Անփառունակ խաղ եւ սպասելի արդյունք. Վարդան Մինասյանի պարզաբանումը

September 11, 2018

Մակեդոնիան ընդհանրապես ուժեղ չէր: Պարզապես Հայաստանի հավաքականը խաղաց իր հնարավորությունների մոտավորապես 50 տոկոսով: Սկոպյեի Ֆիլիպ 2-րդ ստադիոնում կայացավ շատ տարօրինակ հանդիպում, որտեղ մակեդոնացիները 2 գոլ խփեցին առանց ջանքեր գործադրելու, իսկ հայերը մրցակցի հաղթանակի համար ստեղծեցին բոլոր հարմարությունները:
Վարդան Մինասյանի ընտրած մեկնարկային կազմը ոչ մի դրական բան չէր խոստանում: Պահեստայինների նստարանին էին մնացել Լիխտենշտեյնի հետ հանդիպման հերոսներ Օզբիլիսն ու Մարկոսը: Հայատանի պասիվ մեկնարկը սկզբում տակտիկական քայլ էր թվում, սակայն 14-րդ րոպեին 11 մետրանոցից գոլ բաց թողնելուց հետո մեր թիմի խաղում բան չփոխվեց:
[gallery ids="53421,53422,53423"]
Գոլ խփելու գլխավոր շանսը Հայաստանի հավաքականը ստացավ 2-րդ խաղակեսի սկզբում, երբ մակեդոնացիների պաշտպան Ռիստևսկին գնդակը նվիրեց Հովհաննես Համբարձումյանին: Հետևեց փոխանցում Տիգրան Բարսեղյանին, բայց Վարդարի նախկին զույգի կոմբինացիան գոլային չդարձավ մեր հարձակվողի ուշանալու պատճառով:
59-րդ րոպեին պաշտպանների կատարյալ պասիվություն և մակեդոնացիների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն խփում է իր 32-րդ գոլը հավաքականում:
[gallery ids="53424,53425,53426"]
«Մակեդոնիան երկուսուկես պահ ուներ, որից երկուսն օգտագործեց: Չեմ կարծում, որ մենք սխալվել ենք, թե կազմի, թե մարտավարության առումով: Որոշ պատճառներից ելնելով, Մարկոսին և Օզբիլիսին պահել էինք երկրորդ խաղակեսի համար: Ու նորից ասեմ, որ խաղի վրա ազդեց միայն այն, որ մենք չօգտագործեցինք մեր պահերը»,- ասում է Վարդան Մինասյանը: 
[gallery ids="53427,53428,53429"]
Գլխավոր մարզչի այսպիսի պատճառաբանությունն առնվազն տարօրինակ է: Խոսել մարտավարության և գոլային պահերի մասին այն դեպքում, երբ դրանք գրեթե չկային, պարզապես արդարանալու անհաջող փորձ է: Ազգերի լիգայում հաջորդ երկու հանդիպումները Հայաստանի հավաքականը կանցկացնի Երևանում` համապատասխանաբար Ջիբրալթարի և Մակեդոնիայի հետ: ՈՒԵՖԱ-ի նոր մրցաշարն արդեն խոշոր մրցաշարի մասնակցելու լավ հնարավորություն չի թվում:



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։