Առանց մեծ աստղի (գուցե գա), հապճեպ քայլերթով, անհավես ու «չինգաչունգ» պոստերով

July 11, 2016

Մեր սոցիալ-քաղաքականացված իրականության ամենավառ մշակույթային շտրիխը՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, վաղուց դարձել է երևանյան կյանքի ամենասպասված և կարևորագույն կինոիրադարձությունը: Փառատոնային կյանքն ամեն տարի նոր շունչ է հաղորդում ամառային միանման օրերին և չի սահմանափակվում զուտ ֆիլմերի ցուցադրությամբ. բացօթյա կինոդիտումները, Շառլ Ազնավուրի հրապարակի ջազաֆիկացումը, արտհաուսային կինեմատոգրաֆի վարպետության դասերը և միջազգային աստղերի ներկայությունը՝ ահա այն ամենն, ինչ սպասում ես երկրի գլխավոր փառատոնից:
Սակայն 13-րդ Ծիրանն արդեն իսկ մատուցեց հիասթափության առաջին չափաբաժինը, երբ ներկայացրեց այս տարվա իր խորհրդապատկերը: Միշտ կրեատիվությամբ և նորարարությամբ փայլող պաստառներն այս անգամ բացակայում են: Բայց ամենուրեք երկու ձեռքի ոչ հստակ ժեստիկուլյացիան է՝ ոչ կինեմատիկ «չինգաչունգով»: Այս տարվա գլխավոր աստղը՝ 70-ականների սեքս-խորհրդանիշ, անգլիացի դերասանուհի Ժակլին Բիսեթը չժամանեց փառատոնի բացմանը և չանցավ «Մոսկվա» կինոթատրոնի առջև փռված Կարմիր գորգով, որն այս անգամ չուներ անցած տարիների հմայքն ու միջազգային փառատոնին հարիր շարմը: Այն թողեց հապճեպ քայլերթի տպավորություն:
Մաեստրո Տիգրան Մանսուրյանն այս տարի գլխավորում է ժյուրիի կազմը: Նա երկար տարիներ հրաժարվում էր ներգրավվել կոլեգիալ թիմում, կարծելով, որ իր ներկայությունն այդքան էլ պարտադիր չէ: Թե ինչու է փոխել որոշումը և ինչն է փոխել` դիտեք ստորև:
http://www.youtube.com/watch?v=NmyeURkCSLA
Կինոմոսկովյան բեմում հայտարարվեց մրցույթային ծրագիրը, և Վահագն Հայրապետյանը ներկայացրեց իր փերֆորմանսը: Արարողության վերջում ցուցադրվեց հայկական դասական կինոյի նշանակալից պատմություններից մեկը՝ Համո Բեկ-Նազարյանի «Զարեն»:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որոնք փառատոնի «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշանակիրներն են, ամեն տարի կինոդահլիճում  զբաղեցնում են իրենց պատվավոր տեղերը, թեև առանձնապես քաջատեղյակ չեն ժամանակակից կինեմատոգրաֆին և փառատոնային կինոծրագրին.
http://www.youtube.com/watch?v=O00Wi5vcIk4
Հայկական համայնապատկերի խաղարկային ֆիլմերը միշտ հատուկ ուշադրության կենտրոնում են, որովհետև ծիրանային հարթակը հիանալի հնարավորություն է արտ-մեյնսթրիմի պրեմիերաների համար: Այս տարվա կարևորագույն հայկականները՝ Աննա Արևշատյանի, Դավիթ Սաֆարյանի և Ջիվան Ավետիսյանի (որի շնորհիվ Երևան է ժամանել իրանացի դերասան Հոմայուն Էրշադին) լիամետրաժները առանձին ռեվյուներով կլուսաբանվեն newmag-ում: