[ Խմբագրական ] Մեր օրերի հերոսությունը առօրեական է, հաղթանակը` հերթական, հեղափոխությունը` սեզոնային

July 20, 2016

Ժամանակակից աշխարհում օպտիմիստն ուսումնասիրում է անգլերեն, պեսիմիստը` չինարեն, ռեալիստը` Կալաշնիկովի ավտոմատը: Ես գերադասում եմ ուսումնասիրել կործանված քաղաքակրթությունների պատմությունները: Դրանք ընթերցվում են մի շնչով, Ճիշտ ինչպես կործանվել են: Սույն ընթերցանությունն այնքան էլ չի հուսադրում, բայց գոնե մխիթարում է:
Ժամանակակից  աշխարհում  պատերազմը  շարունակությունն  է  տապալված  արտաքին  քաղաքականության, որը ներքին խայտառակության արտացոլումն է, որն էլ իր հերթին հետևանքն է սոցիալ-տնտեսական կոլապսի, որի պատճառը գաղափարազուրկ վերնախավի քաղաքական տհասությունն է, որը ձևավորվել է հանրային ունեցվածքի և ազգային հարստության օրինական յուրացման պայմաններում:
Ժամանակակից աշխարհում հերոսությունը դարձել է առօրեական, հաղթանակը` հերթական, պարտությունը` անխուսափելի, հեղափոխությունը` սեզոնային, մեղքը` էլեկտրոնային, թողությունը` զանգվածային, ամենաթողությունը` պապենական, հայրենասիրությունը` ցուցադրական, մահը` to do list-ի վերջին գրառում:



[ Կարդացեք նաև ]



 
Ժամանակակից աշխարհում չկան մշտական բարեկամներ, կան մշտական պրոբլեմներ. եթե դրանցից մեկը լուծեցիր, ստիպված ես անցնել հաջորդին, հետո` մյուսին: Ահա ինչու մեծ հաշվով իմաստ չունի լուծել առաջին պրոբլեմը, այլ իմաստ ունի ձգձգել դրա լուծումը: Չկան ռազմավարական գործընկերներ, կան հնչեղ անվանումներով խոստումնալից ծուղակներ. Եթե դրանցից մեկից փրկվեցիր, մյուսներն անպայման չրխկալու են մյուս ոտքիդ ու ձեռքիդ: Այնպես որ իմաստ չունի ծուղակից ծուղակ նետվել:
Ժամանակակից աշխարհում միամտություն է խաղաղություն փնտրել այնտեղ, որտեղ դեռ ոտք չի դրել քո զինվորը: Առևտուր անել այնտեղ, որտեղ կշիռ չունի քո փողը: Գնել այն ապրանքը, որը ստեղծել է քո մրցակիցը: Արդարություն անսալ նրանց հետ, որոնց ամբողջ հույսը Ահեղ դատաստանն է: Ուժեղի բարեհաճությանն ապավինել այնժամ, երբ նա ինքն է օգնության կարոտ:
newmag #68 մարտ / ապրիլ