Ես ահաբեկչական հարձակում եմ վերապրել. ահա, թե ինչ եմ սովորել

June 22, 2016

Երբեք չէի մտածի, որ 19-ամյա մահապարտն ինձ արժեքավոր դաս կտա: Նա ինձ սովորեցրեց երբեք առանց ճանաչելու ենթադրություններ չանել մարդու մասին:
2005-ի հուլիսին մահապարտն ու ես պատահաբար և միաժամանակ նույն վագոնը նստեցինք: Կանգնած էինք կողք կողքի: Ես նրան չտեսա: Իրականում ոչ մեկին էլ չէի տեսնում: Մետրոյում ոչ մեկին էլ չես նայում, բայց, կարծում եմ, նա ինձ տեսավ: Բոլորիս էլ մի լավ տնտղել էր, երբ ձեռքը պայթուցիկի կոճակի վրա էր: Ինձ միշտ հետաքրքիր է եղել, թե ինչ էր նա մտածում հատկապես վերջին պահին:
Գիտեմ, որ անձնական ոչինչ չկար: Նա չէր մտադրվել սպանել ինձ կամ մյուսին: Նա ինձ չէր ճանաչում: Փոխարենը նա ինձ «թշնամի» պիտակն էր կպցրել: Ըստ նրա՝ ես «ուրիշ» էի: Դա թույլ տվեց նրան սեղմել այդ կոճակը: Նա ոչ ոքի ընտրողաբար չէր մոտեցել:

Միայն մեր վագոնում  26 մարդու կյանք խլեց, և ես էլ կարող էի լինել զոհերից մեկը:

Ընդամենը մի պահ, որը բավարար է շունչ առնելու համար… Մենք այն աստիճան խորասուզվեցինք մթության մեջ, որ խավարը դարձավ շոշափելի: Մենք չգիտեինք, որ «թշնամի» էինք: Մենք պարզապես մի խումբ ուղևորներ էինք, որոնք մի րոպե առաջ հետևում էին մետրոյի վարքկանոնին՝ աչքի ոչ մի կոնտակտ և խոսք ու զրույց:
Երբ դուրս էինք գալիս խավարից, օգնում էինք իրար: Մեր անուններն էին արտաբերում ներկա-բացակայի պես՝ սպասելով պատասխանի:
- Ես Ջիլն եմ: Ես այստեղ եմ, լավ եմ:

Ես չէի ճանաչում Էլիսոնին, բայց ամեն րոպե լսում էի նրա ձայնը: Ռիչարդին էլ չգիտեի, բայց իմացա, որ փրկվել է:
Ամենն, ինչ նրանք գիտեին իմ մասին, անունս էր: Նրանք չգիտեին, որ դիզայներների խորհուրդ եմ ղեկավարում, չգիտեին, որ ճարտարապետական և դիզայներական ամսագրեր եմ հրապարակում, որ այդ օրը սև էի հագել, ջին էի խմել և «TED Talk»-եր էի նայում ու երբեք չէի երազի, որ մի օր այստեղ պրոթեզների վրա կանգնած ինքս կխոսեմ:
Ես երիտասարդ ավստրալուհի էի, որն արտասովոր բաներով էր զբաղված Լոնդոնում: Եվ ես պատրաստ չէի վախճանին: Այնքան էի ուզում ապրել, որ մի պահ անջատվեցի ամեն ինչից, թուլացրի շնչառությունս, բարձրացրի պոկված վերջույթներս: Ինձ ուղղահայաց դիրքով էի պահել և հազիվ էի զսպում, որ չփակեմ աչքերս:
Մոտ մեկ ժամ այդպես մնացի, մտքով հետ գնացի ու վերլուծեցի ամբողջ կյանքս՝ մինչև պայթյունը:

Բնականաբար, կարող էի ավելին արած լինել և ավելին տեսած: Գուցե պետք է վազքով զբաղվեի, պարով, յոգայով, բայց իմ ամբողջ ուշադրությունն ու ժամանակը միշտ կենտրոնացրել էի աշխատանքի վրա: Ես ապրում էի աշխատելու համար: Թե ով էի ես իմ բիզնես քարտով, միայն ինձ էր հետաքրքիր, իսկ այդ քաոտիկ թունելում դա ոչինչ չէր նշանակում:
Երբ ես զգացի փրկարարներից մեկի հպումը, անկարող էի խոսել, նույնիսկ մի կարճ բառ արտասանել, ինչպես օրինակ՝ Ջիլ: Մարմինս հանձնեցի նրանց: Ամեն հնարավորն արել էի, հիմա ես նրանց ձեռքերում էի:
Ես հասկացա, թե ով է մարդն իրականում, երբ ինձ հիվանադանոց ընդունեցին և ID պիտակի վրա գրեցին՝ ոմն կին, ինքնությունն՝ անհայտ: Այս չորս բառերն ինձ համար իսկական նվեր էին: Դրանք ինձ պարզորոշ հասկացնել տվեցին, որ կյանքս փրկված է միայն այն պատճառով, որ մարդ եմ: Փրկարարի համար տարբերություն չկա, թե ում կյանքն է փրկում՝ վտանգելով իրենը: Նրանց համար կարևոր չէ՝ հարո՞ւստ ես, թե՞ աղքատ, կի՞ն ես, թե՞ տղամարդ, սեքսուալ կողմնորոշում, քաղաքական և կրոնական հայացքներ, կրթություն: Ոչինչ այնքան արժեքավոր չէ, որքան մարդն ինքնին:
Ես ապրող վկայությունն եմ այն բանի, որ առանց նախապայմանների սերն ու հարգանքը կարող են ոչ միայն փրկել, այլև կյանքներ փոխակերպել:

Այդ քաոսի մեջ իմ ձեռքն ամուր բռնել էին: Ի՞նչ էի զգում: Զգում էի, որ ինձ սիրում են: Ատելությունից ու վրեժից զգացումից ինձ պաշտպանում ու քաջություն էր տալիս այն միտքը, որ ինձ սիրում էին, իմ մասին հոգ էին տանում:
Ես գիտեմ, թե ինչի ենք մենք ընդունակ, ճանաչում եմ մարդու վեհությունը: Դա ինձ թույլ է տալիս խորհելու՝ արդյո՞ք մեզ միավորողը շատ ավելի հզոր ու մեծ չէ, քան բաժանողը: Պետք է պարտադիր աղե՞տ լինի, որ հասկանանք, թե որքան կապված ենք իրար՝ որպես մարդկային էակներ: Ե՞րբ պետք է ընդունենք դարի իմաստությունը, միմյանց պարզապես հանդուրժելուց ավելի առաջ գնանք և ընդունենք մարդկանց՝ մինչև նրանց անձնապես ճանաչելը:
http://www.ted.com/talks/gill_hicks_i_survived_a_terrorist_attack_here_s_what_i_learned?language=en