Ադրբեջանի լրատվական կայքերը մարդասպանների՞ են դաստիարակում

May 17, 2017

JAMnews, Ադրբեջան


Վերջին տարիներին Ադրբեջանում պատրիարխալ վերածնունդ է նկատվում: Գենդերային կարծրատիպերը, որոնք, թվում է, պետք է վաղուց մեռած լինեին, միայն ամրապնդվում են, ընդ որում, հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում:

Գենդերային բռնության մասին նորություններ գրելու էթիիկա


Նման կարծրատիպերը մեր հասարակությունում զարգացնում, իսկ երբեմն էլ ձևավորում են տեղական լրատվամիջոցները:
Լրատվամիջոցները հիմնականում կանանց ներկայացնում են որպես սեքսուալ օբյեկտի, կամ ինչ-որ միջադեպերի մեղավորների, կամ առաջին կերպարի հակակշռի՝ որպես հոգատար, խոնարհ և սեփական ամուսնու հավատարիմ կնոջ: Այդ նույն երկու կերպարներն են և՛ կանանց համար ամսագրերում, և՛ անգամ գովազդային հոլովակներում:
Գենդերային խնդիրների նշանակությունը տեղական պարբերականներում ուժեղ գերագնահատում են, իսկ դրանցից բխող միջադեպերը անաչառ չեն լուսաբանում, երբեմն՝ նույնիսկ բացահայտ կողմնակալ: Ինչպե՞ս: Օրինակ, նորության վերնագիր. «Կին վարորդը Բաքվի կենտրոնում վթար է կազմակերպել»: «Կին» բառն առաջին պլան դուրս բերելով՝ նման վերնագրին արդեն փաստի բացասական երանգավորում են հաղորդում՝ ցցուն դարձնելով կին-մեղավորի մասնակցությունը:
Գենդերային բռնության, այդ թվում՝ սպանությունների մասին նյութերը դեպքերի ճնշող մեծամասնության դեպքում ընթերցողին հրամցվում են որպես «պատվի համար սպանություն», ինչն «արագ արձագանք» է գտնում ցանցային մեկնաբանների շրջանում, որոնք խրախուսում են հանցագործների գործողությունները:
Պատվի համար սպանություն են անվանում ընտանիքի անդամի սպանությունը, հաճախ (բայց պարտադիր չէ)՝ իգական սեռի, որը կատարվել է ազգականների կողմից ընտանիքը «խայտառակ» անելու համար:
Լրագրողը կարող է այլ մանրամասներ բաց թողնել, սակայն անպայման կնշի, որ գործընկերոջ հետ այրի մոր սիրավեպի պատճառով «ասեկոսեներ են տարածվել, և նրա որդին, չդիմանալով դրան, սպանել է մորը»:
ՄԱԿ բնակչության հիմնադրամի գնահատականներով՝ աշխարհում ամեն տարի մինչև 5 հազար պատվի համար սպանություն է տեղի ունենում:
Ահա ադրբեջանական լրատվամիջոցների մի քանի նյութերի վերնագրեր.
«Պատվի համար սպանություն Ադրբեջանում. հայրը սպանել է անառակ աղջկան»;
«Դատարանը վճիռ է կայացրել եղբոր գործով, որը սպանել է քրոջը պատվի համար», «Հարազատ քրոջը սպանողի հանդեպ դատավճիռ է կայացվել» վերնագրի փոխարեն;
«16-ամյա Մարիֆ Ալիևը սպանել է իր մորը՝ 37-ամյա Մեդինա Գուրբանովային պատվի համար», «16-ամյա դեռահասը սպանել է սեփական մորը» վերնագրի փոխարեն:
Այս վերնագրերը ցույց են տալիս մի խնդիր և ստեղծում մեկ ուրիշը: Մի կողմից, դրանք ընդամենն արտացոլում են ադրբեջանական հասարակության հետամնաց մասի՝ կնոջը ցանկացած իրավիճակում մեղադրելու ցանկությունը: Մյուս կողմից, նրանք այդ հետամնացությունը զարգացնում են՝ ավելի վատթարացնելով խնդիրը:

Չիմանալով՝ ինչպես վարվել՝ կինը որոշել է ինքնասպան լինել


Նույնը վերաբերում է նաև գենդերային բռնության ցանկացած տեսակի մասին տրվող տեղեկատվությանը: Շատ տեղի լրագրողներ հաճույքով են հանրային դաշտի համար լուսաբանում անբարոյական կանանց մասին դատողություններ:
Մեկնաբանում է իրավապաշտպան, Ադրբեջանի կանանց ճգնաժամային կենտրոնի նախկին ղեկավար Մեթանեթ Ազիզովան.
«Լրատվամիջոցները մեծ ազդեցություն ունեն հասարակությունում գենդերային կարծրատիպերի ստեղծման հարցում, նրանք «լավ» և «վատ» կանանց կերպար են ստեղծում: Հոդվածները, տարբեր սյուժեները, հեռուստահաղորդումները բառացիորեն լի են գենդերային կարծրատիպերով: «Կինը պետք է… Կինը պարտավոր է…». այս բոլոր կարգախոսները հեռարձակվում են ԶԼՄ-ներով գրեթե ամեն րոպե: Օրինակ, կրոնական մարդուն որպես փորձագետի հրավիրում են կանանց իրավունքների մասին հաղորդման, և նա պատմում է, որ բաժանվելու որոշում կայացրած կինը մեղք է գործում և դա հակասում է կրոնական կանոններին: Գենդերային կարծրատիպը պատրաստ է: «Բաժանված կինը վատ է, դա մեղք է, արգելված է»: Լրատվամիջոցները նաև պրոպագանդում են օրինակելի մոր և հնազանդ կնոջ կերպարը, և եթե հերոսուհին համապատասխանում է այդ չափանիշներին, նա վերածվում է հասարակական քննադատության օբյեկտի. «Նրան ամուսի՞նն է ծեծել: Հենց այնպես չեն ծեծում: Երևի ուրիշի հետ է բռնեցրել: Երեկոյան սրճարանում վիրավորե՞լ են: Կինը երեկոյան պետք է տանը լինի: Լավ են արել»: Հենց այդ կարծրատիպերի պատճառով սովորական տեղեկատվությունը՝ կնոջ անվան հիշատակմամբ, կարող է լուրջ խնդիրների բերել»:
Նրա խոսքով՝ Ճգնաժամային կենտրոն օգնության են դիմել լրատվամիջոցների գործողություններից տուժած կանայք:
«Մեր կենտրոն վերականգնման էր եկել մի կին, որին քրեական հաղորդման մեջ են ցուցադրել: Ցույց են տվել նրա դեմքն ու հնչեցրել անունը: Նրան մեղադրում էին գողության համար: Որոշ ժամանակ անց քննությունը պարզեց, որ նա ոչինչ չէր գողացել: Սակայն նրան իր կամքին հակառակ ցույց էին տվել հեռուստատեսությամբ: Չիմանալով, թե ինչ անել՝ կինը որոշել էր ինքնասպանություն գործել: Բարեբախտաբար, նրան հաջողվեց փրկել, սակայն նա երկար ստիպված էր բուժում անցնել հագեբուժական կլինիկայում», – պատմում է Ազիզովան:
Ազիզովայի կարծիքով՝ հենց գենդերային կարծրատիպերն են հիմնական պատճառը, որ բռնաբարությունների մեծ մասն անպատիժ է մնում.
«Հիշում եմ մի կնոջ հետ զրույցը, որի աղջկան բռնաբարել էին: Հանցագործին պատժելու խորհրդին նա մերժումով պատասխանեց՝ դա փաստարկելով նրանով, որ միայնակ է դաստիարակում դստերը, և եթե տեղի ունեցածի մասին իմանան ազգականներն ու հարևանները, աղջիկը սպիտակ ագռավ կդառնա, ոչ ոք նրա հետ չի շփվի, ոչ ոք չի ցանկանա նրա հետ ամուսնանալ»:

Կայքերն աշխատում են «Շոկ» ոճով


Մի խնդիր կա. կարծրատիպերի զարգացումը վտանգավոր է ինքն իրենով, այն կարծես «փոխարինում է» գենդերային հարցերի գրագետ լուսաբանումը. գենդերային թեմատիկային և կենցաղային բռնությանը նվիրված գրագետ նյութերը կարելի է մատների վրա հաշվել:
«2000-ականների սկզբին կես տարվա ընթացքում «Խաչմերուկ» ծրագիրը, որում ես Ադրբեջանն էի ներկայացնում, գենդերային հարցեր էր լուսաբանում: Շատ դժվար էր սյուժեների համար հերոսուհի գտնել, քանի որ թեման նուրբ է, և մարդիկ չէին սիրում անկեղծանալ: Սակայն մենք ընդառաջ էինք գնում, մգեցնում էինք դեմքերը, բեմադրված կադրեր էինք օգտագործում», – պատմում է հայտնի լրագրող Քենան Գուլուզադեն:
Նրա խոսքով՝ այժմ լրատվամիջոցներում ամեն ինչ այլ կերպ է տեղի ունենում:
«Շատ կայքեր ընդհանրապես աշխատում են «ՇՈԿ» ոճով: Ընդ որում կայքերը դա անում են անկախ կոնֆլիկտի մասնակիցների ցանկության: Ես չեմ ասում, որ ամեն ինչի մասին պետք է լռել: Սակայն էթիկական նորմերը պետք է պահպանվեն: Կան միջոցներ, գործիքներ, որպեսզի լրատվամիջոցները ոչ ոքի կյանքը չփչացնեն: Սակայն վարկանիշի ետևից ընկնելը շրջանցում է բարոյական սահմանափակումները»:

Մի քանի կարծրատիպեր կան


Միֆն այն մասին, որ միշտ մեղավոր են բռնության զոհերը, միակը չէ: Ադրբեջանական հասարակությունում այլ կարծրատիպեր էլ կան:

  • Եթե ամուսինը կնոջը ծեծում է, դա մասնավոր ընտանեկան գործ է (ո՞ւմ հետ չի պատահում), որին պետք չէ խառնվել: Հետաքրքիր է, որ այդ տեսանկյունին են նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

  • Կինը պետք է ծեծին դիմանա ընտանիքը պահպանելու համար: Հաճախ այդպես են մտածում նաև զոհի ծնողները՝ հրաժարվելով նրան հայրական տուն ետ ընդունել բռնությունը դադարեցնելու համար:

  • Գենդերային բռնությունը միշտ ֆիզիկական դրսևորում ունի: Հոգեբանական ճնշումը, վախեցնելը, շանտաժն այդ թվին չեն պատկանում:


Փակ շրջան


Ադրբեջանի իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Էլդար Զեյնալովի պնդմամբ՝ ոչ թե լրագրողներն են փչացնում մեր հասարակությունը, այլ ինքը հասարակությունը, որը բարդույթներով ծանրաբեռնված է և այդպիսի հրապարակումներ է պատվիրում:
«Լրատվամիջոցներն իրենց փոքր տպաքանակով թերթերով և քիչ հաճախելիությամբ կայքերով պարզապես ի վիճակի չեն իրենց ընթերցողների մտածելակերպը փոխել: Կարելի է իհարկե լրագրողներին ոչ պրոֆեսիոնալիզմի, մակերեսայնության համար մեղադրել (և նրանցից ոմանք արժանի են այդ կշտամբանքին): Սակայն ուսումնասիրենք Ադրբեջանում տարածված առցանց պարբերականները և վերլուծենք թոփ նորությունները: Հենց հիմա:
Առաջին լրատվամիջոց. «օրենքով գողը» ծեծել է «օրենքով գողի հավակնություն ունեցողին»; «մամա Ռոզան» զինվորների մթերքը իր տանն է պահել; երգչուհին հաշտվել է օլիգարխի հետ և Lexus է նվեր ստացել; Ադրբեջանի վաստակավոր երգչուհու աղջիկն ամուսնանում է արտասահմանցու հետ: Եվ մի քիչ Ղարաբաղի մասին:
Երկրորդ լրատվամիջոց. դեպի սգո վրան տանող ճանապարհն ասֆալտապատել են; պաշտոնյան աղջկա հարսանիքն արել է $400 հազար դոլարով; օլիգարխների ընտանիքը պատրաստվում է վաճառել ողջ իր սեփականությունը: Եվ մի քիչ՝ Ղարաբաղի մասին:
Երրորդ լրատվամիջոց. եղանակի մասին; ապահովագրական ընկերության տնօրենը սպանվել է գլխին հարվածելու միջոցով: Եվ այո, մի քիչ Ղարաբաղի մասին:
Արդիական խնդիրներից ոչ մեկը, օրինակ, Իսլամիադան, բանկային համակարգի ճգնաժամը, գործազրկությունը, գյուղատնտեսության անկումը, ապահարզանների թվի աճը, չնայած որ կան լրահոսում, թոփ նորությունների մեջ չեն հայտնվում: Եվ չեն հայտնվի, քանի որ դրանք միջին վիճակագրական ընթերցողի համար շատ ավելի պակաս հետաքրքրություն են ներկայացնում, քան շոուբիզնեսի սկանդալները: Վիճակագրությունը համառ բան է», – վստահ է իրավապաշտպանը:
Նրա կարծիքով՝ կնոջ վարքի կարծրատիպից ցանկացած շեղում ադրեբջանական հասարակությունում իրարանցում է առաջացնում, իսկ լրագրողները, սենսացիաների հետևից ընկնելով, տարածում են նման նորությունները:
«Բանտարկյալ տղամարդը կարող է նստելու ժամանակահատվածում մի քանի անգամ հայր դառնալ. դա ոչ ոքի չի հետաքրքրում: Սակայն երբ կինը հղիացավ, այդ թեման մի քանի շաբաթ չէր լքում թոփ լուրերի շարքը»:
Այսպիսով, լրատվամիջոցները տարածում են այն, ինչ «պատվիրում է» հասարակությունը: Հասարակական կարծիքը սնվում է հրապարակումներով և սյուժեներով, որոնք տարածում են ԶԼՄ-ները: Փակ շրջան է ստացվում:

Ի՞նչ անել


Քենան Գուլուզադե, լրագրող. «Կա օրենք, կա դատարան, կա Ռադիոհեռարձակման խորհուրդ և Մամուլի խորհուրդ: Մարդը, որի անձնական տարածք լրագրողներ են ներխուժել, կարող է նորմատիվ ակտերի և այդ կազմակերպությունների միջոցով պատժել մեղավորներին: Սակայն դա ներկայիս վակխանալիայի առկայության դեպքում քիչ է: Այդ հարցում պրոգրեսը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե տեղեկատվության սպառողը փոխի կարծրատիպերը: Այսինքն, եթե պահանջարկ չլինի, ոչ ոք այդ թերի ապրանքը չի գնի»:
Լեյլա Լեյսան, լրագրող. «Ելքը միայն մեկն է. մամուլի և գովազդի մասին օրենքներում փոփոխություններ մտցնելը և սեքսիստական գովազդի, սյուժեների և հրապարակումների օգտագործման համար տուգանքների ներմուծումը: Էթիկա սովորեցնել լրագրության ֆակուլտետներում իմաստ չունի, քանի որ մեր ԶԼՄ աշխատակիցների մեծ մասը հատուկ կրթություն չունի»:
Էլդար Զեյնալով, իրավապաշտպան. «Շատ լրատվամիջոցներ ապահովագրված են այս կամ այն օլիգարխի հովանավորչությամբ, որ դա չաշխատի: Սակայն կարելի է փորձել, ծայրահեղ դեպքում կարելի է հասնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Չէ՞ որ թերթը կամ հեռուստաալիքը կարող են մասնավոր լինել, սակայն դատարանը պետական հաստատություն է, և եթե այն անարդարացի է մասնավոր լրատվամիջոցի դեմ մասնավոր բողոքի քննման ժամանակ, ապա մեղավոր է արդեն պետությունը»:
Մեթանեթ Ազիզովա, իրավապաշտպան. «Եթե մարդիկ ավելի շատ կրթվեն, շփվեն, մարդկանց օգնեն, այլ մարդկանց ցավը, խնդիրները զգան, ինչ-որ բան կփոխվի: Լրատվամիջոցները տալիս են այն, ինչ պահանջում է հասարակությունը, իսկ հասարակությունն այսօր պահանջում է արյուն, միս և տեսարժան բաներ»:
«Իսկ ի՞նչ էր նա անում գիշերվա կեսին փողոցում», – հարցադրում են անում մեր հասարակության որոշ ներակայցուցիչներ՝ կարդալով բռնաբարության մասին նորությունը: Իբր՝ ինքն է հասցրել: «Կարգին կանայք գիշերները տանն են նստում», – վստահ են նրանք: Այդ վստահությունն ավելի շուտ կանոն է, քան բացառություն. կանայք սադրում են բռնարարներին ամենատարբեր ձևերով՝ բաց հագնվելով, հարբած լինելով, բարում գտնվելով, ինչն արդեն խայտառակություն է և այլասերվածության նշան: