Վրաստանի առաջին տիկնոջ եղբայրը դատապարտվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու համար

April 25, 2017

Զենքի ապօրինի պահպանման համար Գիորգի Մգալոբլիշվիլին բանտում 4 տարի կանցկացնի: Մգալոբլիշվիլին իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձերբակալվել է 2017թ-ի հունվարին զենք ձեռք բերելու, պահպանելու և կրելու համար: Հունվարի 13-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը որպես խափանման միջոց կիրառել է նախնական կալանքը: Իսկ այսօր նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:
Սա Մգալոբլիշվիլիի առաջին դատվածություն չէ: Մի քանի տարի առաջ Մգալոբլիշվիլին լքել է քրեակատարողական հիմնարկը նախագահի ներման արդյունքում:
Նախագահ Մարգվելաշվիլիի ընտանիքի անդամները բազմիցս իրավապահ մարմինների հետաքրքրության օբյեկտ են դարձել:
– Նախորդ տարվա հուլիսին դատախազություն է կանչվել նախագահի փեսա Մինդիա Գոգոչուրին: Լրատվամիջոցները հաղորդում էին, որ գործը վերաբերում է թմրանյութերին:
– 2017թ-ի մարտին սկանդալ տեղի ունեցավ նախագահի փեսայի ընկերոջ՝ Միխայիլ Թաթարաշվիլիի կալանավորման շուրջ: Ոստիկանությունը նրա մոտից սուբոտեքսի 18 հաբ էր առգրավել, չնայած որ նախագահական ընտանիքի անդամները պնդում են, որ թմրանյութը Թաթարաշվիլիի գրպանն են գցել:
– Այդ միջադեպից հետո լրատվամիջոցներում ակտիվացավ նախագահի աղջիկը՝ Աննա Մարգվելաշվիլին: Նա մասնակցեց «Ռուսթավի-2» հեռուստաալիքի քաղաքական թոք-շոուում և հայտարարեց, որ նախագահի ընտանիքի անդամներին, ինչպես նաև անձամբ իրեն անվտանգության ծառայության աշխատակիցները մշտապես հետևում են:
– Աննա Մարգվելաշվիլին կտրուկ քննադատեց իշխանությունների նարկա քաղաքականությունը: Նրա խոսքով՝ Վրաստանում տարածված պրակտիկա է դարձել իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից մեկի գրպանը թմրանյութ գցելը:
– Նախագահի աղջիկը Ֆեյսբուքում իշխանությունների նարկա քաղաքականության դեմ ակտիվ արշավ սկսեց և մասնակցեց բողոքի ակցիային:
Ինքը՝ նախագահ Մարգվելաշվիլին, դեռևս նախորդ տարվա հուլիսին հատուկ բրիֆինգի ժամանակ մեղադրեց որոշ իշխանական շրջանակներին իր ընտանիքի անդամներին հետապնդելու համար:
-Գիորգի Մարգվելաշվիլին Վրաստանի նախագահ է դարձել 2014թ-ին: Ընտրություններին նրա թեկնածությունն առաջադրել է իշխող «Վրացական երազանքը», նրան աջակցում էր անձամբ Բիձինա Իվանիշվիլին: Սակայն ընտրություններին հաղթանակ տանելուց հետո Մարգվելաշվիլիի և Իվանիշվիլիի միջև մի շարք հարցերի շուրջ հակասություններ առաջացան: Իվանիշվիլին, որը Վրաստանի ոչ ֆորմալ ղեկավարն է, լրագրողներին հայտարարել է, որ իր կյանքի ամենամեծ սխալն է գործել՝ Գեորգի Մարգվելաշվիլիին որպես նախագահի թեկնածու առաջադրելով: Իվանիշվիլիի այդ հայտարարությունից հետո Մարգվելաշվիլին դարձել է իշխող թիմի  խորհրդարանական գրոհների օբյեկտ:
Թբիլիսիի քաղաքային դատարանը Գիորգի Մգալոբլիշվիլիին՝ Վրաստանի առաջին տիկնոջ՝ Մակա Չիչուայի եղբորը, 4 տարվա ազատազրկման է դատապարտել:

JAMnews