Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ. Սեղանի հակառակ կողմում

March 22, 2017

Ամեն ուրբաթ` երեկոյի վերջում, գալիս է մի պահ, որ հյուրերն արբենում են ալկոհոլից ու սեփական ժամանցը վայելելու հրճվանքից։ Խմիչքի գետերը դադարում են հորդել, աթոռներն ու սեղանները դասավորվում են իրենց տեղերում, հատակը մաքրվում է բուռն երեկույթի բազմազան հետքերից (դրանց մասին վստահաբար չեք ուզում իմանալ), իսկ գոռգոռացող երաժշտությունից մնում է միայն պատերի մեջ կարծես արդեն ներծծված խուլ արձագանքը։ Սա իմ ժամանակն է, երբ ես կարող եմ ինքս ինձ մատուցել խմիչք, երեկոյի ընթացքում առաջին անգամ նստել բարի հակառակ կողմում ու լույսերի տակ կայծկլտացող շշերի ընկերակցությամբ ավարտել այս երկար օրը։
Իմ ընտրությունը հաճախ կանգնում է ջինի վրա, այսօր էլ բացառություն չէ՝ մանավանդ հաշվի առնելով, որ այսօրվա տոնախմբությունը, հիրավի, արժանի էր 20-րդ դարի սկզբի ամենաշվայտ երեկույթների հեղինակին։
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի ընկերները համոզված էին, որ գրողի բոլոր խնդիրների պատճառը նրա կինն էր՝ Զելդան, որը ստեղծագործական սուր ճգնաժամների պատճառով մշտապես գտնվում էր հոգեպես անկայուն վիճակում։ Այս դիրքորոշման ամենաակտիվ ջատագովը Հեմինգուեյն էր, որն առիթը բաց չէր թողնում և բուռն հավաքույթների ընթացքում հնարավորին չափ բարձր արտահայտում էր իր վերաբերմունքն «այդ ցնորված անտաղանդի» մասին։
Ֆիցջերալդը մահացավ 44 տարեկանում՝ լիովին կորցնելով երբեմնի փայլը, հայտնիությունն ու հեղինակությունը։ Այս սրընթաց անկմանը, սակայն, նախորդում էին փառահեղ երեկույթների երկար տարիները։
***


Ֆիցջերալդն ու Զելդան բոհեմային շրջապատի ամենայուրահատուկ զույգն էին. նրանք անհավանական էին, նման չէին մյուսներին, պայծառ էին, անկանխատեսելի։ Նրանց ներկայությունը միշտ նշանակում էր իրադարձություններով լի երեկո՝ տոն ու պարահանդես կամ գոնե վեճ ու տուրուդմբոց։
«Խմիչքը չէր դադարում հոսել, ամբոխն անդադար խմում էր ու դառնում էր ավելի գռեհիկ ու աղմկոտ… Հիմնական սրահում արույրե ռելսերի վրա տեղադրված էր բարը՝ լի ջինով ու այլ խմիչքներով. դրանք այնքան հին ու մոռացված էին, որ երիտասարդ կանանցից շատերը հավանաբար դրանց գոյության մասին տեղյակ չէին նույնիսկ… Բարը պայթում էր խմիչքների առատությունից, բազմազան կոկտեյլների պարահանդեսը պտտվում էր այգում։ Մթնոլորտը լցվում էր խոսակցություններով, խինդ ու ծիծաղով, պատահական ծանոթություններով ու խանդավառ շփումներով կանանց միջև, որոնք երեկոյի ավարտից հետո չեն հիշելու միմյանց անունները»։
«Մեծն Գեթսբիից» այս տողերը պարզապես գեղարվեստական զեղումներ չեն. այսպես էր անցնում Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի կյանքի գրեթե ամեն օրը։ Բոհեմային լավագույն հավաքույթները կազմակերպում էր Ֆիցջերալդների զույգը. շամպայնն ու ջինը միշտ անպակաս էին, հյուրերը վայելում էին տանտիրոջ առատաձեռնությունը, գրականության մասին հետաքրքիր խոսակցությունները, որոնք երբեմն անցնում էին ընկերականի սահմանը։ Բայց ո՞վ կարող էր հաջորդ օրը Անայիս Նինին հիշեցնել, որ նա Գերտրուդա Շտայնին բոլորի ներկայությամբ անվանել է կնատյաց բռնակալ։ Չնայած չեմ կարծում, որ Անայիսը Ֆիցջերալդների երեկույթների մշտական հյուր էր, բայց դա արդեն առանձին պատմություն է։
Խինդը, ուրախությունն ու երաժշտությունը շարունակվում էին այնքան ժամանակ, մինչև Զելդան ընդունած ալկոհոլի ազդեցության տակ հիշում էր իր ստեղծագործական (իրական կամ հորինված) անհաջողությունները։ Դրանից հետո Ֆիցջերալդն ուներ մեկ առաքելություն՝ կնոջը հեռու պահել սուր կտրող-ծակող իրերից ու նրան առաջարկել մի փոքր էլ շամպայն բերել, քանի որ Զելդան, հասնելով զգացմունքների գագաթնակետին, ամենայն հավանականությամբ շպրտելու էր ձեռքի հախճապակե գավաթը:  Երբեմն զոհը բազմիցս նորոգված պատն էր, երբեմն՝ հյուրի գլուխը։ Վերջին տարբերակում տուժում էր հիմնականում նույն Հեմինգուեյը, որը դժվարանում էր բերանը փակ պահել, նույնիսկ երբ զգում էր, որ հակառակ դեպքում կարող է հաջորդ օրն ուժեղ գլխացավ ունենալ։
Երբ Զելդան ի վերջո հանդարտվում էր ու, պատճառաբանելով անտանելի գլխացավը, հեռանում էր իր սենյակ, Ֆրենսիսը գտնում էր կնոջը խեղդելու ցանկությունը հանդարտեցնելու միայն մի տարբերակ՝ իր սիրելի ջին-տոնիկը։ Ֆիցջերալդն այն պատրաստում էր հատուկ ձևով. սովորական 50 մլ ջինի փոխարեն լցնում էր 80 մլ։ Դժբախտ կյանքի դեմ դարմանի այս բաղադրատոմսը նա մի անգամ նույնիսկ հրապարակել է «Esquire» ամսագրում։

Հարբեցողը


Անկախ նրանից, թե ինչն էր Ֆիցջերալդի հարբեցողության պատճառը (իսկ այն, որ նա ուներ այդ հիվանդությունը, քննարկման ենթակա չէ), այն համառորեն արտացոլվում էր նրա ստեղծագործություններում։ Ֆիցջերալդը համոզված էր, որ տղամարդու կապը խմիչքի հետ անխզելի է, իսկ գրող լինելն իր խորին համոզմամբ նրան առավել ևս իրավունք էր տալիս լինել ծայրահեղ զգացմունքային ու գերագնահատել խմիչքի նշանակությունը։ Միևնույն ժամանակ նա քաջ գիտակցում էր ալկոհոլի ոչնչացնող ազդեցությունն իր առողջության, կյանքի ու կարիերայի վրա։
«Անհրաժեշտ է գիտակցել, որ անհույս վիճակում ես, բայց, այնուամենայնիվ, պիտի փորձես հնարավորին չափ տանելի դարձնել այն»,- ասում էր Ֆիցջերալդը։ Այս մղումից դրդված՝ նա բազմիցս փորձում էր թողնել խմելը, ինչի մասին գրում էր կնոջ հոգեբանին, երբ Զելդան հերթական անգամ հայտնվում էր հոգեբուժարանում։
Ամենօրյա հարբեցողությունը հոգնեցուցիչ զբաղմունք է. ամեն երեկո մեծ քանակի ալկոհոլի օգտագործումը բթացնում էր զգացումները։ Խմիչքը կորցնում էր իմաստը, դրա արդեն ծանոթ համը սրտխառնոց էր առաջացնում։ Հյուրերի գինովցած ու կարմրաթուշ դեմքերը Ֆիցջերալդին հասցնում էին կատաղության։ Միակ ցանկությունը բոլորին գրողի ծոցն ուղարկելն էր ու սենյակում փակվելը։ Բայց այդ դեպքում էլ նրան հանգիստ չէին տալիս անվերջ մտորումներն ու վերլուծությունները։ Եվ այսպես, չնայած այդ բոլոր մարդիկ նրան թվում էին անտանելի ու անհետաքրքիր, հավաքույթները շարունակում էին մնալ մարդաշատ ու մեծաշուք։ Ֆիցջերալդի խորին համոզմամբ միայն նման մեծ երեկույթներին էր հնարավոր միայնակ մնալ սեփական մտքերի հետ։

Գրողը


Շվայտ ապրելակերպն ու մշտական հավաքույթները ոգեշնչում էին նրան ու նոր ստեղծագործությունների հումք տալիս։ «Դրախտի մյուս կողմում» վեպը գրելիս նրա ուղեղում պտտվում էին Փրինսթոնի «Աքաղաղ» պանդոկի տեսարանները, որոնք նա հիշում էր ուսանողական տարիներից, երբ իր ընկերների հետ ամեն երեկո գնում էր՝ ժամանակ անցկացնելու և բուռն քննարկումներ վարելու։
Այնուամենայնիվ, հեղինակի ստեղծագործական անկումն ընթանում էր աստիճանաբար, բայց հաստատուն քայլերով. 30-ականների սկզբին նա «The Saturday Evening Post»-ում հրապարակվող մի հոդվածի համար ստանում էր $4000, մինչդեռ մի քանի տարի անց «Esquire» ամսագրում հրապարակված պատմվածքի համար նրան վճարում էին ընդամենը $150։ Եվս մի քանի տարի անց նա իր բախտը փորձեց Հոլիվուդում։ Այստեղ նրա երկամյա կարիերան նշանավորվեց սևագրերի անվերջ աճող կույտով և իր առանց այն էլ նեղլիկ տնով մեկ շպրտած «Coca-Cola»-ի դատարկ շշերով (այսպես Ֆիցջերալդը փորձում էր թողնել խմելը)։ Նրա սցենարներից միայն մեկն այնուհետև դարձավ ֆիլմ («Երեք ընկեր», 1938 թ.), չնայած դա էլ զգալիորեն խմբագրվել էր։ Հախուռն երեկույթների հեղինակն ու մարդկային անծայրածիր միայնության մասին գրողն այս հուսահատ փորձից հետո շուտով մոռացության մատնվեց։
«Սկզբում դու ուզում ես մի բան խմել, հետո քո խմիչքը ևս մի բաժակ է պահանջում, իսկ վերջում խմիչքը պահանջում է քեզ»։
Կարելի է կենտրոնանալ այն փաստի վրա, որ Ֆիցջերալդը հարբեցող էր, բայց 20-ականներին ալկոհոլի ոգին թևածում էր օդում, ու դժվար էր նշել գեթ մի պատճառ, թե ինչու այս երեկո պետք չէ մի բաժակ բան խմել։
Իմ կոկտեյլն արդեն վերջացավ, պետք է անջատել լույսերը, օդափոխել տարածքը, վանել ուրախության ուրվականն ու գնալ տուն։
Հեղինակ` Սոնա Գասպարյան