10 կայք` Ցեղասպանության մասին

May 26, 2015

WWW.ARMENIANGENOCIDE100.ORG
Հիշում եմ և պահանջում՝ Armeniangenocide100.org-ը Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական կայքն է: Այցելուները կարող են 5 լեզվով ծանոթանալ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին եւ դրանց անցկացման ժամանակացույցին, ընթերցել 100 տարի առաջ հայկական ու արտասահմանյան մամուլում տպագրված հոդվածները: «Մշակութային եղեռն»՝ կայքի այս բաժնում հայ ժողովրդի կորցրած պատմամշակութային հուշարձաններն են:  «Ճանաչում» այստեղ են այն պետությունները, միջազգային, մարդասիրական կազմակերպությունները, որոնք ճանաչել են ցեղասպանությունը:  «Պատմի՛ր քո պատմությունը»՝ այստեղ  այցելուները պատմում են իրենց ընտանիքի, նախնիների, ականատեսների պատմությունը: Նախագծի նպատակը ոչ միայն տեղեկատվական բազա հավաքելն է, այլ նաև տեղեկացնելը: Կրտսերները ընտանիքի ավագներից կճշտեն ընտանիքի պատմությունը, որը հաճախ չի պատմվում: «Գրադարան» բաժնում էլ այցելուները կգտնեն հարուստ ֆոտոարխիվ, վիզուալ նյութեր, գրքեր և հրատարակություններ:
WWW.100LIVES.COM
Պատմել այն, ինչ անհրաժեշտ է. www.100lives.com-ը աշխարհին է ներկայացնում հարյուր եւ ավելի ցեղասպանությունից փրկված կյանքերի անհայտ պատմություններ: Նախագծին կից ստեղծվել է հայտնի պատմաբաններից կազմված խորհուրդ, որը մշակում և ճշգրտում է պատմությունները, որոնք տարածվում են 5 լեզվով: Նախագծի շրջանակում թվայնացվում է տարբեր երկրների արխիվներում պահվող՝  ավելի քան  600  հազար էջ փաստաթուղթ, նաև Հայաստանի ազգային արխիվի ժառանգությունը: Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 LIVES նախագիծը վերածննդի մասին է: Երախտագիտության տուրք է նրանց, ովքեր փրկության ձեռք են մեկնել և հայ ժողովրդին վերածնվելու հնարավորություն տվել: 100 LIVES նախագծի համահիմնադիրներն են IDeA-ի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ամերիկաբնակ հայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանն ու Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը:
WWW.2015RTAG.COM
«#2015RTAG. Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը» նախաձեռնությունը պաշտոնական կայք ունի 7 լեզվով: Կայքում տեղադրվում են այն մարդկանց լուսանկարները, որոնք  մասնակցել են շարժմանը և լուսանկարվել «#2015RTAG. Recognize The Armenian Genocide» գրությամբ պաստառով: Շարժմանն արդեն միացել են հազարավոր մարդիկ, նաև Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Սփյուռքի և Մշակույթի նախարարները, Հրանտ Դինքի իրավապաշտպան Ֆեթիե Չեթինը, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն: Այս նպատակով Facebook-ում և Twitter-ում բացվել է հատուկ էջ, որտեղ տեղադրվում են շարժմանը միացած մարդկանց նկարները: Շարժումը սկսել է Մարսելի հայ համայնքը, որը ցանցում տարածում է Ցեղասպանությունը ճանաչելու կոչը:
WWW.100 YEARS100FACTS.COM
«100 տարի, 100 փաստ» նախագիծը  շաբաթը  երկու անգամ հրապարակում է Ցեղասպանությունն ապացուցող փաստեր: Ներկայացնում է  հայտնի հայերի կյանքը, հայկական սփյուռքի համայնքները և մշակույթի այլ տարրեր, նաև` կրոն, լեզու, գրականություն, ժամանց: Նախագիծը ակադեմիական բնույթ չի կրում, բայց հեղինակներները ձգտել են հավատարիմ մնալ ակադեմիական կանոններին: Առցանց նախաձեռնության նպատակը հայոց պատմության և մշակույթի մասին տեղեկացնելն է: Նախագիծը մեկնարկել է 2014-ի ապրիլի 24-ին, գլխավոր փաստը կհրապարակվի 2015-ի ապրիլի 24-ին: Արշավն օգտագործում է սոցիալական մեդիայի հնարավորությունները: Կապված է Facebook, Twitter, Instagram, և Google+ սոցցանցերին: Կայքը գործում է անգլերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն և իսպաներեն լեզուներով: Նախագիծը Լոս Անջելեսում բնակվող Լենա Ադիշյանի և Նարեկ Սեֆերյանի նախաձեռնությունն է:
WWW.GENOZID1915.DE
Գերմանալեզու կայքի ուշադրության կենտրոնում թուրք ազգայնական Դողու Փերինչեքի գործով դատավարությունն է: Կայքը ներկայացնում է լուսանկարներ, տեսանյութեր, արխիվային փաստաթղթեր, լուսաբանում է նաև ԳԴՀ հայկական համայնքի աշխատանքը: Genozid1915.de-ի թիրախային լսարանը Եվրոպայի գերմանալեզու բնակչությունն է։ Կայքը փորձում է գերմաներեն լրացնել տեղեկատվական բացը։ Ստեղծվել է Գերմանիայում, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման հանձնախումբը:
WWW.ARMENIANGENOCIDE100.GR
Հունաստանում գործարկված կայքը «Արմենիքա» խմբագրության նախաձեռնությունն է: Armeniangenocide100.gr-ի նպատակը հույն հասարակությանը 20-րդ դարի ոճրագործությունը ներկայացնելն է, որը 100 տարի անպատիժ է: Պատմության լավ տիրապետումը անհրաժեշտ է պատմական ճշմարտությունը հաստատելու համար, հատկապես, երբ աշխատում է հակահայկական թուրքական հսկայական քարոզչամեքենան: Առանձին բաժնում ներ­կա­յա­ցվում է Ցեղասպանության ժա­մա­նա­կագ­րու­թյու­նը: Կան անձ­նա­կան վկայու­թյուններ, լուսանկարներ, գր­քե­ր, ներկայացվում են Հունաստանում ­հայ գաղ­թա­կան­նե­րի  հաս­տատ­ման ա­ռա­ջին տա­րի­նե­րի ի­րա­վի­ճա­կն ու տարբեր կա­ռույց­նե­րի ստեղծումն ու կա­յացումը: Armeniangenocide100.gr-ում տեղ են գտել նաև Ցեղասպանության մասին միջազգային մամուլից տեղեկություններ, որոնք մեծ դեր են խաղացել հան­րա­յին կար­ծի­քը ձևավորելու և աշխարհին հայության պահանջատիրությունը ներկայաց­նե­լու գործում:
WWW.YEAR100.ORG
Ինչպես է աշխարհում հիշատակվում Ցեղասպանություն 100-րդ տարելիցը՝ Year100.org-ը համախմբում է բոլոր միջոցառումները: Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի նախագիծը հրապարակումների, համաժողովների, գիտաժողովների ուղեցույց է: Կայքում միջոցառումներ կարող է ավելացնել յուրաքանչյուրը: Կարելի է տեսնել, ինչ աշխատանքներ են ընթանում  Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: Year100.org կայքը եռալեզու է, ներկայացված է անգլերեն, հայերեն և թուրքերեն: Նախաձեռնության նպատակը Ցեղասպանության ճանաչման թեմայով իրադարձությունների ամբողջական ներկայացումն է՝ առանց նախնական ընտրության:
WWW.GENOCIDECENTENNIAL.CA
Ցեղասպանության Կանադայի հանձնաժողովի կայքը ներկայացվում է 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, կատարվածի ժամանակագրությունը, կոտորածից հետո կանադահայ համայնքի ձևավորման պատմությունը: Կայքը պատմում է Ջորջթաունի  հայկական որբանոցի մասին, այնտեղ ապրող 109 տղաների մասին, որոնք տեղափոխվել են Կանադա  1923-1927 թթ.:  Genocidecentennial.ca-ի նպատակն է կանխարգելել մարդկության դեմ կատարված հանցագործությունները` ջանքերն ուղղելով  Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը:
 WWW.ARMENIANGENOCIDE.COM.AU
Ավստրալիայում Ցեղասպանության կրթական ծրագրի նախագիծն է: www.armeniangenocide.com.au-ն աչքի է ընկնում կրթական մեծ բազայով: Նխատակն Ավստրալիայում պատմություն դասավանդող ուսուցիչներին և աշակերտներին ծանոթացնելն է հայերի, հույների ու ասորիների Ցեղասպանությանը: Կայքը ուսանողների համար առանձնացնում է այն աղբյուրները, որոնց օգնությամբ կարելի է ծանոթանալ պատմական դեպքերին: Նյութերը ավստրալական արխիվներից են, որտեղ կան ականատեսների վկայություններ, ավստրալիայի վերաբերմունքը մերժման ու ճանաչման պատմությանը: Դրանք ուղեկցվում են ֆոտո-վիդեո արխիվով: Հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2008-ին, այն համախմբում է ավստրալահայ համայնքը:
WWW.REMEMBERANDDEMAND.ORG
Ցեղասպանության ճանաչման ուղղված աշխատանքները չեն ավարտվում ապրիլի 24-ին:
Հյուսիսիային Կալիֆոռնիայում Ցեղասպանության 100-րդ տարելիցի կոմիտեի՝ www.rememberanddemand.org-ի օրակարգում արդեն երկու միջոցառում կա մայիսի համար: Կոմիտեն Հյուսիսային Կալիֆոռնիայի 50-ից ավելի հայկական եկեղեցիների, մշակութային և երիտասարդկան կազմակերպությունների համակարգողն է: Ցեղասպանության 100-րդ տարելիցին տարբեր ակցիաներ և հիշատակի երթեր են լինելու: Կոմիտեի աշխատանքի առանցքում Ցեղասպանության միջազգային ճանաչումն է: Արտաքին ժխտողական քաղաքականության պատճառով է, որ շարունակվում են մարդկության դեմ իրականացվող ոճրագործությունները,  ինչպես՝ մասսայական սպանությունները Դարֆուրում, Սուդանում, Կամբոջայում: