ՄԻԵԴ կոմունիկացում. ինչպե՞ս կարելի է սանձել ադրբեջանական ռազմական արկածախնդրությունը

April 10, 2018

Մելիքյանների ընտանիքը թաց աչքերով, բայց պայքարում է մինչև վերջ, ինչպես Շավարշը` Չինարիի իր դիրքում: Եվրոպական դատարանում հայց են ներկայացրել Ադրբեջանի դեմ և բարձրագույն ատյանը որոշել է քննել այդ հայցը:
Ադրբեջանին պատասխանատվության են կանչում երեք հայ զինծառայողների ընտանիքները` միասին և մեկ պահանջով` ճանաչել իրենց որդիների կյանքի իրավունքի խախտումը:
«Լարված էր, վազում էր, երևի խրամատում էր, պոստն էր ստուգում, մամ, մի տասը րոպեից կզանգեմ: Սպասեցինք, մի կես ժամ անցավ, նոր զանգեց, ասեց ամեն ինչ լավ է, ինչ իմանայինք, որ մինչև լուսաբաց նման բան կկատարվեր»,- հիշում է Շավարշ Մելիքյանի մայրը` Ռուզան Պետրոսյանը:
Դեկտեմբերի 29-ի լուսաբացին Ադրբեջանի հատուկջոկատային խումբը ներխուժում է Հայաստանի տարածք, անցնում հայկական դիրքերի թիկունք: Մի քանի ժամ տևած մարտից հետո դիվերսանտները հետ են շպրտվում` տալով առնվազն 7 զոհ և մեկ դի թողնելով հայկական դիրքում:
Բանակի բարձրագույն հրամանատարությունը հետո պատմեց` ավագ լեյտենանտ Մելիքյանը գրագետ մարտ է վարել: Մայրը հավելում է` կյանքի գնով պահպանել է իր անձնակազմը և Չինարի գյուղը: Հայրը Աշոցքի իրենց տան լուսամուտից դիմացի սարն է ցույց տալիս. «Էգուց ստից էլ կրնա գա, գիտես, թուրքը, ոտմ տեղ է, ստից էլ, էս սարից հետո կուգա, ես էլ անզեն եմ: Հայոց պետական սահմանը հատելու համար իրենց դատ է հասնում»:
Բոլոր լուսանկարները, համազգեստը, ժամացույցն ու հեռախոսները մայրական խնամքով արված են տան ամենալուսավոր անկյունում: Տավուշից առաջ Շավարշ Մելիքյանը Գորիսում է ծառայել:  Չինարիից լուսանկարներ պարզապես չկան: Վտանգավոր դիրքի ոչ մի ակնթարթը տուն չէր ուղարկել:
«Էնպես էր շրջանցում էդ հարցը, էնպես տակտիկորեն ու վարպետորեն, որ մոռանում էիր նույնիսկ որ դու հարց ես տվել, որպեսզի չպատմեր: Ոչինչ չէր պատմում», - հիշում է տիկին Ռուզանը:
Ամբողջ ընտանիքով ամենաբարձր դատական ատյանում Ադրբեջանի դեմ են դուրս եկել հանուն Չինարիի դիրքերը պահող տղաների: Սա Բաքվին զսպելու որոշում է, որ սահմանի մյուս կողմում իմանան` անպատիժ չեն մնա:
ՄԻԵԴ-ում քննության առնված հայկական այս հայցը նոր կոնտեքստով է: Ավելի վաղ Ադրբեջանի դեմ հայկական կողմի կոմունիկացված հայցերը վերաբերում էին արցախաադրբեջանական շփման գծին: Առաջին անգամ հարցը վերաբերում է Հայաստանի տարածքի դեմ ոտնձգությանը:



Կարդացեք նաև.



Սրանից բացի հայ զինծառայողների վրա հարձակվել են, երբ չկար զինված բախում, պատերազմական իրավիճակ: Սա հարցը հումանիտար իրավունքից տեղափոխում է մարդու իրավունքի դաշտ:
Գործով զբաղվող միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը համոզված է` մահաբեր ուժը, որ կիրառվել է ադրբեջանի կողմից, բացարձակ անհրաժեշտ չի եղել, ՄԻԵԴ-ի վճիռը դրական կլինի և տարիների ընթացքում այլ հայցերի հետ ազդեցիկ լծակ կդառնա. «Իրավական դաշտում կստեղծվի նոր իրավիճակ, իսկ քաղաքական գործիչները շատ հաճախ իրավաբանությունից են օգտվում»:
Ըստ դատավարական ընթացակարգի այժմ սկսվում է դատաքննության փուլը, Ադրբեջանը պետք է պատասխանի ՄԻԵԴ-ի առաջադրած հարցերին: հետո հայկական կողմը հակափաստարկելու իրավունք կունենա: Վճիռը կհրապարակվի կես տարի անց:


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։