Ֆրանսիական գավառ. Ճամփորդություն ժամանակի ու նրբագեղության միջով

December 22, 2014

Երգող շատրվանների այս կարմիր ու հրագույն քաղաքում մենք հասել էինք մեր ճամփորդության էությանը: Ես անթերի ճշգրտությամբ հիշում եմ Էռ հրապարակն իր կամարակապ տներով ու Լյուդովիկոս տասնհինգերորդ ոճի շատրվանով: Հիշում եմ ծաղիկների շուկան, գեղեցիկ փողոցներն` անցորդներով լի ու թարմությամբ բուրող, ուր կողք-կողքի շարված էին փոքրիկ բուտիկներն ու տեղական կոլորիտով առանձնացող կրպակները: Մանուշակի ու վարդի թերթերի քաղցրահամ, զգլխիչ հոտով օծանելիքի մեջ ես ամառվա մոռացված բույրերն եմ վերագտել:
Աստիճանանման, ոլոր-մոլոր նրբանցքներով բարձրանում ես դեպի կենտրոնական հրապարակ: Սարակինոսների աշտարակն իր քառակուսի ուրվագծերով վեր է խոյանում տասնվեցերորդ դարի մի պարսպի մնացորդների վրա, քաղաքապետարանը ննջում է նախկին եպիսկոպոսական պալատում: Ամենուր միջնադարյան տներ են, շքեղ առանձնատներ ու տասնութերորդ դարի գեղեցիկ վիլլաներ, իսկ հեռվում Բել էպոք խաղատունը զբոսաշրջիկին հրավիրում է բախտը փորձելու, ինչպես որևէ առափնյա կամ ամառանոցային քաղաքում: Քաղաքի մատույցներում հսկայական դղյակները թեքվում են դեպի լեռնային ճանապարհը, փայտե կրկնափեղկերը կեսօրին փակվում են` բնակիչների ցերեկային հանգիստը պահպանելու համար, արևը շողում է, պարանից կախված լվացքը մաքրությունից փայլում է, ամեն ինչից նարդոսի ու վարդի հոտ է գալիս: Նախկինում սա իսկական դրախտ էր անգլիացի ազնվականների համար, որոնք գալիս էին վայելելու այս շրջանի մեղմ կլիման, այստեղ ձմեռ գոյություն չունի, իսկ նարնջի ծառերը ցրված են պատկառուկներով ծածկված հովիտներում: