Մեսսին հեռանու՞մ է․ հնարավոր պատճառներն ու առաջին արձագանքները(տեսանյութ)

August 26, 2020

Լիոնել Մեսսին մոլորակի ամենաարդյունավետ, սառնարյուն, հետևողական  ֆուտբոլիստներից է: Նրա մասին շատ ավելին կարող եք գտնել Լուկա Կայոլիի գրքում, որտեղ ներկայացվում է ֆուտբոլային կուռքի կյանքի պատմությունը։ «Նյումեգ»-ի հրատարակած  «Մեսսի» գրքում տեղ են գտել նաեւ բացառիկ հարցազրույցներ ֆուտբոլային հանճարի  հետ: Գիրքը պատմում է, թե մեծ ֆուտբոլիստ դառնալու համար ինչ դժվարությունների միջով է ստիպված եղել անցնել նա: Իր հաջորդ գրքում Մեսիին գուցե կանդրադառնա այն հարցին, թե ինչու է ցանկանում հեռանալ թիմից; Իսկ մինչեւ այդ առաջարկում ենք ընթերցել սպորտային  լրագրող Արամ Սահակյանի անդրադարձը սպորտային աշխարհի ամենաքննարկվող թեմային:

Համաշխարհային մարզական մամուլում օգոստոսի 25-ի երեկոյան մի իսկական «ռումբ» պայթեց։ Հայտնի դարձավ, որ «Բարսելոնայի» ավագ, առաջատար, բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու ու ակումբի լեգենդ Լիոնել Մեսսին ֆաքսի միջոցով հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է հեռանալ թիմից։ 

Ինչու

«Բարսելոնան» ոչ թե անդունդի եզրում է, այլ հենց անդունդում։ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բավարիային» 2-8 հաշվով պարտությունը վերջին էպիզոդն էր կատալոնական ակումբի սարսափ ժանրի սերիալում։ «Ռոմայի» ու «Լիվերպուլի» դեմ խաղերում նախորդ 2 տարիներին ունեցած առավելությունը կորցնելուց հետո պարտությունների կողքին իր դառնությամբ կանգնեց ամենասարսափելին։

Դա իսկապես հատակն էր։ Այդպես ասաց նաև Պիկեն։ Բայց ինչու՞ է Մեսսին ուզում լքել «խորտակվող» նավը։ Արգենտինացի հարձակվողը մեծ հաշվով ապացուցելու ոչինչ չունի։ Նա խաղում է «Բարսելոնայում» ամբողջ կյանքը։ Հաղթել է հնարավոր ու անհնարին ցանկացած տիտղոս, «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիր է, ու այդ ամենը՝ կատալոնական թիմում։

Մեսսիի հարաբերությունները լավ չեն ակումբի ղեկավարության հետ։ Երեկ հայտնի դարձավ, որ արգենտինացի լեգենդի հետ «կոշտ» զրույց է ունեցել նաև նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը։ Նա ուղիղ տեքստով ասել է Մեսսիին, որ հանդերձարանում չեն լինելու արտոնյալներ։ Մեսսին վերջին տարիներին իրոք այդպիսիսնն էր, ու դա գաղտնիք չէ ոչ ոքի համար։ Այս ամենի մեջ գուցե Մեսսին չի կարողանում գտնել անհրաժեշտ մոտիվացիան, որով իր կյանքի թիմին կվերադարձնի բարձունքներ, որտեղ նրանք արգենտինացու հետ ոչ մեկ անգամ են եղել։ 

Նոր մարտահրավե՞ր

Մեսսին գուցե փնտրում է նոր արկածներ։ Ամեն դեպքում անընդհատ նույն բանը նույն տեղում անելը գուցե ձանձրացնի անգամ հենց Մեսսիին։ Գուցե Մեսսին զգում է, որ ակումբի մոտալուտ սերնդափոխության ծրագրերում պետք է ազատել անվիճելի առաջատարի ու միայնակ խաղեր հաղթողի տեղը։ «Բարսելոնային» գուցե արդեն թիմ է պետք, ոչ թե անվիճելի առաջատար։

Առաջին արձագանքներ

Աղմուկը թերևս այս աստիճան թափ չէր հավաքի, եթե Մեսսիի՝ «Բարսելոնան» լքելու ցանկության վերաբերյալ լուրից րոպեներ անց Twitter-ում գրառում չկատարեր Կառլես Պույոլը։ «Բարսելոնայի» նախկին ավագի «կրակոտ» գրառման վրա իր մեկնաբանությամբ «յուղ լցրեց» Լուիս Սուարեսը։ 

Twitter-ի իր էջում Մեսսիին հրաժեշտի նամակ գրեց նաև Կատալոնիայի առաջնորդը։ Կիմ Տորան շնորհակալություն է հայտնել Մեսսիին արտակարգ ֆուտբոլի ու պարգևած երջանկության համար։ Կատալոնիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ նրանք հաջողակ են եղել, որ այս տարիներին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը եղել է իրենց հետ։

«Կատալոնիան միշտ լինելու է քո տունը»,-գրել է Տորան։

Բողոքի ակցիաներ Կատալոնիայում

Եթե Կատալոնիայի ղեկավարը շտապեց հրաժեշտի նամակ գրել Մեսսիին, ապա «կապտանռնագույնների», կամ որ այս դեպքում առավել դիպուկ է ասել, Մեսսիի երկրպագուները որոշեցին իրենց բողոքի ձայնը բարձրացնել։ Շատ պարզ․ նրանք պահանջում են Բարտոմեուի հրաժարականը։ Եվ իսկապես․ եթե Բարտոմեուն հեռանա, գուցե Մեսսիի հրաժեշտը այս տարի չկայանա։

Իրավական հարցեր ու «Բարսելոնայի» պատասխանը

Մի շարք իրավաբաններ, ֆուտբոլային ակումբների նախկին տնօրեններ սկսեցին գրել այն մասին, որ Մեսսին այս տարի չի կարող հեռանալ։ Դրանք իրավական գործընթացներ են, որոնք անհնար են դարձնում Մեսսիի տեղափոխությունը այլ թիմ։

Ժողովի ընթացքում տնօրենների խորհրդի անդամներից ոմանք պահանջել են Բարտոմեուի հրաժարականը։

Այդ պատճառով «Բարսելոնան» ժողով է արել ու պատասխան ֆաքս ուղարկել Լեոյին՝ հայտնելով, որ ցանկանում են նրան պահել թիմում մինչև կարիերայի ավարտը։ Ի դեպ, այդ ժողովի ընթացքում տնօրենների խորհրդի անդամներից ոմանք պահանջել են Բարտոմեուի հրաժարականը։

Արամ Սահակյան