Ի՞նչ անել, եթե Ձեզ հետևում են

Ի՞նչ անել, եթե Ձեզ հետևում են

Եթե նույնիսկ դուք օրինապաշտ քաղաքացի եք, հնարավոր է՝ Ձեզ հետևեն: Մի կորցրեք ինքնատիրապետումն ու փորձեք Ձեզ հետևողներին խաբել:

Դուք մտնում եք Ձեր սիրելի սրճարանն ու Ձեր հետևում՝ հերթի մեջ, նկատում եք կանաչ մարզաշապիկով երիտասարդի: Հետո մոռանում եք նրա մասին: Ընդմիջմանը նույնպես նկատում եք նրան: Երիտասարդը նստած է ձեզնից մի քանի սեղան այն կողմ: «Այ քեզ բան, աշխարհն իրոք որ փոքր է», – կմտածեք Դուք: Բայց երբ նույն երիտասարդին տեսնում եք արդեն երեկոյան ձեր մարզասրահի հարևանությամբ կայանված մեքենայի ղեկին, այդ պահին արդեն սկսում եք մտածել, որ Ձեզ հետևում են:

Ինչո՞ւ: Պատասխանն ակնհայտ է, երբ պատճառ կա, օրինակ, եթե ինչ-որ հանցագործություն եք կատարել, կամ պարտք եք ինչ-որ մեկին, կամ լրտես եք: Բայց Ձեզ կարող են հետևել, նույնիսկ այն դեպքում, երբ Դուք իրավախախտ չեք:

Ինչպե՞ս հասկանալ, որ Ձեզ հետևում են:

Մասնագետներն ասում են.

  • Առաջին անգամը պատահականություն է
  • Երկրորդ անգամ՝ համընկնում
  • Երրորդ անգամ՝ հակառակորդի գործողություն

Եթե նույն մարդուն տեսնում եք երեք տարբեր վայրերում, ապա ամենայն հավանականությամբ, ձեզ իսկապես հետևում են: Համոզվելու համար՝ ինքներդ հետևեք: Գուցե, ինչ-որ մեկը, սովորական անցորդի համար չափից ավելի հաճախ ու ավելի երկար է հայացքը ձեզ վրա պահում: 

Եթե մեքենա եք վարում

  • Եթե մեքենա եք վարում, երթևեկում եք քաղաքում և մի քանի անգամ նույն մեքենան եք նկատում, ապա մի քանի պտույտ արեք նույն թաղամասում: Եթե պոչն այդպես էլ չի պոկվում, ապա Ձեզ իրոք հետևում են:

  • Կարող եք վերադասավորվել դեպի աջ գիծ ու կտրուկ նվազեցնել արագությունը, այդ դեպքում մեքենաները, սովորաբար վազանց են կատարում ու առաջ ընկնում, իսկ եթե կասկածելի մեքենան կրկնի Ձեր մանևրը, ապա դա մտածելու տեղիք է տալիս:

Եթե ոտքով եք զբոսնում

  • Փոխեք Ձեզ բնորոշ առօրյա սովորությունները: Եթե ամեն օր դուք նույն հստակ նախագծած գրաֆիկով եք շարժվում, ապա դժվար է պարզել՝ ձեզ հետևում են, թե ոչ:
  • Գուցե, ուղղակի նույն ժամին հանդիպում եք նույն սովորություններն ունեցող մարդկանց:
  • Փորձեք առավոտյան սրճարան մտնելու փոխարեն, մտնել խանութ, փոխեք ընդմիջման ժամն ու վայրը, փոխեք մարզասրահը: Եվ ուշադրություն դարձրեք՝ ձեր պոտենցիալ հետևողները կրկին հայտնվում են, թե ոչ:
  • Փոխեք քայլքի տեմպը: Եթե դուք կտրուկ արագացնեք, կամ դանդաղեցնեք քայլքն, ապա ձեզ հետևողը ստիպված կլինի անել նույնը:
  • Կանգ առեք ու կտրուկ շրջվեք: Ձևացրեք, թե ինչ-որ բան եք ցանկանում անել, օրինակ՝ կապել կոշիկի քանդված կապերը: Ամենայն հավանականությամբ, ձեզ հետևողն իրեն կմատնի, քանի որ դուք նրան հանկարծակիի կբերեք:
  • Փոխեք ուղղությունը: Կանգ առեք, 180 աստիճանով շրջվեք ու հետ գնացեք: հետևողը կրկին ստիպված կլինի անել նույնը:

Կարդացեք նաև.


Ի՞նչ անել, եթե նկատել եք որ ձեզ հետևում են

  1. Տուն մի վերադարձեք, այլապես կմատնեք ձեր բնակության վայրը: Գուցե ձեզ հետևող անձն առայժմ չունի այդ տեղեկությունը ձեր մասին: Տուն կարելի է վերադառնալ այն դեպքում, երբ վստահ եք որ այլևս պոչ չկա:
  2. Մնացեք մարդաշատ ու լավ լուսավորված վայրում:
  3. Եթե մեքենայով եք, ապա խուսափեք դատարկ ճանապարհներից, եթե ոտքով՝ նեղլիկ, ամայի փողոցներից: Եթե խանութում եք նկատել, որ ձեզ հետևում են, ապա փորձեք մինչև ձեր մեքենան հասնել մյուս գնորդների հետ միասին:
  4. Մանևրեք: Եթե ղեկին եք, ապա անընդհատ մանևրեք, վերադասավորվեք, փոխեք շարքերն ու արագությունը, ձեր նպատակն է այնպես անել, որ հետևողն անցնի ձեզ ու մայրուղով շարունակի ճանապարհը, իսկ դուք այդ ընթացքում կկարողանաք թեքվել առաջին պատահած հանգույցի ժամանակ:
  5. Հավաքեք առավելագույն տեղեկությունը ձեզ հետևող մեքենայի մասին. Համարանիշներ, տեսակ, մակնիշ, գույն, փորձեք նկարագրել հետևողին, ինչ տեսք ունի, հատուկ տարբերանշաններ:
  6. Օգտագործեք հասարակական տրանսպորտը, փորձեք վերջին պահին նստել ավտոբուս, մետրոյի վագոն:
  7. Հանկարծակիի բերեք ձեզ հետևողին, ինքներդ մոտեցեք նրան ու հարցրեք, – «Կարո՞ղ եմ Ձեզ ինչ-որ բանով օգնել», կամ, – «Ձեզ ինձնից ինչ-որ բա՞ն է հարկավոր»: Նման ագրեսիվ պահվածքը կարող է ստիպել հետևողին նահանջել, բայց նման կերպ վարվեք միայն մարդաշատ վայրերում:
  8. Եթե կյանքի կամ առողջության համար վտանգ եք զգում, ապա անհապաղ զանգահարեք ոստիկանություն, իրավապահներին տեղեկացրեք տեղի ունեցածի մասին, կամ էլ ինքներդ գնացեք ոստիկանության մոտակա բաժանմունք, կամ էլ մոտեցեք ճանապարհային ոստիկաններին: Հայտնեք նրանց ձեր ունեցած ամբողջ տեղեկությունն ու օգնություն խնդրեք:
  9. Մի նշեք ձեր գտնվելու վայրը սոցցանցերում, դրանով դուք միայն օգնում եք Ձեզ հետևողներին:

Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։


 

Գրել կարծիք