Գնել Նալբանդյան. Մեր մտքի գինը մեր ազատությունն է

Գնել Նալբանդյան. Մեր մտքի գինը մեր ազատությունն է

newmag-ի գլխավոր խմբագրի խոսքն այս մասին, թե իշխանության գինը ուրացնող է, հաղթանակի գինը` կուրացնող, բարեկեցության գինը ճարպակալումն է, բարոյականության գինը` միայնացումը…

1998 թվականի հունվարին Ռուսաստանում թողարկվեց նոր 100-ռուբլիանոցը, որի վրա պատկերված էր Մեծ թատրոնը: Եվ մի քանի ժուլիկներ այն սկսեցին վաճառել 50 դոլարով: Ինչպե՞ս: Օգտագործելով Մոսկվայում հայտնված գավառացիների կամ օտարերկրացիների անտեղյակությունն ու դյուրահավատությունը: Ժուլիկները կանգնում էին Մեծ թատրոնի աստիճաններին և ճռճռան 100-անոցները 50 դոլարով վաճառում էին խեղճ մարդկանց` որպես ներկայացման տոմս: Սա նեղմտության գինն է:

Երիտասարդ չինացիներն ու չինուհիները, որոնք ցանկանում են ամուսնանալ, իրենց տվյալները գրում են թղթադրամների վրա և դրանք կրկին դնում շրջանառության մեջ: Եթե որևէ մեկը փնտրում է իր կեսին, կարող է զանգել փողի վրա գրված համարով կամ գնալ գրված հասցեով: Չինացիները հաճախ են ամուսնանում այս ճանապարհով ու բախտորոշ թղթադրամը տանը պահում են որպես սուրբ մասունք: Սա երջանկության գինն է:


Գնել Նալբանդյան. Եվ թող ձեր «այո»-ն լինի այո, «ոչ»-ը` ոչ


«Apple» ընկերությունը 1976 թ. ապրիլի 1-ին հիմնել են Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը, այո՛, բայց եղել է նաև 3-րդ համահիմնադիրը` Ռոնալդ Ուեյնը: Նա 10 % մասնաբաժին ուներ «Apple»-ում, որը, սակայն, նույն թվականի ապրիլի 12-ին վաճառեց 800 դոլարով, քանի որ չէր հավատում նորաստեղծ ընկերության ապագային: Հետագայում Ուեյնը բազմիցս ասել է, թե չի ափսոսում իր այդ քայլի համար, քանի որ այն օրերի տրամաբանությամբ կայացրել էր ամենախելամիտ որոշումը: Սա կասկածամտության գինն է:

Այն ամենը, ինչ անում ենք մենք, ունի իր գինը, որը մնում է աննկատ, քանի դեռ չենք վճարել: Նեղմտության գինը կարմրեցնող է, երջանկության գինը` հպանցիկ, կասկածամտության գինը խաբուսիկ է, ընկերության գինը` համակերպող, իշխանության գինը ուրացնող է, հաղթանակի գինը` կուրացնող, բարեկեցության գինը ճարպակալումն է, բարոյականության գինը` միայնացումը, հանճարեղության գինը խելագարությունն է, իմաստնության գինը` ողբերգությունը, հիվանդության գինը տարիների խնայողությունն է, ծերության գինը` մահվան սպասումը, մեր մտքի գինը մեր ազատությունն է, մեր ամսագրի գինը` հազար դրամ:

Գրել կարծիք