Ամուսնական դավաճանություն. Հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր

November 5, 2016

Վաղընջական ժամանակներում մարդն ընտանիքի, ամուսնության մասին գաղափար չուներ: Հենց այդ պատճառով ամուսնական դավաճանություն գոյություն ունենալ չէր կարող: Միևնույն ցեղի մարդիկ միասին ապրում էին քարանձավում և իրենց գլուխը չէին լցնում այնպիսի «անհեթեթություններով», ինչպիսիք են՝ ով ում կինն է, ում սիրուհին, որ տղամարդն ում ամուսինն է: Կարևորը, որ նա նույն ցեղախմբից լիներ: Իհակե, երբեմն պետք էր հետ մղել մրցակցուհուն՝ հավանած տղամարդուն քեզնով անելու համար, կամ ետ մղել քո ցեղախմբի մյուս անդամին՝ հավանած կնոջ հետ քնելու համար:

Դավաճանությունը Հին աշխարհում


Ընտանիք ինստիտուտի ի հայտ գալուց հետո մարդկությունը սկսեց քննադատել ամուսնական դավաճանությունը՝ համարելով այն հավատարմության հականիշ: Ի դեպ, երկար ժամանակ հավատարմություն պահանջվում էր միայն կանացից, իսկ տղամարդիկ իրավունք ունեին զվարճանալ ստրուկների, ենթակաների և մարմնավաճառների հետ: Սա դավաճանություն չէր համարվում: Դրա հետ մեկտեղ, Հին Եգիպտոսում ստրուկից ծնված զավակը համարվում էր ստրուկ և ծնողից ոչ մի պահանջի իրավունք չուներ: Հին Հունաստանում չամուսնացած կանայք իրավունք չունեին սեքսուալ հարաբերություններ ունենալ ստրուկների հետ: Բայց սա միայն օրենքով, իրականում ամենահայտնի կանանց սիրավեպերի հերոսները հենց ստրուկներն էին:

Միջնադարյան դավաճանություն


Միջնադարում, Քրիստոնեության տարածումից հետո, ամուսնական դավաճանության մեղադրանքը հավասարապես սկսեց վերաբերվել թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց: Բայց, այնուամենայնիվ, ավելի շատ ՝ կանանց, որովհետև օրենքով դավաճան կանանց շատ ծանր պատիժ էր սպասվում, մինչդեռ հատկապես ազդեցիկ տղամարդկանց արածների վրա հաճախ աչք էին փակում: Դավաճանության մեջ բռնված տղամարդը կարող էր խուսափել պատասխանատվությունից, եթե ամուսնանար իր հետ ժամանակ անցկացնող աղջկա հետ, ինչը աղջկան ու նրա ընտանիքին հեռու կպահեր խայտառակվելուց: Նման իրավիճակում հայտնված կնոջը ամուսինը կարող էր վռնդել տնից՝ զրկելով ունեցվածքի իր բաժնեմասից: Իսկ դատարանի միջոցով կարող էր դավաճան կնոջը զրկել ցանկացած տիտղոսից, որից հետո խայտառակության խարանը կրում էր նաև կնոջ հորական գերդաստանը: Այդ պատճառով աղջկա հայրը թաքուն պայմանավորվածություն էր ձեռք բերում փեսայի հետ՝ խնդրին անաղմուկ լուծում տալու համար, կամ դավաճան դստերն ուղարկում էր մենաստան:

Դավաճանությունը մեր ժամանակներում


Մեր օրերում ամուսնական դավաճանությունը օրենքով դատապարտելի չէ, որովհետև այսօրվա հասարակությունն ու նրա ընկալումներն արմատապես փոխվել են: Շատերին հետարքիր չէ դիմացինի ծագումն ու անցյալը: Մարդու սոցիալական ստատուսը որոշվում է միայն ունեցած փողով և այն աշխատելու կարողությամբ: Ինչքան շատ փող, այնքան բարձր ստատուս: «Ապօրինի ծնունդ» հասկացությունն այսօր այլևս գոյություն չունի: Արտամուսնական կապից ծնված որդին, որ օլիգարխ հոր սիրելին է, կարող է հասարակության մեջ բարձր դիրք զբաղեցնել:
Այսօր բաժանությունը ոչ քրեական հանցագործություն է, ոչ էլ վարչական խախտում, այլ ընդամենը՝ ընտանեկան դրամա, որը վերաբերվում է միայն ամուսնուն, կնոջը, սիրեկանին կամ սիրուհուն:

Բարոյականության նոր մոդել


Բարոյականությունը առողջ հասարակության հիմնաքարերից է:Առանց բարոյական կոդեքսի հասարակությունը դատապարտված է կործանման, ինչին այսօր ականատես ենք լինում: Նոր բարոյական նորմերն այսօր օդ ու ջրի պես կարևոր են: Բայց այն ինքն իրեն չի առաջանալու, այն մեզ չի բերելու ինչ-որ մեսիա կամ իմաստուն, բարոյականությունը ոչ թե հասարակության զարգացման պատճառն է, այլ՝ հետևանքը: Հասրակության արմատական կերպարանափոխության, հասարակ մարդու կեցության պայմանների բարելավման, երեխաների, ծնողների, ընտանիք ինստիտուտի հանդեպ հասարակական ու պետական մոտեցման փոփոխության դեպքում միայն կծնվի նոր ու ամուր բարոյականության մոդել, ինչը գրեթե անհնար կդարձնի ամուսնական դավաճանությունը, քանի որ դրան գնալու առիթ չի լինի: