Գնել Նալբանդյան. Թո՛ղ որ տարին անցկացնենք սթափ

Գնել Նալբանդյան. Թո՛ղ որ տարին անցկացնենք սթափ

newmag-ի գլխավոր խմբագրի խոսքը առաջիկա տոներին ինքնամոռաց ու ինքնաբուխ տոտալ հարբեցողության ու սթափ կյանքի մասին:

1960-70-ական թվականներին` Նոր տարվա տոներին, ամբողջ Խորհրդային միությունը տասնյակ ու հարյուրավոր անգամներ դիտում էր սովետական ժամանցային կինեմատոգրաֆի ոսկե ֆոնդը` Լենոիդ Գայդայի բոլոր ֆիլմերը («Օպերացիա Ի», «Բարբոս շունը», «Շուրիկի արկածները», «Կովկասի գերուհին», «Ադամանդե ձեռքը», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը»), Էլդար Ռյազանովի բոլոր ֆիլմերը («Ծառայողական սիրավեպ», «Ճակատագրի հեգնանքը», «Մոռացված մեղեդի ֆլեյտայի համար», «Գարաժ»):

Ամանորի օրերը պարզապես անպատկերացնելի էին առանց այդ հրաշալի ֆիլմերի: Նույնը շարունակվեց հետխորհրդային քսանամյակում:Այդ բոլոր ֆիլմերի գործողության առանցքում ալկոհոլի կուլտն է: Հարբեցողներն այդ ֆիլմերում, այսպես ասած, մի թեթև պախարակվում են, սակայն հեռուստադիտողի համար այդ ֆիլմերի բոլոր, անխտիր բոլոր «ալկաշները» սիրելի, ընկալելի, ներելի, հարազատ ու առինքնող պերսոնաժներ են:

Նրանք այնքան լավն են ու բարի, այնքան մարդկային ու մարդկայնորեն թույլ, որ մեծ ու փոքր հեռուստադիտողների բազմամիլիոնանոց բանակը ըմբռնումով է ընկալում այդ մելոդրամատիկ կերպարները և նրանց սպիրտային թուլությունը: 30-40-50-ական թվականների սովետական ֆիլմերում հարբեցողի կերպար գրեթե չեք գտնի:



Արգելված էր: Համարվում էր արատի պրոպագանդա: Մինչդեռ բրեժնևյան դարաշրջանում էկրանային հարբեցողությունը պաշտոնական հովանավոր ուներ. Լեոնիդ Իլյիչն ինքն էլ այդ հակումն ուներ:

Սովետական գիտակից ժողովուրդը ԽՍՀՄ կործանումից առաջ 2 տասնամյակ շարունակ այնպես ինքնամոռաց ու ինքնաբուխ էր տրվել տոտալ հարբեցողությանը, որ իր երկրի անհետացումն ընկալեց որպես ալկոհոլի սովորական չարաշահումից առաջացած հալյուցինացիա:

Սովետական պրոպագանդայով արբած պրոլետարներն ու կոլտնտեսականներն էլ 90-ականներից հետո դեռ մի 20 տարի էլ մնացին նոստալգիկ խումհարի մեջ:

Հետաքրքիր է՝ հունվարյան հեռուստաեթերում կմնա՞ն հաճելի, միամիտ, սիրելի ալկաշների մասին պատմող հրաշալի ֆիլմերը, թե՞ կմտնենք սթափ կյանքի, սթափ գնահատման ու սթափ վիճակում ձեռք բերվող արժեքների քսանամյակ: Կամ տասնամյակ: Թեկուզ հնգամյակ: Համաձայն եմ գոնե միամյակին: Թող որ տարին անցկացնենք սթափ. հալյուցինացիայի առումով բախտորոշ տարի է սպասվում:

Գրել կարծիք