Ֆուտբոլը` քաղաքականություն. Կատալոնիայի անկախության դեպքում ի՞նչ է սպասվում «Բարսելոնային»

October 2, 2017

Սա այն դեպքերից է, երբ քաղաքականությունն ու ֆուտբոլն ունեն ամենաանմիջական եզրերը: Կատալոնիայի անկախության դեպքում «Բարսելոնան», հնարավոր է, հրաժարվի Իսպանիայի առաջնությունում ելույթները շարունակելուց: Հավանականությունների մասին կարելի է խոսել, երբ պարզ դառնան հանրաքվեի արդյունքները: Հայտնի է ակումբի դիրքորոշումը. Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու դեպքում, ակումբն իրավասու է որոշել իր ճակատագիրը: Կատալոնական ակումբի ղեկավարները երկմտում են. ի՞նչ հետեւանքներ կունենա Լա լիգայից դուրս գալը, ո՞ր առաջնությունում շարունակել ելույթները:

Անհետաքրքիր Լա լի՞գա


Հստակ է, եթե «Բարսելոնան» որոշի դուրս գալ Իսպանիայի առաջնությունից, ապա իսպանական ֆուտբոլը ոչ ամբողջովին, ապա ահռելի մեծ մասով կկորցնի փայլն ու հետաքրքրությունը: Մադրիդի «Ռեալի» հետ Էլ Կլասիկոները պարբերաբար չենք տեսնի, պայքարը ներքին առաջնությունում կթուլանա, եւ վերջնականապես կհաստատվի «Ռեալի» դոմինանտությունը:
«Բարսելոնան» Իսպանիայի ամենատիտղոսակիր ակումբն է. 24 անգամ հաղթել է Լա լիգայում, 29 անգամ՝ նվաճել Իսպանիայի գավաթը, 12 անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթը: Ավելի շատ տիտղոսներ Իսպանիայում ունի միայն «Ռեալը»:

Պաշտոնական դիրքորոշում


Կատալոնիայի սպորտի նախարար Ժերար Ֆիգուերասը հաստատել է, որ տարածաշրջանի անկախության դեպքում, կատալոնական բոլոր ակումբները կարող են հանդես գալ անգլիական Պրեմիեր լիգայում, իտալական Ա Սերիայում կամ ֆրանսիական Լիգա-1-ում: «Բարսելոնան» իսպանական ֆուտբոլի ամենաազդեցիկ ակումբներից է, եւ բնականաբար, նրա որոշմանը կհետեւն նաեւ կատալոնական մյուս ակումբները` «Էսպանոյլը» եւ «Ժիրոնան»:
«Եթե Կատալոնիան անջատվի Իսպանիայից, տեղական ակումբները կորոշեն, թե որ առաջնությունում են շարունակելու ելույթները: Այսպիսի նախադեպեր կան եւ չեմ կարծում, որ ՈՒԵՖԱ-ն դեմ լինի»

 
Հոկտեմբերի 1-ին սպասվող հանրաքվեին ընդառաջ, «Բարսելոնան» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ.
«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը իր աջակցությունն է ցույց տալիս այն մարդկանց, կազմակերպություններին եւ մարմիններին, որոնք ջանք չեն խնայում, որպեսզի Կատալոնիայի իրավունքները պահպանվեն»

Բյուջետային բախում


Այս տարի ակումբի բյուջեն կազմել է 897 միլիոն եվրո: «Բարսելոնայի»` Իսպանիայի առաջնությունից դուրս գալը լուրջ հարված կլինի Իսպանիային: Այդ պարագայում, «Բարսելոնան» իր բյուջեից ոչ մի եվրո չի վճարի Իսպանիա պետությանը: Բացի այդ, կկրճատվի զբոսաշրջիկների հոսքը, կտուժի տնտեսությունը, Բարսելոնա քաղաքի դերը Իսպանիայի տնտեսության գործում: Միայն ֆինանսական կողմը վերցրած, Իսպանիան կարող է լուրջ ապտակ ընդունել: Կատալոնիայի անկախության վերաբերյալ քաղաքական քննարկումների առանցքում հետեւյալ միտքն է. Կատալոնիան ցանկանում է անկախանալ, քանի որ ցանկանում է ամբողջությամբ կառավարել իր բյուջեն եւ ունի բոլոր նախադրյալներն անկախ պետություն դառնալու համար:

Ֆուտբոլիստները` որպես ազդակ


Կատալոնիայի անկախությանը կողմ են արտահայտվել Իսպանիայի ազգային հավաքականի ներկա եւ նախկին ֆուտբոլիստները: Գործող ֆուտբոլիստներից Ժերարդ Պիկեն, Անդրես Ինյեստան, Ժորդի Ալբան սոցկայքերում ակտիվորեն աջակցում են Կատալոնիայի անկախությանը: Նախկին ֆուտբոլիստներից Կառլես Պույոլը, Չավին ամբողջ աշխարհին կոչ են անում Կատալոնիան ընդունել որպես անկախ պետություն:
Այսպիսով, Կատալոնիայի անկախությունը կարող է ամբողջովին բացասաբար անդրադառնալ իսպանական ֆուտբոլի համար: Բայցև կարող է ֆուտբոլի պատմության մեջ ստեղծել նոր դարաշրջան: