրական գիրք գրել: Նենէն համաձայնում է, բայց գրվող ամեն էջի հետ բացահայտվում են մանրամասներ, որոնք ստիպում  են բացել անցյալի մռայլ էջերը, նորովի ճանաչել մարդկանց ու առերեսվել սարսափելի իրականությանը...

Սուսաննա Հարությունյանի «Անդրանիկի վերջին ձին» երրորդ տեղում է։ Վեպի գլխավոր, բայց չերևացող հերոսն Անդրանիկ զորավարի վերջին նժույգն է, որ վեպում է ու հերոսների հիշողության մեջ և ուղեկցում է նրանց պատմության ամբողջ ընթացքում: Վեպի գործողությունները ձգվում են մեկ դարից ավելի՝ 1918-2020 թվական։ Առաջին մասի դեպքերը տեղի են ունենում Սևանի ավազանում։ Ներկայացվում է հայոց պատմության ամենադրամատիկ էջերից մեկը՝ Զոդում Սիլիկյան եղբայրների սպանությունն ու, որպես վրեժ՝ Զոդ օպերացիան: Երկրորդ մասում վեպի վերջին հերոսի՝ Մովսեսի հուշերն են: Էպոպեա, որի առանցքում պապերից որդիներին ու թոռներին անցած արժեքներն ու խնդիրներն են:

Չորրորդ տեղում է Հովսեփ Վարդանյանի «Ագապի»-ն։ «Ագապի» վեպը մի անմեղ սիրո պատմություն է, որի գլխավոր հերոսուհին՝ Ագապին, հարում է հայ լուսավորչական դավանանքին, իսկ նրա սիրած երիտասարդը՝ կաթոլիկ: Դավանանքների այդ անտագոնիզմում երիտասարդ աղջկա՝ Ագապիի և նրա սիրեցյալի՝ Հակոբի սիրո պատմությունը վերածվում է ողբերգության... «Ագապի» վեպը լույս է տեսել 1851 թ. Կ. Պոլսում՝ հայերեն տառերով, թուրքերեն լեզվով, և ուղիղ հարյուր տարի մնացել էր անհայտության մեջ:

Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան» վեպը հինգերորդ տեղում է։ «Խոդեդան» վեպը, որ ընդգրկում է վաթսունամյա մի ժամանակաշրջան՝ 1890-1950-ական թվականները, պատմությունն է բռնաշենցի հովիվ Ասատուրի (քրդերեն՝ Խոդեդան) և նրա բախտակից համերկրացիների։ Արևմտահայ այս շինականներին վիճակված էր անցնելու արյունով և արհավիրքներով լի մի ճանապարհ, որն ավարտվում է Արևելյան Հայաստանում։ Նրանք վերջնական հանգրվան են գտնում Արագածի լանջերին՝ դարավոր թշնամուն թողնելով իրենց պապերի երկիրը, «ուր հազարամյա պատմություն ունի ամեն մի քար, ծառ, ծաղիկ», ու վիրավոր սրտերում անթեղելով այդ երկրի կորստյան կսկիծը. «Ա՜խ, երկիր. շաքար էր՝ շան բերան մնաց»:

Վեցերորդ տեղում է Տա Թևերի «731 օր քեզ համար» վիպակը: Վիպակը 2014 թվականին բանակ զորակոչված երիտասարդի մասին է: Գիրքը նվիրված է սահմանին ծառայող  զինվորին ու նրան թիկունքում հավատով սպասող հայուհուն: Հերոսն այս պահին ծառայող, արդեն զորացրված, կենդանի կամ անմահացած տղաների հավաքական կերպարն է:

Յոթերորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց, սովորաբար, նրանց «մոռանում են»: Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ «Ջոն Հանիսյանը», որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում:

Պարույր Սևակի «Սիրերգություն» ժողովածուն ութերորդ տեղում է։ Սիրո հանրագիտարան՝ Պարույր Սևակից։ Ժողովածուն իր տեսակով բացառիկ է, քանի որ ներառում է Պ. Սևակի գրեթե բոլոր սիրային բանաստեղծությունները։ Ավելի ստույգ՝ 133 սիրային բանաստեղծություն՝ բաղկացած չորս շարքերից՝ «Նորից քեզ հետ», «Նույն հասցեով», «Նորից չեն սիրում, սիրում են կրկին», «Սերը՝ հանելուկ»։ Այս գրքի շնորհիվ ընթերցողը ստանում է Պ. Սևակի սիրային քնարերգության ընդհանրական պատկերը՝ հետևելով դրա ստեղծման ու զարգացման բոլոր շրջափուլերին։

Իններորդ տեղում է Մարկ Արենի և Վարս Չարենցի հեղինակած «Դարձյալ սիրո մասին» վեպը։ Վեպը հանճարեղ բանաստեղծ, բժիշկ Ռուբեն Սևակի և Յաննի Ապպելի անմահ սիրո պատմությունն է։ Ազգակործան դաժան եղեռնի ծանր օրերին Սևակին փրկություն առաջարկող թուրք պաշտոնյային սառնասրտորեն մերժած Ռուբեն Սևակը գերադասում է դաժան մահը, քան հավատուրացության միջոցով իր կյանքը փրկելը… Որպես սիրո առանձին հուշարձան ներկայացվող «Դարձյալ սիրո մասին» գրքի յուրաքանչյուր էջ լի է հավերժական սիրով ու սիրո իմաստնությամբ...

Տասներորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Հուշացած ակնթարթներ» գիրքը։ Գիրքն ընկերությունից դեպի սեր տանող ճանապարհը նկարագրող մի պատմություն է, որն ընթանում է աննկատ, ու ամպերին հասած մաքուր սերն աննկատ էլ  ավարտվում է՝ արդեն սառած օդում հարյուրավոր անպատասխան հարցեր, դատարկություն ու ցավ թողնելով: Գրքի էջերում հեռացումին հաջորդող փուլերն են, որոնցից և ոչ մեկը հեշտ ու անհետևանք չի անցնում, և որոնց միջով, անկախ պատճառներից ու հաշտվելու հավանականությունից, անցնում են բոլորը։ Վիպակը հիշողությունների մի ամբողջ շարք է, ապրած երջանիկ պատառիկների անվերջանալի հերթափոխ՝ շաղախված խեղդող կարոտով: Դրանից ազատվելն անհնար է, ինչքան էլ մոռանալու ցանկությունը մեծ լինի, որովհետև չհիշել փորձելն արդեն իսկ հիշել է նշանակում։