Գնել Նալբանդյան. Եվ թող ձեր «այո»-ն լինի այո, «ոչ»-ը` ոչ

Գնել Նալբանդյան. Եվ թող ձեր «այո»-ն լինի այո, «ոչ»-ը` ոչ

newmag-ի գլխավոր խմբագրի խոսքը սպասվող հանրաքվեի, «այո»-ականների ու «ոչ»-ականների ճակատագրի և այն մասին, թե որտեղ են հայտնվելու բոլորը:

Դեկտեմբերի 6-ին, բնականաբար, «Այո» են ասելու բոլոր նրանք, ովքեր հավակնում են կուսակցության ցուցակով, բայց անձնապես հայտնվել այն խորհրդարանում, որը ձևավորվելու է 2017-ին և ամենայն հավանականությամբ լինելու է երկկուսակցական: Սա հասկացանք: Իսկ որտե՞ղ են հայտնվելու «Ոչ»-ականները:

Հիմար վիճակի մեջ են հայտնվելու իշխանության հետ ֆունդամենտալ «թարսված» բոլոր նրանք, ովքեր դեկտեմբերի 6-ին «Ոչ» կասեն Հայաստանի 3-րդ հանրապետության 3-րդ մայր օրենքին` Սերժ Սարգսյանի սահմանադրությանը: Չէ՞ որ այդպիսով նրանք ակամա «Այո» կասեն գործող սահմանադրությանը` 2-րդին, որին 2005-ին նույնպես ասել էին «Ոչ» կամ չէին ասել «Այո», բայց որը կոալիցիոն իշխանությունը հռչակել էր «ընդունված»` 93,2 տոկոս կողմ ձայնով: 2005-ի նոյեմբերի 27-ին նույն հիմարացված վիճակում էին Ռոբերտ Քոչարյանի սահմանադրությանը «Ոչ» ասած կամ «Այո» չասած բոլոր նրանք, ովքեր այդպիսով ակամա «Այո» ասացին նախորդ սահմանադրությանը` առաջինին, որին նրանք միահամուռ «Ոչ» էին ասել կամ «Այո» չէին ասել 1995-ի հուլիսի 5-ին: Քվեարկելու իրավունք ունեցողների մեծ մասը «իգնոր էր արել» Լևոն Տեր- Պետրոսյանի սահմանադրության հանրաքվեն, սակայն ՀՀՇ-ական իշխանությունն իր սահմանադրությունը հռչակեց ընդունված` 68 տոկոս կողմ ձայնով: (Եթե այս տոկոսների մեջ սխալներ նկատեք, փույթ չէ. ոչ ոք չգիտի իրական թիվը):


Գնել Նալբանդյան. Թո՛ղ որ տարին անցկացնենք սթափ


Հայաստանի 3-րդ հանրապետությունն այսպիսով ունեցել է սահմանադրության 2 օր` հուլիսի 5-ը և նոյեմբերի 27-ը, որոնք մարդկանց սրտերում տոնի չեն վերածվել` ֆունդամենտալ կեղծված լինելու պատճառով: 3-րդ Սահմանադրության օրն էլ տոն չի լինի հաստատ թեկուզ այն պատճառով, որ հաջորդ օրը համազգային սուգ է: Բայց սա խնդրի մի կողմն է միայն: Մյուս կողմն այն է, որ 3-րդ սահմանադրությունը կամ սարգսյանական փոփոխությունը չի կարող որևէ լեգիտիմ հետևանք ունենալ, քանի որ չունի լեգիտիմ նախահիմք. 2-րդն էլ լեգիտիմ չէր, քանի որ կեղծված էր, առաջինն էլ լեգիտիմ չէր, քանի որ կեղծված էր: Ինչպե՞ս կարելի է փոփոխել մի բան, որը դե յուրե ստեղծման օրից գոյություն չի ունեցել դե ֆակտո կամ ունեցել է զրոյական լեգիտիմություն:

Մեր բոլոր նախագահները ցանկացել են ունենալ իրենց սահմանադրությունը և ունեցել են այն: Գուցե սկզբունքի հարց է: Գուցե տիրակալի քմահաճույք: Այդ սահմանադրությունները, ի դեպ, բոլորն էլ լավն են եղել: Իրոք: Պարզապես կեղծվել են: Այսինքն` հանրաքվեի չեն ենթարկվել: Այսինքն` հանրության քվեի փորձությանը չեն դիմացել: Եթե ենթարկվեին, դիմանային ու չկեղծվեին, ինչո՞ւ պիտի «փոփոխվեին»: Եթե նախագահի ինստիտուտը թուլացնում ենք կամ վերացնում, որ դրա համար 5 տարին մեկ ընտրակեղծիք ու տուրուդմփոց չլինի, ուրեմն ինչո՞ւ չհրաժարվենք նաև սահմանադրության գաղափարից, որ դրա համար էլ 10 տարին մեկ ընտրակեղծիք ու տուրուդմփոց չլինի: Իսկ դուք կո՞ղմ եք, որ սահմանադրություն չունենանք. Այո՞, թե՞ Ոչ:

Գրել կարծիք